Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության դրական օրակարգը Հայաստանում

Փետրվար 05,2016 15:30

Նոր փուլ ԵՄ-ՀՀ հարաբերություններում (նոր համաձայնագրի մանդատ)

Ի՞նչ նկատի ունենք, երբ խոսում ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին։ Հայաստանի իշխանությունների՝ Եվրասիական մաքսային միությանը (այժմ՝ Եվրասիական տնտեսական միությանը) միանալու որոշումը ինչ-որ ժամանակ հանգեցրեց Հայաստանի՝ ԵՄ-ի նկատմամբ քաղաքականության անորոշության։ Այսօր մենք գիտենք, որ այլ հանձնառությունները չեն խանգարում Հայաստանին շարունակելու իր սերտ հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Երբ մեր հայաստանյան գործընկերներն արտահայտեցին իրենց շահագրգռվածությունը՝ կրկին ներգրավվել բանակցային գործընթացում, նոր, իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ գործընթացը վերամեկնարկեց։
ԵՄ-ն պատրաստ է շարունակել ձեւավորելու դրական օրակարգ. նոր բանակցություններն ընթացքի մեջ են 2015թ. դեկտեմբերից։ Թե՛ ԵՄ-ն, թե՛ Հայաստանը ձգտում են քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը ներառող համակողմանի շրջանակային համաձայնագրի, սակայն առանց արտոնյալ առեւտրի բաղադրիչի։ Այս համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության եւ համագործակցության ժամկետանց համաձայնագրին (1999) եւ կվերականգնի ԵՄ-Հայաստան հարաբերությունները վերջերս վերանայված Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ավելի լայն շրջանակում։

Մեզ միավորող արժեքները եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հանձնառությունը կհանդիսանան նոր համաձայնագրի հիմքը։ Համագործակցությունը կշարունակվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, կառավարումը, շարժունակությունը, անհատական շփումները, քաղաքացիական հասարակությունը, առեւտրի, ներդրումների եւ ոլորտային համագործակցության բարելավված պայմանները։ Այն կօգնի ստեղծելու նպաստավոր պայմաններ էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում ավելի սերտ համագործակցության, առեւտրի եւ ներդրումների, ինչպես նաեւ ավելի մեծ շարժունակության համար, որից կօգտվեն բոլոր քաղաքացիները։

Անշուշտ, դեռեւս շատ աշխատանք կա անելու Հայաստանում մի շարք ոլորտներում բարեփոխումների բավարար առաջընթացի համար, մասնավորապես ժողովրդավարական բարեփոխումների եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի հաղթահարման, դատական համակարգի ուժեղացման եւ ընտրական համակարգի՝ միջազգային չափորոշիչներին համահունչ բարեփոխման համար։
Մենք պատրաստ ենք բարեփոխումների ճանապարհին աջակցել Հայաստանին. ԵՄ-ն Հայաստանին ամենամեծ օժանդակություն տրամադրողը (մոտավորապես 1 միլիոն ԱՄՆ դոլար շաբաթական) եւ առեւտրային գործընկերն է։ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու բարեփոխումներ, որոնց համար պահանջվում են նաեւ Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքն ու վճռականությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ես համոզված եմ, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հարթ կընթանան։

ԴՈԿՏՈՐ ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ
Արտակարգ եւ լիազոր դեսպան
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29