Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայում բնակվող հայը դիմել է գլխավոր դատախազին եւ ազգային անվտանգությանը

Փետրվար 05,2016 14:30

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում ավարտվեց մի վեճի քննություն, որը 2007 թվականից դատական երեք ատյաններում հանգրվանելուց հետո վաղուց ավարտվել էր: Շահողը եղել էր ավելի քան քսանհինգ տարի Բելգիայում բնակվող մեր համերկրացին՝ Սեդրակ Բարսեղյանը:

Մարզի ընդհանուր իրավասության դատարան էր կրկին դիմել Գագիկ Բարսեղյանը, որը վիճարկել էր կողմերի միջեւ առկա այն նույն վեճը, որի շուրջ եղել է օրինական ուժի մեջ գտնվող վճիռ:

«Առավոտի» տեղեկությունները հաստատեց Սեդրակ Բարսեղյանը, որն ասաց, թե դիմել է գլխավոր դատախազին եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն:
Մեր հարցին, թե ինչ վեճ է եղել, ինչ նպատակով է տնտեսական գործունեություն Բելգիայում ծավալած Բարսեղյանը դիմել Հայաստանի իրավապահ մարմիններին, գլխավոր դատախազին, պատասխանեց, որ խնդիրն առնչվել է իր սեփականության՝ Հայաստանում եղած հյուրանոցի հետ:

Նա ասաց, որ մոտ 600 հազար եվրոյի չափով ներդրում է կատարել, գնել «Թալին» անունով հյուրանոցը, որը գտնվում է Թալին քաղաքի Շահումյան 1 հասցեում, սակայն անցյալ տարի դատարանի մեկ այլ գրչի հարվածով, պարզվել է, որ հյուրանոցն իրենը չի, այլ՝ Գագիկ Բարսեղյանինը:

Վերջինը նրա ազգականն է:

Ս.Բարսեղյանն ԱԱԾ-ին հայտնել է, որ Գագիկ Բարսեղյանը 2014թ. փետրվարի 26-ին դիմելով Արագածոտնի մարզի դատարան՝ խնդրել էր իրենց միջեւ Թալինի նոտարական գրասենյակում 2004թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն առոչինչ համարել, եւ հյուրանոցի նկատմամբ ճանաչել իր՝ Գագիկ Բարսեղյանի սեփականության իրավունքը: Գագիկ Բարսեղյանը խնդրել էր առոչինչ ճանաչել նաեւ «վաճառված հյուրանոցի արժեքը՝ ստացա ամբողջությամբ» գրությունը, ինչը դատարանը մերժել էր:
Գործի նյութերին ծանոթանալուց պարզվեց, որ 2004թ. դեկտեմբերի 3-ին Գագիկ Բարսեղյանի եւ Սեդրակ Բարսեղյանի միջեւ կնքվում է պայմանագիր հյուրանոցի վաճառքի մասին: Գործարքի գին է սահմանվում 8 միլիոն դրամը: Գործարքը կայանում է, սակայն հետագայում վաճառողը փոշմանում է:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2007թ.հոկտեմբերի 11-ին կայացվում է մի վճիռ, համաձայն որի պարտավորեցվում է Գագիկ Բարսեղյանին ազատել տարածքը, վտարել նրան հյուրանոցի տարածքից, տարածք, որը սեփականության վկայականի համաձայն պատկանում է Սեդրակ Բարսեղյանին:

Գագիկ Բարսեղյանը դիմում է ոստիկանության մարզային բաժին, որպեսզի հարուցվի քրեական գործ: Սակայն մարզի քննչական բաժնի կողմից դեռեւս 2007թ. նոյեմբերի 13-ին կայացվում է որոշում գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու համար:

Երկու տարի առաջ մարզի դատարանը ընդունում է նույն վեճի հետ կապված հայցադիմում, այս անգամ դատարան են գալիս երեք վկաներ, որոնք Գագիկ Բարսեղյանի մերձավորներն էին: Ս.Բարսեղյանն ԱԱԾ-ին ուղղված նամակում գրում է. «Իմ փաստաբանը դատական նիստում ապացուցելով, որ վկաների վկայությունները կեղծ էին դատարանում, միջնորդել էր, սուտ վկայություն տալու համար վկաներին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Դատարանը գնահատական չի տալիս ասվածին, միջնորդությունը բավարարում է:
Վկաներից մեկն ասել էր, թե «Գագիկի խոհանոցում» իբր իրենք խոսել են հյուրանոցի անվանափոխության մասին, եւ որ Սեդրակն էլ խոսակցությանը ներկա չի գտնվել:Իսկ Թալինի ոստիկանությունում էլ այլ բան էր ասել նույն «խոհանոցային» դրվագի հետ կապված: Երկրորդ վկան էլ «հիշել» էր, թե …Գագիկենց տանը հավաքվել են 2014թ-ին, նոտարի պայմանագրի մասին էլ տեղյակ չի եղել:Եթե անգամ ընդունենք, որ նրանք հավաքվել են Գագիկենց տանը 2014թ-ին, ինչ կապ ունի, 2007թ-ից օրինական ուժի մեջ մտած վճիռներից հետո վկա գտնել, միջնորդել, ցուցմունքը դնել իբր նոր երեւան եկած հանգամանք: Ո՞րն է արժանահավատությունը, ի՞նչու մինչ այդ վկաներ չեն եղել: Եւ ինչու դատարաններում հաղթած Բարսեղյանը, այս անգամ պարտվեց վերաքննիչում, վճռաբեկում:

