Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնուս եւ որդիներիս նկատմամբ անարդար քննություն են իրականացրել

Փետրվար 05,2016 14:00
femida

Քննիչների ծեծի գործով ստեփանավանցի
մոր նամակը հանրապետության նախագահին

ԵՍ հայ կին եմ, հայ մայր եւ ապավինում եմ Ձեր անմիջական աջակցությանը՝ օրենքի շրջանակներում ներքոհիշյալ խնդրին արդարացի լուծում տալու հարցում, քանզի առջեւս մի այնպիսի հզոր պատնեշ է, որը ես՝ այս պահին բոլորովին միայնակ մնացած կինս, պարզապես ի զորու չեմ հաղթահարել եւ իմ ձայնը լսելի դարձնել:

2015թ. հունիսի 3-ին՝ երեկոյան, Ստեփանավանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած ծննդյան արարողությունից հետո արարողության մասնակիցների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը շարունակվել է ռեստորանից դուրս։

Վիճաբանությանը միջամտել եւ ներքաշվել է ոստիկանության նախկին աշխատակից, իսկ ներկայումս իր աշխատանքով իր ընտանիքի կարիքները հոգացող ամուսինս՝ Վարուժան Մովսիսյանը, ապա՝ նաեւ կրտսեր որդիս՝ Հայոց բանակում անբասիր ծառայած, բարձրագույն կրթություն ունեցող Ալեքսանդր Մովսիսյանը, ընդ որում՝ վիճաբանությանը մասնակցել են 20-30 հոգի՝ ծննդյան արարողության մասնակիցները։

Երբ վիճաբանությունը գրեթե ավարտվել է եւ կրքերը հանդարտվել են, ռեստորանի հարակից տարածք է եկել մի ավտոմեքենա, որից իջել են երկու երիտասարդ, որոնք, ինչպես պարզվել է, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Էդիկ Կոստանյանն ու նույն բաժնի քննիչ Գագիկ Այվազյանն էին։ Վերջինների գալուց եւ հավաքվածներին մոտենալուց հետո վիճաբանությունը վերսկսվել է, վերածվել քաշքշուկի եւ, ի վերջո՝ ծեծկռտուքի, որի ընթացքում, «քննիչները», անտեսելով իրենց կողքին գտնվողներին, այդ թվում՝ կանանց ներկայությունը, շարունակաբար, լկտի հայհոյանքներ են տվել, ինչից կրքերն էլ ավելի են բորբոքվել։ Տեսնելով «քննիչների» ամբարտավան պահվածքը եւ նրանցից Էդիկ Կոստանյանի կողմից Ստեփանավանի տարեց բնակիչ Կամո Թորոսյանի դեմքին հարվածելու պահը, որդիս՝ Ալեքսանդրը միջամտել եւ փորձել է կանխել միջադեպը, սակայն Էդիկ Կոստանյանի կողմից ոտքով ուժգին հարված է ստացել որովայնի շրջանում։ Այս ամենը տեսնելով, կռվին միջամտել են ամուսինս եւ ավագ որդիս՝ նույնպես ՀՀ զինված ուժերում բարեխիղճ ծառայած եւ բարձրագույն կրթություն ունեցող Արծրուն Մովսիսյանը։ Այս վերսկսված քաշքշուկին եւ կռվին, որի ընթացքում մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, մասնակցել են էլի երկու տասնյակից ավելի մարդիկ։ Միջադեպի մասնակիցները շարունակ փորձել են հանդարտեցնել վերոհիշյալ երկու երիտասարդներին՝ «քննիչներին», հատկապես նրանցից Էդիկ Կոստանյանին, ինչը նրանց երկար ժամանակ չի հաջողվել, ավելին՝ «քննիչները» շարունակել են թեժացնել կռիվը՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով։ Ի վերջո, ներկաների ջանքերի գնով այս ամենն ավարտվել է՝ Էդիկ Կոստանյանը նստեցվել է իրենց մեքենան եւ հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով հեռացել։

