Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ ամպեր»՝ Պուտինի գլխավերեւում, կամ՝ Կրեմլից Հաագա ճանապարհին

Փետրվար 05,2016 12:00

Հստակ մեղադրանք

Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման տոնայնությունը վերջին շրջանում բոլորովին այլ հարթություն տեղափոխվեց: Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ադամ Շուբինը BBC-ի պատրաստած` «Պուտինի գաղտնի հարստությունը» վավերագրական ֆիլմում հայտարարել է, թե ԱՄՆ-ը համարում է, որ Պուտինը կոռումպացված է. «Միացյալ Նահանգներին հայտնի է Ռուսաստանի նախագահի կոռումպացվածության մասին»: Այս գնահատականի առիթով Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը պարզաբանել է, թե այն միանշանակ արտահայտում է ԱՄՆ նախագահի, վարչակազմի դիրքորոշումը:
Այժմ բանավեճի «քարեր» են նետված` թեման զարգացնելու, քննարկելու ուղղությամբ, ողջ միջազգային մամուլը հեղեղված է Պուտինի կոռումպացվածության մասին նյութերով, մեկնաբանություններով, հայտարարություններով: Օրինակ՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը հստակ չի պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է պատժամիջոցներ սահմանել հենց Վլադիմիր Պուտինի դեմ: Ըրնեսթն ասել է, որ դա ֆինանսների նախարարության իրավասության հարց է: Իսկ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ուժային կառույցին հավասար գերատեսչություն է, Ադամ Շուբինն էլ` ֆինանսական հետախուզության ղեկավար:

Կրեմլն արձագանքեց Սպիտակ տան խոսնակի հայտարարությանը: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ ՌԴ նախագահը ծանոթ է իր հասցեին հնչած մեղադրանքին եւ դա անընդունելի է համարում: Նա ասել է, թե նման «վիրավորական մեղադրանքները» վերաբերում են նաեւ Ռուսաստանում ապրող 100 միլիոն մարդկանց, որոնք աջակցում են Պուտինին: ՌԴ իշխանություններն ակնկալում են բացատրություններ՝ հայտարարել է Պեսկովը` հավելելով, որ Սպիտակ տան մեղադրանքները կապված են 2018-ին Ռուսաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ: Կրեմլի խոսնակի փոխանցմամբ՝ ռուսական թեման ԱՄՆ-ում օգտագործում են ներքաղաքական նախընտրական գործընթացներում. «Այնտեղ նախագահական արշավ է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են թեկնածուները Պուտինի վերաբերյալ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ քննադատությամբ հանդես գալիս ու բառացիորեն մրցում են, թե ով ավելի սուր քննադատությամբ կներկայանա»:

Ինչպես նկատում ենք, Մոսկվան չի էլ փորձել հերքել Վաշինգտոնի ներկայացրած գնահատականը: ԱՄՆ-ից բացատրություն ակնկալելու հայտարարությունը հերթապահ մի արձագանք է, որը նման դեպքերում ընդունված է կիրառել: Բարձրաստիճան պաշտոնյային, նույնիսկ պետության նախագահին կոռումպացված անվանելը մեր տիպի երկրներում, նաեւ Ռուսաստանում գուցե ոչ մեկին չի էլ անհանգստացնում, առավել եւս` հուզում, բայց ոչ ԱՄՆ-ում, որտեղ նման գնահատականները հենց այնպես օդում չեն ասվում. դրանք պետք է փաստարկված լինեն ու ենթադրում են հետեւանքներ: Իսկ հետեւանքների պակաս կարծես արդեն չի զգացվում…

Լիտվինենկոյի սպանության ծանր բեռը

Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի առեղծվածային մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության ամփոփիչ զեկույցը եզրակացրեց, որ նրա մահվան հետեւում կանգնած է Ռուսաստանի իշխանությունը, եւ որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը:

Դատավոր Ռոբերտ Օուենի ուսումնասիրությունից բխեցվում է, որ մեծ հավանականությամբ Լիտվինենկոյի սպանությունը իրականացրել են Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կովտունը եւ Անդրեյ Լուգովոյը՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հրամանով։ Լիտվինենկոյի վերացման գործողությանը ամենայն հավանականությամբ անձամբ հավանություն է տվել Անվտանգության դաշնային ծառայության պետ Նիկոլայ Պատրուշեեւը: Դատավորը նաեւ նշել է, որ Լիտվինենկոյի ու Պուտինի միջեւ անձնական թշնամանք կար, Պուտինի աշխատակազմի անդամները Լիտվինենկոյին սպանելու շարժառիթներ ունեին:

Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006թ. նոյեմբերին՝ Լոնդոնում: Մահամերձ Լիտվինենկոն Պուտինին մեղադրել էր իր սպանությունը պատվիրելու մեջ: Նրա մահվան պատճառը ռադիոակտիվ «պոլոնիում-210»-ի մեծ չափաբաժինն էր դարձել, որը ենթադրվում է՝ խառնված է եղել նրա թեյի հետ: Մահվանից երեք շաբաթ առաջ՝ 2006թ. նոյեմբերի 1-ին, Լիտվինենկոն Լոնդոնում «Միլլենիում» հյուրանոցում հանդիպել էր 2007-ից Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի եւ գործարար Դմիտրի Կովտունի հետ, հանդիպմանը նրանք թեյ էին խմել, ու կային ենթադրություններ, որ Լիտվինենկոյի թեյը թունավորված է եղել ռադիոակտիվ պոլոնիումով, որի արդյունքում էլ նա մահացավ: Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավար Փիթեր Քլարկը հայտարարել էր, որ պոլոնիումի հետքեր են հայտնաբերվել այն օդանավում, որով Լուգովոյն ու Կովտունը ժամանել էին Լոնդոն, ինչպես նաեւ Լոնդոնի այն վայրերում, որտեղ նրանք եղել էին:

