Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները պետք է վերականգնեն ընտրությունների նկատմամբ լեգիտիմության վստահությունը. ԵՄ պատվիրակության ղեկավար

Փետրվար 05,2016 11:33

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկու՝ շատ կարեւոր է Հայաստանում վերականգնել վստահությունը, ընտրությունների լեգիտիմության ու արդարության նկատմամբ:

«Հայաստանում վերջին տարիներին ընտրությունները ուղեկցվել են շատ մեծ քննադատությամբ: Շատ ընդդիմադիր ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ բողոքել են ընտրության արդյունքներից, միջազգային դիտորդները մի քանի լուրջ առաջարկություններ են ներկայացրել, հետեւաբար՝ պետք է ամեն ինչ անել ընտրությունների արդարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Որոշ մարդիկ ասում են՝ եթե Հայաստանը չօգտագործի հաջորդ տարվա ընտրության հնարավորությունը վստահությունը վերականգնելու համար, դա Հայաստանի հետագա զարգացման համար լուրջ վտանգ կարող է լինել: Վերջին հանրաքվեն նույնպես արժանացել է որոշ քննադատության, ընտրախախտումների մի շարք դեպքեր են ներկայացվել»,- այսօր «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Նա ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է, թե ընտրախախտումների մասին տեղեկություններն ինչ ուշադրության կարժանանան պատկան մարմինների կողմից. «Իմ տեղեկություններով, 62 գործ է հարուցվել, երկու մարդ մեղավոր է ճանաչվել: Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նույնպես այդ խախտումների վերաբերյալ արձագանքել էր, ես նորից իմ ափսոսանքն եմ հայտնում նրա հրաժարականի կապակցությամբ:Կարծում եմ, որ պատկան մարմինները լուրջ ուշադրության կարժանացնեն հարուցված այդ գործերը, որովհետեւ դա մեզ համար կարեւոր ազդակ է լինելու, թե ինչպես պատրաստվենք հաջորդ ընտրություններին: Այս պահին քննարկումներ են վարվում իշխող կուսակցության հետ՝ նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հստակ ակնկալիքներ ունենք, որ ԵԱՀԿ-ն , ԵԽ-ը Վենետիկի հանձնաժողովի միջոցով կներգրավվեն այս գործընթացում ու նրանց առաջարկները հաշվի կառնվեն»:

Ըստ Պյոտր Սվիտալսկու, Հայաստանը մոտենում է շատ կարեւոր պահի իր քաղաքական պատմության մեջ. «Սահմանադրական բարեփոխումներն ընդունվել են, եւ մենք դանդաղ մոտենում ենք առաջին ընտրություններին՝ նոր սահմանադրությամբ, որոշ մարդիկ անվանում են դա խաչմերուկ, որովհետեւ կարեւոր էին սահմանադրական փոփոխությունները, դրանով փոփոխվել է կառավարման մոդելը՝ նախագահականից անցնելով խորհրդարանականի: Այս գործընթացը նոր հնարավորություններ կարող է բացել ՀՀ-ի համար»:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով, ընտրական օրենսգրքի թույլ կողմերի վերաբերյալ իրենց ու իշխանության ներկայացուցիչների կարծիքներում որոշ համընկումներ են եղել. «Ես երկու կետ եմ բարձրացրել ընտրացուցակների ու ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկների վերաբերյալ: Տեխնոլոգիաների մասին է խոսվում. այս երկու կարեւոր խնդիրները լուծելու համար տեխնոլոգիաներն, իհարկե, շատ կարեւոր են, դրանք փորձարկվել են շատ երկրներում, ու ընդդիմադիր ուժերը նույնիսկ ընդունել են իրենց պարտությունը: Միգուցե ՀՀ դեպքում այս մոտեցումները իրական արդյունքներ կբերեն: Բայց, իհարկե, մեքենաները բավարար չեն ընտրություններն արդար անցկացնելու համար, մարդկային գործոնը նույնպես կարեւոր է»:

Եվ վերջում ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելեց, որ «Երկարաժամկետ ընտրական աջակցություն» ծրագրի նպատակն է բարելավվել մարդկային ռեսուրսների որակը, որ այն մարդիկ, որոնք աշխատում են ընտրական մարմիններում՝ լինեն արդար, կոմպետենտ, ազնիվ ու չունենան գաղտնի օրակարգ իրենց գործունեության մեջ. «Այս ծրագիրը պետք է ներառի նաեւ այն մարդկանց, որոնք պատասխանատու են բանակում քվեարկության համար»:

«Երկարաժամկետ ընտրական աջակցություն» ծրագիրը Հայաստանում սկսում է Եվրոպայի խորհուրդը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29