Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են ձերբակալել Վալերի Պերմյակովին. (Տեսանյութ)

Փետրվար 05,2016 13:53

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր ընթանում է Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Դատարանը այսօր լսելու է 16 վկաների, նրանցից 14-ը Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի աշխատակիցներ են: Այս պահին դատարանը լսում է Միխայիլ Խաչատրյանին: Վերջինս պատմեց, թե ինչպես են ձերբակալել Վալերի Պերմյակովին: Նա ասաց, որ 2015թ. հունվարի 12-ին, առավոտյան ժամը 4-ին հրաման են արձակել այն մասին, որ սկսեն որոնողական աշխատանքներ, որ զորամասից ռուս զինծառայող է փախել: Ըստ վկայի՝ ժամանելով փախուստի վայր, գնացել են շան հետքերով: Որոնողական աշխատանքները կատարել են մի քանի մետր տարածության վրա: Հասել են ինչ-որ սեփական տուն եւ իրենց են միացել քաղաքացիական հագուստով երկու անձինք, որոնք ՀՀ ոստիկանությունից էին: Վկան ասաց, որ շունը 200 մետր տարավ այդ ուղղությամբ, հետո դադարեց «աշխատելը»: (Նկատենք, որ վկան խոսում է ռուսերեն, թարգմանիչն էլ բավական դժվարությամբ է իր մտքերը շարադրում հայերեն: Երբեմն, դատավոր Մովսիսյանն է ուղղում, որպեսզի հայերեն միտքը հասկանալի լինի):

«Դրանից հետո հրամանատարից հրաման ստացա գնալ սահմանային ուղեկալ: Երբ գնացի ուղեկալ, վերջին նորությունները լսել եմ այնտեղ: Դրանից հետո սկսել ենք ուժեղացված ռեժիմով աշխատել»: Վկան ասաց, որ լույս 13-ի գիշերը երբ հասել է ծառայության վայր, տեսել է լապտերի լույս է ընկած. «Երբ տեսա լույսը ու զորամասի հրամանատարին ասացի այդ մասին, թույլ ենք տվել, որ անծանոթը մոտենա: Երբ հարցրեցինք ո՞վ ես, ասաց՝ ես ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Այդ պահին հասկացա, որ նա փնտրվող անձն է: Հրաման արձակեցի չշարժվել, բայց նա շարունակում էր շարժվել: Նախազգուշական կրակ արձակեցի, նա կանգ առավ, հրամայեցի պառկել գետնին: Դրանից հետո սահմանապահ ուղեկալ եկավ օպերատիվ խումբը: Նրա մոտ կային երեք հեռախոս, դրամական միջոցներ: Դրանից հետո սերժանտին խնդրեցի օգնել ինձ, տեղյակ ենք պահել զինվորական մասի հրամանատարին: Դրանից 30 րոպե անց ժամանել է հրամանատարը»: Փաստաբան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց՝ արդյոք վկան այդ ամբողջը պատմել է հայ քննիչներին: Վկան ասաց, որ իրեն այդ մասին հայ քննիչները հարցեր չեն տվել:

Սակայն Լուսինե Սահակյանը նկատեց՝ դուք ազատ շարադրանքի ժամանակ ասել եք, որ զինծառայողի փախուստի մասին տեղեկացել եք առավոտյան ժամը 8.15, եթե գնացել էիք փնտրելու, ինչո՞ւ չեք ասել քննիչներին, հատկապես երբ նրանք հետո հարցեր են տվել: Վկան ասաց, որ 8.15 ինքը պաշտոնապես է իմացել փախուստի մասին: Փաստաբանը փորձում էր հասկանալ որոնողական աշխատանքներ կատարելու եւ Պերմյակովին ձերբակալելու հստակ ժամանակահատվածը: Նա սկսեց հաշվարկներ անել, թե վկայի զորամաս հասնելը, շան փնտրտուքը, մոտական տներում Պերմյակովին փնտրելը քանի՞ ժամ է տեւել: Վկայի պատասխանները հակասական էին: Փաստաբանը հետաքրքրվեց՝ ի վերջո, քանի հոգով են ձերբակալել Պերմյակովին: Վկան ասաց, որ ձերբակալել են ինքն ու սերժանտ Սմբուլյանը, այնուհետեւ ժամանել է օպերատիվ խումբը: Լուսինե Սահակյանի հարցին, թե ո՞վ եկավ, ո՞ւմ մեքենայով տարան Պերմյակովին, Միխայիլ Խաչատրյանն ասաց, որ եկել է «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, Պերմյակովին այդ մեքենայով տարել են Ախուրիկի ուղեկալ: Ըստ վկայի՝ տվյալ տարածքում հայտնաբերված դասալիքներին սովորաբար տանում են Ախուրիկի սահմանապահ զորամաս: Հարցին, թե ե՞րբ են եկել հայերը, վկան նաեւ ասաց, որ Պերմյակովին տանելուց հետո են նրանք եկել, հարցրել են, թե ինչ ուղղությամբ են տարել, իրենք էլ ցույց են տվել: Պերմյակովին ձերբակալել են Բայանդուր ուղեկալի մոտ, որը տեղակայված է Երազգաորս գյուղի մոտ:

Վկայի հարցաքննությունը տեւեց բավական երկար՝ մոտ 1 ժամ: Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29