Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Աղվան Վարդանյանի, ՀՅԴ-ում հասկանում են, որ ՀՀԿ-ում «հրեշտակներ չեն»

Փետրվար 05,2016 13:09

«Մենք ունենք երեք խնդիր, որոնք լուծելու համար աշխատանք, քննարկումներ եւ ժամանակ է հարկավոր»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության շուրջ ընթացող բանակցությունների մասին: Առաջին խնդիրն այն է, որ համագործակցության ընթացքում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն հասարակությունը համատեղ ասելիք ունենան. «Պետք է տեղեկացնենք թե ինչ եք ծրագրել, ինչ ենք մտադիր անել»: Երկրորդն, ըստ Աղվան Վարդանյանի, անկախ համագործակցության ձեւաչափից, որոշումների համատեղ կայացումն է: Երրորդն էլ՝ պատասխանատվությունը տարբեր ոլորտներում:

Աղվան Վարդանյանը կարծում է, որ շատերը փորձեցին «կռիվ գցել» ՀՀԿ-ի եւ ՀՅԴ- միջեւ, բայց, Դաշնակցությունը չի հրաժարվի իր առջև դրված կարևոր խնդիրները լուծելու ծրագրից: Առաջին քայլը նոր Սահմանադրության կյանքի կոչումն է. «Նոր Սահմանադրությունը, նոր համակարգը երկրում սկիզբ են դրել միահեծան իշխանության ավարտին և դա պետք է իրականացնել»:

Հարցին`ՀՅԴ-ում հավատո՞ւմ են, որ մեկ տարում կրող են երկրում փոփոխություններ լինել, Աղվան Վարդանյանը հակադարձեց. «Գոնե կարող ենք նոր համակարգը կյանքի կոչել, քանի որ մենք գտնում ենք, որ ուժերի միավորումը կարող է արդյունք տալ: Մենք հավատում ենք, որ մի երեք ամսում էլ բավարար է հույս առաջացնելու համար: Մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ն զվարթնոց չէ, այսինքն՝ հրեշտակարան: Պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, սակայն ամեն քաղաքական ուժ ունենում է իր հստակ քաղաքական առանցքը»:

Անկախ ամեն ինչից, Աղվան Վարդանյանը կանխատեսում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը երկարաժամկետ կլինի. Ապագա համագործակցության շուրջ էլ են քննարկումներ ընթանում. «Եթե կարողանանք լավ հիմք դնել և փոփոխությունների հույս առաջացնել, այո, կլինի հետագա զարգացում: Քաղաքական ուժը կես տարվա համար անելիքներ չի պլանավորում»:

Պորտֆելների մասին հարցին էլ ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց. «Պաշտոնները առանցքային և ոչ առանցքային են, բանակցություններ են ընթանում, առաջարկություններ են լինում, ճշտում ենք, թե ո՞վ ո՞ր պորտֆելով կարող է ավելի լավ և արդյունավետ աշխատել»:

Ի դեպ, ՄԻՊ-ի պաշտոնում ՀՅԴ-ն ևս կսատարի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, քանի որ խոստացել են: Իսկ ՀՀԿ-ի նախընտրելի Արման Թաթոյանին պարզապես չեն ճանաչում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    շնորհիւ վերջին պարբերութեան, հիմա հասկցանք թէ ինչու Տիկին Փոստանջյանը, իր պարագային շատ անսովոր կերպով՝ ձայն չի հանում, քննադատելու կամ ծաղրելու համար ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի վերահաստատումը

    ուֆ, փոստանջյանական այս ժամանակաւոր լռութիւնը արդէն առաջին օգուտն է այս կացութեան

    (սակայն եթէ ստանայ ՄԻՊ-ի այդ պաշտօնը, առաւօտից իրիկուն միայն իր զիլ ձայնն ենք լսելու…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29