Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մինչ այդ ընտրություն են կատարել երկու սկզբունքի միջեւ. «Ազգ»

Փետրվար 05,2016 12:20

Այս պահին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը կամ կոալիցիային (ինչպես էլ կոչվի դա) դեմ են, կամ, այսպես ասենք, ուրախ չեն ոչ միայն ՀՀԿ-ի ներսում, որտեղ ստիպված են որոշ մարդկանց դուրս թողնել` ՀՅԴ-ին տեղավորելու համար, այլեւ ուշացող եւ ընդդիմադիր հատվածը լցնել հավակնող այն միավորները, որոնք ծրագրում են նոր խորհրդարանում լինել եւ իրենք եւս մաս ստանալ իշխանական տորթից:

Ասենք` վաղուց հայտնի է, որ ԲՀԿ-ն թեւերի է բաժանվել, ու այդ թեւերում հայտնված մարդիկ նույնքան հակոտնյա են իրար, որքան նույն խմբակցության մեջ իբր գտնվող Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Զուրաբյանը: ԲՀԿ-ի օսկանյանական-քոչարյանական թեւն ուշանում է ռեալիզացվել, չնայած այդ մասին շշուկներն անընդհատ առկա են ու հիմա էլ ինտենսիվացել են, թե էս է-էս է` Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն հիմնադրելու մասին: Բայց դե` Սերժ Սարգսյանն, ինչպես միշտ, էլի փորձում է առաջ ընկնել մյուսներից` կոալիցիայով եւ նախարարապաշտոնեական պատասխանատվությունը կիսելով նոր ընդդիմության ուրվագծմանը խփելով, չնայած ամեն ինչից երեւում է , որ օսկանյանական բարգավաճականները եւս քնած չեն:

Իսկ ԲՀԿ-ի զոհրաբյանական թեւը, որ հիմա պաշտոնապես հենց ԲՀԿ-ն է ներկայացնում, նույնպես տեւական մտմտուքի մեջ էր, այստեղ եւս չէին կողմնորոշվում իրենց մոտակա գործելակերպի վերաբերյալ, այս թեւում մարդիկ կան, որոնք ուզում են համագործակցել իշխանությունների հետ (օրինակ` Միքայել Մելքումյանը, որ սովորաբար խորհրդարանում միշտ չափավոր է), կան նաեւ այնպիսիք, նրանց հետ եւ ԲՀԿ նախագահ Ն. Զոհրաբյանը, որ կարծում են, թե պետք է ընդդիմություն մնան:

Համենայնդեպս` ԲՀԿ որոշումից էր կախված, թե ինչ առաջարկ կանի իշխանությունն այս ուժին: ԲՀԿ-ն հակվեց ընդդիմություն մնալուն: Մեկ օր առաջ ներկուսակցական քննարկումների արդյունքում, իսկ որոշ մամուլային լուրերով` ԲՀԿ ստվերային ղեկավարի որոշմամբ` ԲՀԿ-ն կշարունակի որդեգրել ընդդիմադիր կեցվածքը, մեկ տարվա կոալիցիան անիմաստ համարելով : Հետաքրքրական է դեռ, թե ով կլինի դոմինանտ ուժը ընդդիմության`այժմ ցրիվ միավորների մեջ: Համենայնդեպս` երեւում է, որ մյուս ուժերը փորձում են հասնել գործընթացների հետեւից, այդ համատեքստում կարելի է դիտարկել նաեւ Հեղինե Բիշարյանի այն հայտարարությունը, թե այս ամսվա վերջին օրը կկայանա «Հայկական վերածնունդ» միավորման հիմնադիր համագումարը: Սա նշանակում է, որ եթե այլ ուժեր կան, որոնք ուզում են մասնակից լինել գործընթացներին, եւս չպետք է ուշանան եւ այդ մասին առնվազն պետք է հայտարարեն այս ամսվա վերջին-մարտի սկզբին, այլապես գործընթացի պոչից քարշ կգան կամ անգամ` դուրս կմնան նրանից:

Բոլոր դեպքերում` տորթը փոքր է, հիմա մանավանդ, երբ հնարավոր է ապագա խորհրդարանը 130-ից էականորեն նվազ թվով պատգամավորներ ունենա: Իսկ կոնկրետ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մինչ այդ ընտրություն են կատարել երկու սկզբունքի միջեւ` ընտրություններից առաջ իշխանության հետ համագործակցելով եւ ենթակառուցվածքների տեր դառնալով ապագա խորհրդարանական ընտրություններում ցանկալի ներկայություն ապահովելու սկզբունքի եւ իշխանությունների հետ չհամագործակցելով, ընդդիմադիր ձայները վերցնելուն հավակնելով ծանրակշիռ քվեն խորհրդարանում ապահովելու սկզբունքի: Մինչեւ հիմա Հայաստանում իրեն արդարացրել է առաջին սկզբունքը, որ ՀՅԴ-ն է ընտրում, բայց դե հիմա Սահմանադրություն է փոխվում, Ընտրական օրենսգիրքը կփոխվի` ինչ իմանա՞ս: Իսկ իշխանությունը, ավելի շուտ իշխող ուժն ու նրա լիդերը իրենց համար պահում են ձվերը տարբեր զամբյուղներում պահպանելու սկզբունքը, թող որ իշխանության տարբեր բեւեռներ ու տարբեր ֆիգուրներ են այս անգամ այդ սկզբունքի պատասխանատուները:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29