Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ՆԿԱՐՆԵՐ

Փետրվար 05,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ տասնութերորդ

ՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ՆԿԱՐՆԵՐ

Եվ  ես Վարուժին  ասացի՝ «հարուր տարվա ընկեր ենք, բայց քեզնից ոչ մի հատ նկար չունեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «ես մեղավոր չեմ, որ միամիտ ու ջահել վախտս հետս ընկերություն չես արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի վախտ ամեն շունշանգյալի նկար էի նվիրում», եւ ես ասացի՝ «քեզանից ոչ մի հատ նկար չունեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ մի հատ նկար պարտք եմ», եւ ես նեղսրտած ասացի՝ «նկարիչներից ում հետ մոտիկություն եմ արել, ոչ մեկից ոչ մի հատ նկար չունեմ», եւ Վարուժը հարցրեց՝ «ո՞ւմ հետ ես մոտիկություն արել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Սեյրանի, Կարոյի, Հակոբ Հակոբյանի, Իսաբեկյանի» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ուրիշ նկարիչների հետ էլ եմ մոտիկություն արել, բայց ոչ մեկից ոչ մի հատ նկար չունեմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «էդ թվարկածներդ քեզ նկար կնվիրե՞ն, այ հարիֆ», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բա ուրիշներին ո՞նց են նվիրել», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ջահել ու միամիտ վախտերն են նվիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հակոբն ինչի՞ պիտի քեզ նկար նվիրի», եւ ես մի քիչ  մտածեցի ու ասացի՝ «ինքն իմ գրածները շատ ա հավանում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «բայց դու քո գրածներն իրան նվիրե՞լ ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «համարյա  բոլոր գրքերս նվիրել եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այ խելոք, ոչ թե գրքերդ պիտի  իրան  նվիրեիր, այլ պիտի բանաստեղծություններիցդ մեկի վերեւում գրեիր՝ նվիրում եմ մեծ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանին», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «որ գրեմ՝ կնվիրի՞», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝  «հաստատ չեմ կարա խոսք տամ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «իրա նկարների գները գնալով աճում են», եւ ես խորամանկ ժպտալով Վարուժին ասացի՝ «բայց քեզ բանաստեղծություն նվիրել եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար էլ ասում եմ, որ քեզ մի հատ նկար պարտք եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պորտրետս չեմ ուզում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ խնդրես էլ, պորտրետդ չեմ տա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ իմ արած լավագույն պորտրետներից ա», եւ ես նայեցի նկարակալի նկարին  ու ասացի՝ «ես էս կիսատ նկարն եմ ուզում», եւ Վարուժը նայեց նկարակալին դրված նկարին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս ոչ թե կիսատ նկար ա, այլ հեչ սկսած էլ չի», եւ ես ասացի՝ «ես էդ չսկսածն եմ ուզում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ըսենց յազվություն անեիր, կարող ա նույնիսկ Հակոբը քեզ նկար նվիրեր», եւ ես նայեցի նկարին ու ժպտալով ասացի՝ «ես է՛ս եմ ուզում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «բայց էս նկարդ մի հատ շատ լուրջ թերություն ունի», եւ Վարուժը նայեց նկարին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս նկարը ոտից գլուխ թերություն ա», եւ ես ասացի՝ «էս նկարիդ մենակ մի բան ա պակասում», եւ Վարուժը քմծիծաղով հարցրեց՝ «ի՞նչ ա պակասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «քո ստորագրությունը», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «գնալով պահանջներդ մեծացնում ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պահանջ եմ մեծացրել», եւ Վարուժը տհաճությամբ նայեց նկարին ու ասաց՝ «մենակ էդ էր պակաս, որ էս անհեթեթության տակ իմ ստորագրությունը դնեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու Վարուժին հարցրի՝ «կյանքումս քեզնից բան խնդրած կա՞մ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ ես ասացի՝ «ես էլ չեմ հիշում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ասածդ ի՞նչ ա», եւ ես ասացի՝ «ասածս էն ա, որ հիմի խնդրում եմ», եւ Վարուժը հարցրեց՝ «ի՞նչ ես խնդրում», եւ ես ասացի՝ «էս նկարի տակ ստորագրում ես ու նվիրում ես ինձ», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «դու քո ասածին հավատո՞ւմ ես», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Վարուժը վրդովված ասաց՝ «կարող ա՞ էս անկապության տակ իմ ստորագրությունը դնեմ», եւ ես նեղսրտած ասացի՝ «կյանքումս մի բան խնդրեցի՝ չես անում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ կարգին բան խնդրեիր, կարող ա մտածեի», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած  հարցրի՝ «կարգին բանը ո՞րն ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «կարող ա՞ էրկու մետրանոց նկարներիցդ ուզեի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «էրկու մետրանոց նկար ընկերոջիցդ կուզես», եւ ես հարցրի՝ «ո՞ր ընկերոջիցս», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հակոբ Հակոբյանից», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իմ ընկերը դու ես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «ինքը քո գրածները  շատ ա հավանում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ինքը էրկու մետրանոց նկար չունի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի մեծ էլ ունի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չեմ հիշում», եւ Վարուժն ասաց՝ «չես կարա չհիշես. էդ իրա ամենահայտնի նկարն ա. կոչվում ա՝ «Ո՛չ նեյտրոնային ռումբին», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ նկարը չեմ ուզում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «թե չէ՝ որ ուզեիր, կարող ա տար», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ նկարը լավ նկար ա, բայց տանը կախելու նկար չի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մալեւիչի «Սեւ քառակուսին» տանը կախելու նկար ա՞, որ մարդիկ միլիոններ են տալիս»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29