Նոյեմբերյանի տարածաշրջանի խանութների տերերին ոստիկանները ցույց են տվել մի լուսանկար, որի մեջ պատկերված անձը կասկածվում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ Կողբ գյուղում գտնվող տնից հունվարի լույս 14-ի գիշերը կատարված գողության մեջ: Դահուկորդի գլխարկով երիտասարդի նկարը հավանաբար արվել է մարզպետը տանը տեղակայված տեսախցիկներից մեկի միջոցով:
Տավուշի մարզպետի տունը գտնվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ, Հ. Աբովյանին պատկանող ավտոգազալցավորման ճնշման կայանի կողքին:
Նշենք, որ դեպքից 5 օր առաջ ՝ հունվարի 9-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Բագրատաշեն այցի շրջանակներում եղել է Կողբում, մարզպետ Հովիկ Աբովյանի տանը եւ տնօրհնեքի արարողություն կատարել:
Մարզպետի տնից գողության կապակցությամբ զանգահարեցինք Հովիկ Աբովյանի բջջային հեռախոսահամարին, սակայն նա չպատասխանեց:
Կարդացեք նաև
Իրավապահներից տեղեկացանք, որ այդ գողության կապակցությամբ բացահայտում չկա:
Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչեւ հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս եւ կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