Սեդրակ Բարսեղյանը իր բողոքներում նշել էր նաեւ Գ.Բարսեղյանի փեսայի ցուցմունքը:Նա աշխատել է բանկում, որպես վարկային բաժնի պետ, իսկ Գագիկը կառավարիչ:Երբ քրեական գործ է հարուցվել, ըստ վկայի էլ, որոշել են, հանդիպել եւ անվանափոխել հյուրանոցը: Սեդրակ Բարսեղյանն ասում է, թե սրանք ակնհայտ կեղծ ցուցմունքներ են:
«Վկաները, եթե չեն գտնվել նոտարի մոտ, չեն մասնակցել առուվաճառքի գործարքին, ապա ինչ հիմքով են ապացուցում, թե գործարքը կեղծ է, քանի որ Գագիկ Բարսեղյանն ու նրա կինը՝ Կարինեն նոտարական գրասենյակում գրել, ստորագրել են, որ հյուրանոցի վաճառքից հետո դրամը ստացել են ամբողջությամբ»,- ասում է Ս.Բարսեղյանը:
Սեդրակ Բարսեղյանն «Առավոտին» ասում է՝ չի հեռանա Հայաստանից այնքան ժամանակ, մինչ իր սեփականությունը ձեռքից խլողների, այդ ապօրինի վճիռը կայացրած դատավորների նկատմամբ չհարուցվի քրեական գործ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ԸՆԹԵՐՑՈՂԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՄ ՀՐԱՎԵՐԻՐՈՒՄ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ՍԵԴՐԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ (Բ)-Ի ՄԱՍԻՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ՄԵԿ ԱՅԼ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԹՈՂ ՄԱՐԴԻԿ ՏԵՍՆԵՆ ԹԵ ՈՎ Է ԻՐԱԿԱՆ ՍԵԴՐԱԿ Բ-Ն;
    https://armtimes.com/hy/read/43096

  2. Սեւ «եվրաինտեգրման» կնքահայրը
    Բելգիայից Հայաստան ներթափանցող մաքսանենգ ադամանդի եւ թմրանյութերի բիզնեսն արտադրական ռելսերի վրա դնելու եւ անխոչընդոտ վարելու մեջ, իր կամքից անկախ պատճառներով, մեծ է վերը նշված «Զմեյի» դերը: Նրան վերապահված է բելգիահայ կրիմինալի դեմ կանոնավոր «գործ տալը». միանգամայն անիմաստ զբաղմունք, քանի որ նախ` նրանք ապրում եւ գործում են Հայաստանից դուրս եւ երկրորդը` ինչպես նշեցինք, նրանցով լրջորեն զբաղվում են բելգիական իրավապահ մարմինները: Որպես քողածածկույթ հայկական պետականությունը վարկաբեկող այն բիզնեսի, որ իրականացնում են Օֆշորասերի հովանու ներքո գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները, չափազանց եկամտաբեր այդ բիզնեսի մեջ ներգրավված են նրանց տիկնայք եւ սիրուհիները: Անգամ զավակները: Սակայն նախ շարունակենք եւ ամփոփենք «Զմեյի» հաճախորդների թեման:
    Բելգիահայ կրիմինալ աշխարհի վերը նշված մի քանի դեմքերի` արմավիրցի Արման Գ.-ի , Օվանես Հ.-ի եւ Հարութ Խ.-ի ընկերախմբի քիչ թե շատ նշանակալի մյուս դեմքերից է Կարեն Դ.-ն է: Հովիկ Հ.-ն` համարյա բիզնեսմենի կարգավիճակ հաջողացրած մեկը. սրճարանների ցանց ունի, որ հայտնի է թմրանյութեր իրացնելով: Բելգիական իշխանությունները պարբերաբար փակում են այդ սրճարանները, սակայն հայի ճարպկությամբ բացում են մեկ այլ քաղաքում: Թմրանյութ ցրելու գործում նրա գործընկերն է ոմն Արամիկը:
    Թվարկածներից առանձնանում է թալինցի Սեդրակ Բ.ն` նույն ինքը` Սեթը (47 տարեկան). նա միակն է, որ կանոնավոր գնում-գալիս է Հայաստան եւ ուրեմն` նրանով պարզապես պարտավոր են հետաքրքրվել նաեւ Հայաստանի իրավապահ մարմինները: Սակայն… Սեթը Հայաստանում զորավոր հովանավոր ունի` նրա քրոջ ամուսինը մաքսայինում «հարցեր լուծող» բարձրաստիճան ոստիկան է` Սուրիկ Թ.: Թմրանյութի բիզնեսում Սեթը մտածել է յուրօրինակ «ապահովագրություն»` նա այդ գործն անում է մեքենաների առեւտրի անվան տակ, Հայաստան տարվող մեքենաներն էլ «լցոնում» թմրանյութով: Կանխապես նա գնում է անկապ հեռախոսային քարտեր, այդ համարներից զանգում իրեն, որպեսզի բռնվելու դեպքում չքմեղանա, թե այդ համարներից զանգած մարդկանց իրերն են բարձած եղել մեքենաների մեջ:
    Ահա այս մարդիկ են, որ ՀՀ ԱԱԾ հանձնարարությամբ գտնվում են «Զմեյի» աչալուրջ հսկողության ներքո

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29