Դեպքից անմիջապես հետո ամուսինս գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին ու թեեւ այնտեղ հաղորդում է տվել քիչ առաջ իրեն ծեծի ենթարկելու մասին, այն թողնվել է անհետեւանք, իսկ վերոհիշյալ քննիչների իրականությանը չհամապասխանող զեկուցագրերի հիման վրա, առանց դրանցում ներկայացված տեղեկությունները ստուգելու, հապճեպորեն հարուցվել է քրեական գործ, քննիչները ճանաչվել են տուժող, իսկ ամուսինս ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է։ Երկու ամիս անց կալանավորվել են նաեւ երկու որդիներս։

Սկզբում գործը քննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները, ովքեր առաջին իսկ օրվանից հովանավորության տակ են վերցրել իրենց գործընկեր «քննիչներին» եւ միակողմանի՝ բացառապես ամուսնուս եւ որդիներիս մեղադրելուն միտված քննություն են իրականացրել։ Հետագայում գործի քննությունը հանձնարարվեց ՀՀ հատուկ քննչական ծառայությանը եւ հույս առաջացավ, որ գոնե այդ անկախ քննչական մարմնում օբյեկտիվ քննություն կկատարվի։ Հատուկ քննչական ծառայությունում նույնպես հակված չեն պարզել դեպքի իրական հանգամանքները եւ իրենց քրտինքով եւ ազնիվ աշխատանքով ապրող ընտանիքի երեք տղամարդկանց՝ ամուսնուս եւ որդիներիս թողեցին կալանքի տակ, անտեսելով բոլոր իմ աղերսները: Նրանց կալանավորելուց հետո ես՝ բազմաթիվ հիվանդություններով տառապող կինս, մնացել եմ առանց խնամքի, ավելին՝ ամիսներ շարունակ բռնել եմ Ստեփանավան-Երեւան ճանապարհը եւ հարկադրված եմ ինքս հոգալ անազատության մեջ գտնվող ընտանիքիս երեք անդամների խնամքը։ Եվ սա այն դեպքում, երբ այդ չարաբաստիկ վիճաբանությունը սկսվել է պատահաբար, նախապես ծրագրված չի եղել, վիճաբանողները մինչ այդ միմյանց նկատմամբ որեւէ անձնական թշնամանք չեն ունեցել, վիճաբանության ընթացքում հրազեն կամ սառը զենք չի կիրառվել եւ ամենակարեւորը՝ այն որեւէ անդառնալի կամ ողբերգական հետեւանք չի ունեցել։ Բոլորս էլ պարբերաբար տեղեկանում ենք, որ նման միջադեպեր հաճախ են լինում, եւ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Շատ ավելի լուրջ եւ ծանր հետեւանքների հանգեցրած միջադեպերի մասնակիցների նկատմամբ անգամ այսպիսի աննկարագրելի դաժանություն, որ մի ընտանիքից երեք անձի կալանավորեն, ես չեմ տեսել եւ չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է նման մոտեցման իրական պատճառը։

Այս ամենից հետո ես եկել եմ մի համոզման, որ նախաքննական մարմինը եւ հսկող դատախազը հակված են այս գործն արագ ավարտել եւ հարազատներիս անհիմն առաջադրված ծանր մեղադրանքներով այն ուղարկել դատարան։
Ես մայր եմ եւ ամուսին, չեմ կարող ձեռքերս ծալած նստել, որ ամուսնուս եւ երկու որդիներիս անհիմն դատապարտեն, ինչը կարող է հանգեցնել իրապես անդառնալի հետեւանքների։ Ես պարզապես այս ամենին չեմ դիմանա։
Դիմել եմ նաեւ գլխավոր դատախազին, անձնական ընդունելության խնդրանքով, մտավախություն ունեմ, որ մինչ ինձ ընդունելը գործը կարող է ուղարկվել դատարան, ուստի թախանձագին խնդրում եմ Ձեզ հանձնարարել ամուսնուս եւ որդիներիս կամ գոնե նրանցից մեկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել, ինչպես նաեւ նրանց վերաբերյալ քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ եւ ապահովել արդար ու օբյեկտիվ քննության կատարումը։

ՋՈՒԼԻԵՏՏԱ ԴՈԼՄԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29