Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մոդայիկ» մասնագիտությունների ու նախասիրության արանքում

Փետրվար 05,2016 12:30

Հաճախ կարելի է լսել, թե ճիշտ ընտրված մասնագիտությունը ապահովում է հաջողակ կարիերա: Արդյոք դա այդպե՞ս է: Այն, ինչ սիրում ենք ընտրել եւ դարձնել մասնագիտություն, կարո՞ղ է ապահովել հաջողակ ընթացք, թե՞ պետք է նաեւ հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները: Մասնագիտական կողմնորոշման հարցում կարեւոր դեր ունի ոչ միայն աշակերտի, երիտասարդի հետ աշխատանքը, այլեւ նրան շրջապատող միջավայրը: Շատ անգամ շրջանավարտները առանց երկար մտածելու, հաշվի չառնելով սեփական նախասիրությունները, ընտրում են այսպես կոչված «մոդայիկ» մասնագիտություն:

Ինչ պատկերացումներ ունեն այսօր մեր տասներկուերորդդասարանցիներն իրենց ընտրած մասնագիտությունների մասին, ինչ են հաշվի առել ընտրություն կատարելուց առաջ, փորձեցինք պարզել ապագա մասնագետներից՝ այսօրվա շրջանավարտներից:
Օրինակ, Անին պատմում է, որ դեռ մանկուց է ցանկացել բժիշկ դառնալ, եւ մինչ օրս էլ հավատարիմ է մնում իր որոշմանը. «Դեռ մանկուց, թե ինչ պետք է դառնամ, այդ հարցին պատասխանում էի՝ բժիշկ: Ես այս պահին ավարտական դասարանում եմ, եւ իմ կարծիքը չեմ փոխել: Ինձ համար այդ մասնագիտությունը հոգեհարազատ է, այն առումով, որ ես սիրում եմ միշտ օգտակար լինել մարդկանց»:

Նրա տարեկցի՝ Մարիամի ծնողները կողմ չեն աղջկա ընտրությանը, սակայն ունեն իրենց տարբերակը մասնագիտության հարցում: «Ես ինձ միշտ պատկերացրել եմ արվեստի բնագավառում: Բայց ծնողներս ինձ ցանկանում են տեսնել իրավաբանի կարգավիճակում, պատճառաբանելով, որ արվեստը ինձ «չի կերակրի»: Այժմ ես ստիպված եմ ընտրություն կատարել իմ նախասիրած մասնագիտության եւ ծնողներիս կամքի միջեւ»,- նեղսրտում է աղջիկը:

Թեմայի վերաբերյալ մեզ հետ զրույցում հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ շատերն այսօր մասնագիտությունն ընտրում են՝ հետագայում դրա շահույթը հաշվի առնելով, ինչը, ըստ հոգեբանի, այդքան էլ ճիշտ չէ:

«Պետք է մասնագիտություն ընտրելուց առաջ կենտրոնանալ սեփական ցանկությունների վրա: Չմոռանալով իհարկե, թե ինչ ընդունակություններ ունես, եւ որ ոլորտում կարող ես քեզ դրսեւորել լավագույնս»,- ասում է հոգեբանը:

Մեր այն հարցին, թե ինչի կարող է հանգեցնել սխալ մասնագիտության ընտրությունը, տիկին Ավետիսյանը պատասխանեց. «Մասնագիտությունը ամբողջությամբ ազդում է մարդու կյանքի եւ աշխարհայացքի վրա: Ուստի սխալ ընտրված մասնագիտությունը կարող է հանգեցնել նրան, որ մարդը այդպես էլ չկայանա որպես մարդ, եւ չկարողանա ինքնադրսեւորվել, քան որ մասնագիտությունը, որը նա ընտրել է, եւ որով նա զբաղվում է, իրենը չէ»:

Նրա ձեւակերպմամբ, մասնագիտության ընտրության հարցում հաճախ «օգնության են հասնում» ծնողները, ինչը ունենում է իր թե դրական եւ թե բացասական կողմը: Ինչքանո՞վ է ճիշտ ծնողների միջամտությունը մասնագիտություն ընտրելիս: Այս հարցի վերաբերյալ էլ հոգեբանը նշեց. «Եթե երկու կողմերի ցանկությունները համընկնում են, ապա ինչու՝ ոչ: Իսկ եթե միայն ծնողների ցանկությամբ է դա կատարվում, ապա հետագայում կարող է անհաճո հետեւանքների հանգեցնել»:

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29