Փետրվարի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն և Վրաստանի ոստիկանության կցորդ Կամո Գալուստյանին՝ Հայաստանում դեսպանի առաքելության ավարտի կապակցությամբ:
Շնորհակալություն հայտնելով դեսպանին 5 տարվա ընթացքում նախարարության հետ արդյունավետ աշխատանքի համար՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ դեսպանի առաքելության ավարտով չեն վերջանում ընկերական ջերմ հարաբերությունները երկու երկրների միջև՝ ընդգծելով, որ Վրաստան-Հայաստան համագործակցությունը շարունակվելու է նույն բարձր մակարդակում:
Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին՝ դեսպան Շարմանաշվիլին նշեց. «Իմ առաքելության 5 տարիների ընթացքում, երբ Վրաստանում արտակարգ իրավիճակ էր և ձեր օգնության կարիքը կար, Հայաստանը միշտ եղել է մեր կողքին, ինչի համար շատ երախտապարտ եմ»:
Նշենք, որ արտակարգ իրավիճակների բնագավառում ՀՀ ՏԿԱԻՆ-ի և Վրաստանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև համագործակցությունը հիմնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև 1997թ. մայիսի 3-ին Երևանում ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթների վրա:
ՀՀ ՏԿԱԻՆ