Ալեքսանդր Լիտվինենկոն 2001-ին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան էր ստացել: Նա խիստ քննադատում էր Ռուսաստանի իշխանություններին եւ նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Լիտվինենկոն սպանվել է, քանի որ ապացույցներ ուներ հանցավոր քրեական խմբերի հետ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապերի մասին:

Ի դեպ, Ալեքսանդր Լիտվինենկոն հայտնի էր նաեւ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ արած սենսացիոն մի հայտարարությամբ: Նա 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե. 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»,- ասել էր Լիտվինենկոն:

Պաշտոնական Մոսկվան մշտապես մերժել է Կովտունին եւ Լուգովոյին բրիտանացի իրավապահներին հանձնելու՝ Լոնդոնի առաջարկները: ՌԴ-ն հերքում է Լիտվինենկոյի մահվանը մասնակցություն ունենալու մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք պայմանավորված են քաղաքական շարժառիթներով: Մինչդեռ Լիտվինենկոյի այրին՝ Մարինա Լիտվինենկոն, կարծիք է հայտնել, թե կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմ պետք է տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառել։

Եվս մեկ հարված` Պուտինին

2008թ. օգոստոսյան հնգօրյա ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ օրերս: Հաագայի Միջազգային քրեական դատարանը սկսում է ռուս-վրացական պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը:

Դատարանի երեք անդամների կողմից կայացրած որոշման համաձայն՝ գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչական այն խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով: «Իմ ղեկավարած գրասենյակը դեռ անցած տարվա հոկտեմբերին էր դիմել հետաքննության մեկնարկի պաշտոնական թույլտվություն ստանալու խնդրանքով` հիմք ընդունելով մեր տրամադրության տակ գտնվող հավաստի եւ մանրակրկիտ վերլուծության ենթարկված տեղեկությունները Վրաստանի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների մասին: Դրանցում ներգրավված են եղել հակամարտության բոլոր երեք կողմերը` Վրաստանի զինված ուժերը, Հարավային Օսիայի ստորաբաժանումներն ու Ռուսաստանի զինված ուժերը»,- իր տեսաուղերձում նշել է Բենսուդան` հավելելով, որ Միջազգային քրեական դատարանի կողմից օգոստոսյան պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտությունը ծագեց այն բանից հետո, երբ 2015թ. մարտին Վրաստանը անորոշ ժամկետով դադարեցրեց այս գործի հետաքննությունը: «Երբ անհրաժեշտ պահը գա, մենք կդիմենք դատարանին` քրեական պատասխանատվության ենթակա անձանց ձերբակալության կամ բերման ենթարկելու միջնորդությամբ»,- ասել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը:

Հաագայի դատարանի` հետաքննություն սկսելու որոշման մեջ նշված են ռազմական հանցագործությունների այն կոնկրետ տեսակները, որոնց շուրջ ծավալվելու է ապացույցների փնտրտուքը: Միջազգային քրեական դատարանի դատավորների վճռի համաձայն՝ Բենսուդայի ղեկավարած խումբը հետաքննելու է «2008թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում միջազգային զինված հակամարտության համատեքստում կատարված կանխամտածված սպանությունները, խաղաղ բնակչության բռնի տեղահանման եւ հետապնդումների դեպքերը, կանխամտածված հարձակումները խաղաղապահների վրա, դիակապտության եւ ուրիշի ունեցվածքի ոչնչացման դեպքերը»:
2008թ. օգոստոսի հնգօրյա ռուս-վրացական պատերազմի ռազմական հանցագործությունների հետաքննությունը հերթական լուրջ հարվածն է Պուտինին Արեւմուտքի կողմից: Աշխարհը կկանգնե՞ր ուկրաինական խնդրի առջեւ, եթե 2008-ին Արեւմուտքի արձագանքը Ռուսաստանի գործողությունների նկատմամբ լիներ այնպիսին, ինչպիսին հիմա է:

Բոլոր նախադրյալները կան այսօր արձանագրելու, որ Պուտինի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքն արդեն անցել է կոնկրետ հետեւանքների ու գործողությունների իրականացման փուլի: Ժամանակը ցույց կտա, թե Արեւմուտքին ինչպիսի Պուտին է հարկավոր` թույլ, իրենց հետ բանակցող, հնազանդ ու համաձայնությունների եկո՞ղ, թե՞ նախապատվություն կտրվի նրա հետ առհասարակ այլեւս գործ չունենալը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն, Պուտինն ալ հիմա կարգին խուճապի մէջ է

    չի գիտեր ինչ անի, ուր փախչի, ոնց իր մորթը փրկի…

    մէկ օրից միւսը՝ վերջը գալու է

    «Զատիկը առա՛նց Պուտինի», դավայ

    ինչ եմ ասում, մինչեւ Զատիկ իսկ չի դիմանար… «Valentine’s Day»-ը առա՛նց Պուտինի

  2. Հ.Շ. says:

    այս խորաթափանց յօդուածի վերնագրի հիման վրայ, հետեւեալ երգը ձօնենք ուրեմն խեղճ Պուտինին, որու օրերը – թերեւս նոյնիսկ ժամերը – համրված են այլեւս… ՝

    https://www.youtube.com/watch?v=5Z6kJ_NHg-s

    (կամ ել այս մէկը
    – Ժողովրդավարութեան, Սրբութեան եւ Անեղծութեան լեզվով – ՝
    https://www.youtube.com/watch?v=qEPrmIbZUi0 )

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29