Ռուսական բազայի 26-ամյա զինծառայող Սերգեյ Սուդնիկովը մի քանի օր առաջ փորձ է կատարել մտնել Գյումրիի Անի թաղամասի բնակարաններից մեկը: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել, եւ նա ոստիկանությանը պարզաբանում է տվել, որ ուղղակի շփոթել է տունը: Հիշյալ հասցեում բնակվողները հայտնում են, որ զինծառայողը հարբած է եղել եւ իրենցից պահանջել է բացել դուռը, սակայն իրենք զանգահարել են ոստիկանություն:
Իմ կարծիքովՙ այս վերջին տարրն այս պատմության ամենաուշագրավ կետն է: Քանի որ սա բացահայտում է մի բան, որը չի կարող բացահայտել ոչ մի քննչական մարմին՝ տասը օր, կամ տասը տարի անց, երբեք:
Բանն այն է, որ Գյումրիում բնակիչները վախենում են, վախենում են մեր երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը մեր զինված ուժերի հետ միասին ապահովող ռուս զինվորներից, գուցե անգամ՝ 102-րդ ռազմաբազայից, շենքից, այդ շենքի գույնից, տեսքից, հոտից: Հնարավոր է, որ Սերգեյ Սուդնիկովն իրոք շփոթել է տունը, իրոք անզեն է եղել, բոլորովին էլ հարբած չի եղել, օրինական կերպով է բազայի տարածքից դուրս եկած եղել, մի խոսքովՙ մի հրաշալի տղա է, մի քաջ զինվոր, մի մարդասեր, ավելի կոնկրետՙ հայասեր անձնավորություն: Հնարավոր է, բայց փաստ է, որ գյումրեցիներն իրենց քաղաքում վախենում են ռուսից, անկախ այն բանից, որ վերջինիս անունն ինչ է:
Սա վտանգավոր է դառնում, բազան չէ, այնտեղ ծառայող զինվորները չէ, նրանց օղի մատակարարող բարի մարդը չէ, այլ այս վախը, սեփական քաղաքում սեփական տան դուռը բացելու վախը… Ու ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է անի 102-րդ բազան, որպեսզի Գյումրին իրենից չվախենա, ինչ եւ որքան, որքան եւ որքան երկար:
Կարդացեք նաև
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում