Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսաշող համայնքում հասարակական տրանսպորտ ու բուժքույր չկա

Փետրվար 05,2016 15:00

Արարատի մարզի Լուսաշող համայնքում խնդիրները շատ են՝ անգամ ամենաանհրաժեշտ հնարավորություններից այս համայնքի բնակիչը զրկված է: Տարիներ շարունակ նույն խնդիրների առկայությունն սկսել է մտահոգել այս համայնքի երիտասարդ բնակիչներից մեկին՝ Նարինե Գալստյանին, որն արդեն բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, հիմա էլ Եվրոպագիտություն մագիստրոսական ծրագրի ուսանող է: Հանրային կառավարման ոլորտում ունեցած գիտելիքները փորձել է կիրառել գործնականում՝ հօգուտ իր համայնքի: «Ես Լուսաշողի բնակիչ եմ, խնդիրներին անձամբ եմ ծանոթ, դրանք շատ են- «Առավոտի» հետ զրույցում ասում է Նարինե Գալստյանը,- բայց առաջնային լուծման անհրաժեշտություն ունեն հասարակական տրանսպորտի, համայնքում բուժաշխատող ունենալու հարցերը»:

Նարինեն hարցումներ է անցկացրել համայնքում: Ըստ նրա. «Համայնքի 110-120 տնտեսություններից 40-ում հարցում է արվել, եւ 96%-ը կարծում է, որ համայնքում փոխադրամիջոցների բացակայությունն իսկապես խնդիր է: Համայնքից դեպի Վեդի քաղաք գնացող տրանսպորտ չկա: Վեդիում են մեր համայնքի բնակիչներն իրենց մի շարք հարցեր լուծում. այստեղ են բանկերը, հիվանդանոցը, ուսանողները Վեդիից են Երեւան գնում: Համայնքը Վեդի քաղաքի հետ կապված է տնտեսական, ֆինանսական, առողջապահական եւ այլ կապերով: Հարցումների ժամանակ մարդիկ անգամ ներկայացրել են, որ պատրաստ են վճարել տրանսպորտի համար 400-500 դրամ՝ գնալ-գալու համար առանձին: Նրանց համար այդպես ավելի ձեռնտու է. մեքենա ունեցողները ավելի շատ վառելիք են օգտագործում Վեդի հասնելու համար, իսկ չունեցողները տաքսիով են հասնում քաղաք, ինչն ընդհանրապես ձեռնտու չէ: Բուժքրոջ բացակայությունն էլ լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ բուժման կուրս անցնելու համար գնում են այլ համայնք, շատ ժամանակ այդ բուժումն էլ արդյունավետ չի լինում, քանի որ ժամանակին չեն կարողանում այն ստանալ»,- ասում է Նարինեն:

Նարինեն ցանկացել է մասնակցել համայնքի ավագանու նիստերին, այդ մասին գրություն է ուղարկել գյուղապետարան, սակայն նրան պատասխանել են նիստից 1 օր հետո, երբ արդեն նիստը կայացել էր: «Մինչեւ 2016 թվականի հունվարի 13-ը գյուղապետարանից ինձ ասում էին, որ ավագանու նիստ դեռ նշանակված չէ, նշանակելու դեպքում էլ օրակարգը կփակցվի, կարող եմ դրան ծանոթանալ: Տեղեկատվության հարցում եմ ուղարկել` պարզելու նախորդ եւ հաջորդ ավագանու նիստերի վերաբերյալ, ստանալու համայնքի 2015թ.-ի բյուջեի կատարողականը: Հարցմանը պատասխանել են նիստը կայանալուց հետո: Իսկ կատարողականի հարցմանն ի պատասխան՝ ուղարկել են տեղեկատվություն, թե ինչքան գումար է ծախսվել. կոնկրետ ինչի համար՝ նշված չէր,- պատմում է Նարինե Գալստյանը:- Անգամ գյուղապետի հետ եմ խոսել, զանգել էր՝ տեսնի՝ ի՞նչ եմ ուզում: Ասաց, որ ինքն է որոշում` կարո՞ղ եմ ես մասնակցել նիստին, թե՞ ոչ, եւ որ ես կարող եմ մասնակցել միայն այն ժամանակ, երբ օրակարգում քննարկվում է իմ կամ իմ ընտանիքի անդամին վերաբերող հարցը»:

