Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բալետային արվեստի «բրենդը» 75 տարեկան է

Փետրվար 05,2016 13:30

Վիլեն Գալստյանն իր հոբելյանին առանձնապես չի պատրաստվել

Հայկական բալետային արվեստի երախտավոր Վիլեն Գալստյանի համար ընթացիկ տարին հոբելյանական է: Փետրվարի 12-ին նա կդառնա 75 տարեկան: Անվանի արտիստը պակասը չունի հայաստանյան եւ արտասահմանյան կոչումների, մեդալների, հատուկ մրցանակների: Այսուհանդերձ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրում է հոբելյարին:

Թեեւ մեկ հոդվածի շրջանակը չափազանց փոքր է ներկայացնելու կամ հիշեցնելու անվանի արտիստի հայաստանյան եւ արտասահմանյան գործունեությունը իբրեւ պրեմիեր պարող եւ անդրադառնալ նրա խորեոգրաֆիայով բեմադրված ներկայացումներին, այնուամենայնիվ, նշենք, որ Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետեւ 1961-ից՝ Երեւանի թատրոնում: Վիլեն Գալստյանի արվեստի երկրպագուները մինչ օրս հիշում են նրա կերտած կերպարները, այդ թվում՝ Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում (1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»-ում Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունի»-ում (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթեւս»-ում համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում (1970թ.)… Բոլորը չես թվարկի: Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) եւ այլն:

Vilen_Galstyan_1

Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաեւ Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) եւ այլն:
Ժամանակին հանդիսացել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում եւ այլն: Երեւանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979-ից, 5 տարի եղել է Երեւանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաեւ 1972-75թթ. եւ 1977-79թթ.: Իսկ 2014-ից դարձյալ հրավիրվեց օպերային թատրոն՝ իբրեւ գլխավոր բալետմայստեր: Շուրջ 15 տարի է, ինչ դասավանդում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Vilen_Galstyan_3
Սա ընդամենը արվեստագետի բեմական եւ աշխատանքային գործունեության սեղմ տեղեկագիրն է:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Վիլեն Գալստյանն ասաց, թե այնպես, ինչպես ծննդյան 70-ամյակին, այս անգամ ինքը բացարձակ չի նախապատրաստվել հոբելյանին: Հիշեց, որ ծննդյան 70-ամյակի առիթով Երեւանում իր եւ տիկնոջ՝ բալետի ճանաչված արտիստ Նադեժդա Գալստյանի, որը հիմա թատրոնում է իբրեւ փորձավար, կողքին էին զավակները՝ շվեյցարաբնակ օպերային ճանաչված սոպրանո Ջուլիետ Գալստյանը եւ ֆրանսաբնակ, բալետի առաջատար պարող Դավիթ Գալստյանը: Հետո էլ ժպտալով ասաց. «Ես իմ 75 ամյակը կնշեմ մեր թատրոնում, երբ ընթացիկ թատերաշրջանի ավարտին Աստծո կամոք հանդիսատեսին ներկայացնեմ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացումը»: Երբ մեր զրուցակցին հիշեցրինք, թե այս ներկայացման մասին դեռ մեզ հայտնել էր մի քանի ամիս առաջ, մաեստրոն պատասխանեց. «Օպերային եւ բալետային արվեստները թանկ հաճույքներ են: Միայն բեմադրելը չէ, դրան զուգահեռ զգեստներ են հարկավոր, եւ այլն, եւ այլն»: Հավաստիացրեց նաեւ, թե այսօր իր ղեկավարած բալետային խմբում ստեղծագործում են իսկապես առաջատար արտիստներ՝ Մերի Հովհաննիսյանը, Մարիա Դիվանյանը, Սոնա Առուստամյանը, Սյուզի Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Ավետիսյանը…

Կատակեցինք՝ մի՞թե չի դիմի մեծահարուստներին՝ օգտվելով իր անուն-ազգանունից՝ իբրեւ հայկական բալետային արվեստի բրենդ, այդպիսով արագացնելու ոչ միայն «Դիմակահանդես» բալետի աշխատանքներն, այլեւ հարստացնելու թատրոնի բալետային խաղացանկը: Վիլեն Գալստյանը նշեց, որ ինքը ժառանգել է իսկապես աղքատ խաղացանկ, հետո պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հայաստանյան մեծահարուստների անունների ծանոթ եմ, բայց նրանք իմ շրջապատից չեն: Ինձ շրջապատում են մեծամասամբ արվեստագետներ… Կարծում եմ ոչ միայն «Դիմակահանդեսը», այլեւ մյուս իմ ծրագրերը կիրականացնեմ հնարավորինս արագ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Վիլեն Գալստյանի անձնական արխիվից:

Գլխավոր լուսանկարում` Վիլեն Գալստյանը դստեր՝ Ջուլիետի
եւ որդու՝ Դավիթի հետ (2011թ.):

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29