«Կոալիցիայի թեման փակված է, բայց մեր խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք այլ կերպ են մտածում, որոնք կարծում են, որ լինելով կոալիցիայում՝ շատ ավելի արդյունավետ կկարողանան իրականացնել մեր ծրագրերը: Ես և իմ մի քանի գործընկերներ չենք կիսում այս տեսակետը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հերթական անգամ անդրադառնալով ԲՀԿ-ի`ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու վեճերին, ասաց ԲՀԿ կուսակցության եւ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Կոալիցիային «դեմ» թեւն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հարգանքով է վերաբերվում «կողմ» թեւին`հուսով, որ դա փոխադարձ է: Իսկ իշխող քաղաքական ուժի հետ հնարավոր համագործակցության մասին, ըստ նրա, կարելի է խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի քաղաքական խճանկարը, այսինքն` մինչ խորհրդարանական ընտրությունները կոալիցիան բացառվում է:
Անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա հրապարակմանը, թե ԲՀԿ որոշ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացնելու համար, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ինքն էլ է լրագրող եղել և գիտի`«սովորաբար լավ դիտում են ունենում այն նյութերը, որոնց գույները խտացված են»:
Իսկ ՄԻՊ-ի պաշտոնում, ԲՀԿ-ն առաջադրելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: «Գուցե այս պահին Մակարի անունը ձեզ բան չի ասում, բայց լուրջ փորձառություն ունի և ես կարծում եմ, որ ահա այդպիսի երիտասարդներ են, որ կարող են իրականացնել իրավապաշտպանի գործը»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ում հարգում են Զարուհի Փոստանջյանին, ՄԻՊ պաշտոնում տեսնում են մեկին, որն անաչառ է .«Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանը խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի և ես կարծում եմ ՄԻՊ-ը պետք է չլինի խիստ ընդգծված արմատական գործիչ, կամ խիստ իշխանամետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