Տրանսպորտի հարցով երբ դիմել է համայնքի ղեկավարին, պատասխանել է, որ համայնքի բնակչության մեծ մասը մեքենաներ ունեն, որոնք նաեւ օգնում են մեքենա չունեցողներին: Նախկինում տրանսպորտային միջոց աշխատել է, սակայն աշխատանքը դադարեցվել է: Ըստ Նարինեի՝ եթե երթուղին աշխատի Լուսաշողից Շաղափ եւ Ուրծաձոր ուղղությամբ, ավելի հարմար կլինի (Վեդի-Ուրծաձոր-Շաղափ երթուղին այժմ աշխատում է, ըստ Նարինեի՝ ընդամենը երթուղին պետք է երկարացվի-Հ. Հ.):

Մեր զրուցակցի խոսքով՝ համայնքի ղեկավարությունը նույնպես մտահոգված է բուժաշխատողի բացակայության խնդրով, սակայն այդ համայնքում աշխատել ցանկացողներ չկան. «Գյուղապետարանից ասել են, որ մինիմալ աշխատավարձ կտան, անգամ պատրաստ են կացարանի հարցը լուծել: Ես ինքս ծանոթների միջոցով գտել եմ բուժաշխատող, որը համաձայնվել էր աշխատել այդ պայմաններով, սակայն իմանալով, որ տրանսպորտ չկա, գոնե Վեդի գնացող, իսկ նրա երեխաները ուսանողներ են, տարակուսել է: Գոնե եթե տրանսպորտային միջոց եւ մինիմալ կացարանային պայմաններ լինեին, նա կգար»:lusashogh

Նարինեն կարծում է, որ համայնքում տարիների ընթացքում անընդհատ չլուծվող եւ կուտակվող խնդիրները մարդկանց անտարբերության պատճառով են, համայնքի ղեկավարությունն էլ օգտվում է առիթից: Հիմա էլ զարմանում են, որ երիտասարդ մի աղջիկ է մտագոհված, մտածում են՝ անձնական խնդիրներ ունի: Սակայն Նարինեն վստահեցնում է, որ անձնական որեւէ տրամադրվածություն իր համայնքի ղեկավարության նկատմամբ չունի, նա պարզապես փորձում է խնդիրները բարձրաձայնել՝ հույս ունենալով, որ անտարբերությունը կկոտրվի, համապատասխան մարմինները ուշադրություն կդարձնեն եւ գուցե լուծեն: Ըստ նրա՝ այս համայնքի մարդիկ ավելի շատ տարված են իրենց օրվա կենցաղային հոգսով, իսկ իր նշած խնդիրների մասին հիշում են, երբ անհրաժեշտ է լինում տեղաշարժվել կամ օրինակ՝ բուժքույրի կարիք է լինում. «Դժգոհում են, նեղսրտում այդ պահին, բայց հարցի լուծման համար քայլեր չեն ձեռնարկում»:

Նրա խոսքերով. «Վերջերս իմացա, որ հունվարին, երբ առատ ձյուն տեղաց, մարզպետարանից սոլյարկա էին հատկացրել համայնքին, որ գյուղամիջյան ճանապարհները բացեին: Սակայն պարզվում է՝ մաքրվել են ընդամենը մի քանի ճանապարհներ՝ գյուղապետինը, գյուղապետի տեղակալինը եւ մի քանի այլ՝ «կարեւոր» մարդկանց տան ճանապարհները: Ոչ ոք նման բաներին ուշադրություն չի դարձնում, բայց ես չեմ ուզում, որ իմ համայնքում նման բաներ լինեն»: Նա որոշել է իր բարձրաձայնած խնդիրները լուծելու համար դիմել նաեւ նաեւ առողջապահության, տրանսպորտի եւ կապի, արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարություններ:Lusashogh1
«Իմ բարձրացրած հարցերի լուծումը, կարծում եմ, հնարավոր է: Միայն պետք է մեր համայնքի ղեկավարությունը մի փոքր ջանք գործադրի»,- ասում է նա:

