Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Ռոք բնագավառ մտած մարդիկ չեն կարող անազնիվ լինել». «Իրատես de facto»

Փետրվար 05,2016 11:40

«Իրատեսի» հյուրը Վահան Արծրունին է։

– Մենք Ձեզ տեսնում ենք հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի կիզակետում՝ ռամիլսաֆարովյան թնջուկից մինչև արմենչիկային «վաստակի» արծարծումներ։ Ձեր նկարագրում որքանո՞վ են փոխկապակցված քաղաքացիական ակտիվ որակներն ու ռոք երաժիշտ լինելու հանգամանքը։

– Ռոք երաժշտությունն առավել անկեղծ, առավել ազնիվ ինքնադրսևորման ոլորտ է։ Համաշխարհային մակարդակով ռոք երաժշտության մեջ մնացել են կարգին մարդիկ, որոնք մշտապես արձագանքում են մարդկությանը հուզող խնդիրներին, աշխարհում տիրող անարդարություններին։ Ռոք բնագավառ մտած մարդիկ չեն կարող անազնիվ լինել։ Նրանք չեն կարող բեմում մի կերպ լինել, կյանքում՝ այլ։ Նրանք չեն կարող բեմից դուրս փոխվել, գնալ փոխզիջման։

Ջիմի Հենդրիքսի առնչությամբ գործածվում էր «մերկ նյարդի երաժշտություն» բնորոշումը։ Սա, կարծում եմ, բնորոշ է բոլոր ռոք երաժիշտներին։ Արվեստի այլ բնագավառներում մարդու դիրքորոշումը մի տեսակ քողարկված է, կարող է և չհասկացվել արվեստագետի քաղաքացիական դիրքորոշումը, որովհետև այդ դեպքերում արվեստը մի տեսակ աբստրակտ դրսևորումների մեջ է։

– Իսկ ռոքն ավելի ուղղագի՞ծ երևույթ է։

– Ռոքը ժամանակի ռիթմի հետ է կապված։ Ժամանակի նյարդն արտահայտող մի տիրույթ է։ Առաջին հերթին հենց դրանով է ինձ գրավել ռոքը։ Երաժշտության մնացած բոլոր ոլորտները, մանավանդ ավանդականը, հարյուրամյակների հղկվածություն ու տրադիցիա ունեն, և կան համապատասխան պայմանականություններ, որոնք չես կարող խախտել՝ սկսած հագուկապից, վերջացրած ավելի լուրջ բաներով։

«Հինգ համերգային նախագիծ-2015» շարքը յուրօրինակ էր նրանով, որ այստեղ ես ի մի էի բերել ժանրային տարբեր դրսևորումներ։ Երբ նոր-նոր էի ձեռնարկել այդ գործը, չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասում։ Հիմա, երբ ամեն բան անցյալում է, նոր եմ հասկանում, թե ինչ երանության երկուսուկես ամիս եմ ապրել, որքան շատ և բազմազան երաժիշտների հետ եմ շփվել։ Բոլորն այնպիսի՜ պատրաստակամությամբ են աջակցել ինձ, որ ես չգիտեմ՝ ինչպես հայտնեմ երախտագիտությունս։

Քանի դեռ գործն ընթացքի մեջ է, լիովին չես զգում, թե ինչ է կատարվում։ Երբ ամեն բան ավարտվում է, նոր ես գիտակցում, թե ինչ երանության մեջ ես եղել։ Ես ապրել եմ այդ երանությունը և, հուսամ՝ կիսել եմ այն հանդիսատեսի հետ։

Զրույցը վարեց ԿարինԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29