Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանն աշխարհի համար Չինաստանից ոչ պակաս գործոն է բոլոր առումներով

Փետրվար 05,2016 13:00

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան փետրվարի 8-ից 25-ը
կազմակերպում է հայ-չինական մշակութային օրեր: Վեց տարբեր խորագրերը կուղեկցվեն նաեւ մարզական-առողջարարական միջոցառումներով:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի հետ:

-Ինչպե՞ս առաջացավ այսպիսի ձեւաչափով միջոցառում կազմակերպելու գաղափարը եւ ինչո՞ւ ընտրվեց Չինաստանը:

-Պատճառները շատ են: Մեր տարածաշրջանում ակտիվ սկսել են զարգանալ Չինաստանի հետ հնարավոր մշակութային, գիտական եւ մարզական կապերը: Մենք կարծում ենք, որ կարող ենք օգնել մեր հասարակությանը՝ ճանաչել մեր ապագա բավական հզոր եւ օգտակար գործընկերոջը թե մշակութային, թե տնտեսական, թե սպորտային, ինչպիսին Չինաստանն է: Միեւնույն ժամանակ ուզում ենք, որ չինացիներն էլ բավական չափով ճանաչեն Հայաստանը բոլոր առումներով: Բոլորին է հայտնի, որ չինական մշակույթը ամենահներից մեկն է աշխարհում: Սակայն աշխարհում մշակութային ոչ պակաս գործոն է նաեւ Հայաստանը, Հայկական լեռնաշխարհը՝ ի դեմս հայերի: Երրորդ՝ հայերը եւ չինացիները շատ հին ընտանեկան ավանդույթներ ունեն եւ մեկը մյուսին շատ է նման: Հիմնականում այս երեք գործոնների համադրման շնորհիվ առաջացավ հայ-չինական մշակութային, գիտական եւ մարզական կապերի միջոցառումների շարք կազմակերպելու գաղափարը՝ ներկայացնելով դրանց ընդհանրություններն ու տարբերությունները:

-Փաստորեն համադրումներ եւ համեմատություննե՞ր են լինելու:

-Տեսեք: Չինական գեղագրական տառագրությունը, որ ավելի հայտնի է կալիգրաֆիա անվանմամբ, գալիս է Քրիստոսի ծնունդին նախորդող դարերից: Իսկ հայկական տառերի մասին շատերը գիտեն մեծն Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից: Այնինչ, հստակ տեղեկություններ կան, որ հայկական տառագրությունը գոյություն ունեցել է մաշտոցյան այբուբենից դեռ շատ առաջ եւ Մաշտոցը հայկական տառերը ստեղծելիս հիմնականում օգտվել է դրանցից, որոնք են փորագիր ժայռագրերը: Մեջոցառումների ընթացքում հանգամանալի տեղեկություններ կտրվեն մեր՝ հայկական ազգագրական, հատկապես, ռազմական պարերի մասին: Քչերը գիտեն, որ մենք շատ նմանատիպ պարեր ունենք, որ պարում են չինացիները: Նրանց ռազմական պարերը քիչ բանով են տարբերվում մեր քոչարիից: Սա, արդյո՞ք, չի ասում այն մասին, որ այս երկու մշակույթները ունեցել են սերտ կապեր եւ փոխանակման հնարավորություններ:

Այսօր մեծ թափ է ստանում Մետաքսի ճանապարհի նոր քարտեզի վերականգնումը: Ամբողջ աշխարհը գիտի եւ ասում է, որ Մետաքսի ճանապարհի հիմնադիրները եղել են հայ առեւտրականները: Իսկ Հայաստանն այսօր այդ ճանապարհի վերականգնման հարցերում ետ է մնում: Ես կարծում եմ, որ Հայաստանն այդ գործընթացին լիարժեք ներգրավված լինելու իրավունքն ունի: Պատահական չէ, որ Մետաքսի ճանապարհի միջոցով հայկական համայնքներ են առաջացել Չինաստանում, ինչպես, օրինակ, Վարդանանց տոհմը: Նույն բանը նաեւ սպորտում է: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ պետք է հայ հասարակությանը օգնենք ավելի լավ իմանալ իր պատմությունը, ասենք, որ ի դեմս չինացիների, ունենք լավ ու հավատարիմ գործընկերներ եւ համագործակցության շնորհիվ կարող ենք դառնալ ավելի գրագետ, ավելի հզոր, ավելի կայուն երկիր: Հայ-չինական մշակութային օրերը հիմնականում այս նպատակն է հետապնդում: Եվ որոշել ենք, սա դարձնել ավանդական միջոցառում:

-Միջոցառումների ծրագրերն ավելի մանրամասն կներկայացնե՞ք, որպեսզի մեր ընթերցողը նախապես տեղյակ լինի դրանց մասին:

– Անկեղծ ասած, մենք մի փոքր «խորամանկության» ենք գնացել՝ այս անգամ հրավիրելով միայն լրագրողներին: Նրանք բոլոր վեց միջոցառումներին կլինեն ոչ միայն հյուրի, այլեւ՝ ակտիվ մասնակցի կարգավիճակով: Նրանց համար կազմակերպելու ենք օրվա թեմային վերաբերվող վարպետության դասեր, մասնագետները սովորեցնելու են ամենակարեւոր սկզբնական տեխնիկաները, որոնք պետք են գալու կյանքի ընթացքում: Համոզված ենք, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները այն, ինչ կզգան իրենց վրա, հաճույքով զգացածի մասին կկիսվեն հասարակության հետ:

-Մարզական ի՞նչ ծրագիր կա:

-Յուրաքանչյուր մարդու հաջողության գրավականն առաջին հերթին իր առողջ ապրելակերպն է. առողջ ուղեղը՝ առողջ հոգում: Եթե դու տկար ես՝ նենգ ես ու հաջողության հասնելը շատ դժվար է, որովհետեւ խոչընդոտները եւ դիմացկունությունը տարբեր պատնեշների տեսքով շատ են: Վերջին օրը մեր մասնագետները վարպետության դասեր կանցկացնեն առողջարարական մարմնամարզության, առողջարարական շնչառական տեխնիկաների, ինքնապաշտպանության ոլորտներում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29