«Առավոտի» հետ զրույցում Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը ասաց, որ ինքն էլ դրանցով մտահոգված է, փորձել է անգամ լուծել: Ասում է՝ ժամանակին երթուղային աշխատել է, վարել է համայնքի բնակիչներից մեկը: «27 տեղանոց ավտոբուսներից է աշխատել: Վարորդն անընդհատ գալիս էր գյուղապետարան, ինչով հնարավոր էր՝ օգնում էինք: 2007-2008 թվականն էր, այն ժամանակ դեռ մարզպետը Ալիկ Սերգեյիչն էր, դիմել եմ մարզպետերան, որ այս մարդուց հարկեր-տուրքեր չվերցնեն: Շաբաթական 2-3 անգամ Վեդի էր տանում, շաբաթը 2 անգամ էլ` Երեւան: Հետո նստողների քանակը մեկ, երկու, հինգ էր լինում, լինում էր՝ ընդհանրապես նստող չէր լինում, ավտոբուսը հանում էր գյուղամեջ, մարդ չէր նստում, հետ էր վերադառնում: Այնպես չի, որ չենք զբաղվել, պարզապես ոչ մեկին ձեռք չէր տալիս այդ երթուղում վարել: Անգամ կոմունիստների ժամանակ այդ գիծը նորմալ չի աշխատել»,- ասում է պարոն Հարությունյանը` վստահեցնելով, որ եթե որեւէ մեկին ձեռնտու լիներ այդ երթուղին աշխատեցնել, կաներ եւ գումար կաշխատեր, արտոնյալ պայմաններ ունենալով՝ հարկ չվճարելով հանդերձ վարորդը տուժել է, դադարեցրել աշխատանքը եւ արտագնա աշխատանքի գնացել: Անդրադառնալով բուժաշխատող ունենալու խնդրին՝ համայնքապետն ասում է. «Շատ լուրջ խնդիր է, մենք անգամ մարզպետարան ենք դիմել գտնելու բուժաշխատողի, չկա, չեն գալիս այստեղ աշխատելու»:

Մեր դիտարկմանը, որ գուցե համայնքից տեղաշարժվելու խնդիրն է շատերին խանգարում աշխատելու այդտեղ, համայնքապետն ասում է, որ եթե շատ ցանկանան, կգան. «Եթե այստեղ աշխատել ցանկացող լինի, թող գա տուն վարձի, գյուղապետարանը պատրաստ է տան վարձի գումարը վճարել: Իր ճաշակով՝ որտեղ ուզում է, թող գա տուն վարձի: Ես չորս երեխա ունեմ, չեմ ցանկանա՞, որ իմ երեխային սրսկող լինի»:
Մեր այն հարցին, թե ինչու համայնքի խնդիրներով մտահոգվող քաղաքացուն պատշաճ չեն տեղեկացրել ավագանու նիստերի մասին, պարոն Հարությունյանն ասաց. «Ես պարտավոր չեմ բոլորին այդ մասին տեղեկացնել: Գյուղապետարանում համապատասխան տեղ կա հայտարարությունների համար, այնտեղ հրապարակվել է: Հաջորդ նիստի մասին էլ նա արդեն գիտի, եթե ցանկանում է ավագանու նիստին հարց բարձրացնել, դրան էլ ձեւ կա, կարող է դիմել: Վատ բան չէ, որ երիտասարդը հետաքրքրված է համայնքի կյանքով: Շուտով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավագանու ընտրություններ են, եթե այդքան ակտիվ քաղաքացի է, թող գա, մասնակցի ՏԻՄ ընտրություններին, դառնա համայնքի ավագանի, որ միշտ տեղյակ լինի, թե ինչ է կատարվում համայնքում»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29