Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ՀՅԴ-ից «նոր դեմքեր» է ուզում

Փետրվար 05,2016 16:00

Կարկառուն դաշնակցականները
ստիպված կլինեն սահմանափակվել պատգամավորական մանդատով

Երեկ ՀՅԴ Գերագույն մարմինը հերթական քննարկումն էր հրավիրել: Քննարկվող առանցքային հարցը թերեւս ՀՀԿ-ի հետ համագործակցությունն է: Խոսակցություններ կային, որ երեկ ՀՅԴ-ն արդեն որոշակի հստակություններ պետք է մտցներ իր ակնկալիքների մեջ, որպեսզի այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ներկայացնելու որոշակի բան ունենա: Ասում են, որ նախագահ Սարգսյանը որոշակի վերջնագրով է խոսել ՀՅԴ-ական վերնախավի հետ` գործադիրում ակնկալվող պաշտոնների համար ներկայացնել նոր անուններ, մարդկանց, որոնք իրենց նախկին գործունեությամբ առիթ չեն տա քննադատությունների եւ հեգնանքների, անվստահության հերթական ալիքի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի հետ ՀՅԴ-ի միակ հստակ պայմանավորվածությունը Արծվիկ Մինասյանի մասին է: Վերջինս, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Դավիթ Լոքյանի պաշտոնավարման հարցը դեռ քննարկումների փուլում է: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Սերժ Սարգսյանը մերժել է նաեւ ՀՅԴ խմբակցության քարտուղար, նախկինում գործադիրում պաշտոնավարման փորձ ունեցող Աղվան Վարդանյանի թեկնածությունը: Այժմ հստակ է նաեւ, որ Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնները կմնան ՀՀԿ-ի տնօրինության տակ: ՀՅԴ-ն այդ մարզերում էր հավակնություններ ցուցաբերել: Թեեւ խոսակցություններ կան, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է գրելու, ապա նշանակվելու է գյուղնախարարի տեղակալի պաշտոնում, երեկ, ըստ մեր աղբյուրի, այդ հարցն էլ դեռ վերջնական պատասխան չուներ:

Այս եւ այլ հարցերի շուրջ երեկ զրուցեցինք նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

– Այսօր ՀՅԴ վերնախավը հավաքվել էր եւ փորձել որոշակիորեն հստակեցնել ՀՀԿ-ի հետ համագործակցության ոլորտները` պորտֆելների առումով:

– Ո՞վ է ձեզ նման տեղեկություն տվել:

– Չկա՞ այդպիսի բան:

– Ոչ:

– Խմբակցության պատգամավորները գնացել էին…

– Մեր աշխատանքային քննարկումներն են, Բյուրոյի լիագումար նիստ է գումարվել:

– Ի՞նչ հարցեր էին քննարկվում:

– Ներկուսակցական հարցեր, որոնք հրապարակման ենթակա չեն:

– ՀՀԿ-ի հետ կոալիցիայի հետ կապված հարցեր չե՞ն քննարկվել: Ասենք, ի՞նչ պորտֆելներ կնախընտրեր ՀՅԴ-ն, ըստ այդմ էլ՝ ո՞ր ոլորտներում է նախատեսվում համագործակցությունը:

– Ոչ: Համագործակցության ձեւաչափի շուրջ քննարկումները շարունակվում են: Երբ արդյունքներ լինեն, դրանց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

– Լուրեր շրջանառվեցին, որ Դուք վերջնագիր եք ներկայացրել` ասելով, որ հավակնում եք բացառապես արդարադատության նախարարի պաշտոնին: Ի պատասխան` առաջարկվել է սահմանափակվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնով:

– Այդ լուրը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Առնվազն տարօրինակ է, որ նման լուրեր են տարածվում, այն էլ՝ ուլտիմատումի մակարդակով: Նախ՝ ես կուսակցական եմ, ՀՅԴ խմբակցության անդամ եմ. եթե որեւէ համագործակցության ձեւաչափում ճշգրտումներ, հստակեցումներ, ապա առաջարկ լինի, նոր միայն կուսակցության որոշում կլինի: Այդ ժամանակ, բնական է, իմ կարծիքն էլ հաշվի կառնեն: Երկրորդ` այնքան պրիմիտիվ է նման լուրերի տարածումը, որ ուղղակի պարզ, ողջամիտ տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում: Այնպիսի բաներ են գրում, կարծես թե այնտեղ նշված անձանց հետ այդպիսի լուր հրապարակողն ամեն օր քննարկումների մեջ է կամ որոշում է, թե այս երկրում ով ինչ առաջարկ պետք է ստանա կամ տա:

– Եթե համաձայնությունների գան ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, կնախընտրե՞ք գործադիրում աշխատել:

– Քանի դեռ չկան համաձայնություններ, այսօր դրա մասին խոսլը ոչ միայն ժամանակավրեպ է, այլ նաեւ ճիշտ չէ: Իսկ առհասարակ, գործադիր ոլորտում բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու մասով, ես կարծում եմ, յուրաքանչյուր պատգամավոր, առավել եւս իր մասնագիտական ունակությունները գնահատող մարդը, իր համար պիտի պատիվ համարի նմանատիպ առաջարկը: Իսկ քանի դեռ առաջարկ չկա, ես ճիշտ չեմ համարում, որ նման թեմայով քննարկումներ ծավալվեն:

– Արմեն Ռուստամյանի հայտարարությունից հետո, ասում են, ՀՀԿ-ականները «հաշիվներ էին մաքրում»: ՀՅԴ-ից հիմնական բանակցողն էլ Դուք էիք: Բա՞րդ ստացվեց հարաբերությունների հարթումը:

– Չկա այդպիսի բան, եւ այդ թեման այլեւս փակված է: Ես կարծում եմ, որ համագործակցությունը չուզող շատերը, որոնք չեն ուզում նաեւ լուսավոր կետ տեսնել մեր երկրում, նրանց ցանկությունն էր անպայման եւ ամեն գնով առաջացնել խժդժություններ այս կարեւոր փուլի շրջանակներում: Ես կարծում եմ՝ թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի իմ կուսակից ընկերների կողմից ներկայացված մոտեցումները բխում են Հայաստանի Հանրապետության շահերից: Եթե կայանա այդ համագործակցությունը, դրանից մեր երկիրը, մեր պետությունն ու ժողովուրդը միայն ու միայն կշահեն:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իսկ ե՞րբ էր դադրել արդեօք այդ «համագործակցությունը»…

    («նոր դէմքերու» մօտեցումը գոնէ մի քիչ բալասան կը հանդիսանայ, մեր վէրքերուն ու ցաւերուն վրայ… պատվարժան նախկինները եթէ տարրական պատշաճութիւնը ունենան իրենք իրենց մի քիչ քաշվելու բեմից, փոխանակ այս հաւելեալ խայտառակութեան… )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29