«Քաղցկեղը դատավճիռ չէ». այս թեմայով այսօր Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Անի Հակոբյանը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում հետաքրքիր դասախոսություն կարդաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կազմակերպած հանրային իրազեկման արշավի ժամանակ:
Նա պատմեց, որ տարիներ առաջ երկմտում էին՝ ասե՞լ, թե՞ չասել հիվանդին, որ ունի քաղցկեղ, որովհետեւ գիտեին, որ գործ ունեն մահվան դատապարտված մարդու հետ, իսկ հիմա գիտատեխնիկական առաջընթացը մեծ է եւ քաղցկեղը՝ լիովին բուժելի: Անի Հակոբյանն ասաց, որ քաղցկեղի դեմ պետք է պայքարել, այդ պայքարի արդյունքում է, որ ունենք փրկված բազմաթիվ կյանքեր. «Մենք դեռ շատ կանանց հետ ապացուցելու ենք, որ կյանքը գեղեցիկ է եւ կարելի է հաղթել քաղցկեղին»:
Կրծքագեղձը թիրախային է համարվում, քանի որ կրծքագեղձի վրա ազդում են մեր օրգանիզմի ցանկացած հորմոնալ տեղաշարժերը՝ ֆիզիոլոգիական, ախտաբանական, ուստի կրծքագեղձը միշտ խոցելի է: Բժշկի խոսքերով՝ «Կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է կանանց մոտ, հիվանդություններից մահացության սանդղակում 2-րդ տեղն է գրավում: Աշխարհում հայտնաբերվում է մոտ 1 մլն նոր դեպք՝ յուրաքանչյուր տարի: Նոր դեպքերի 95 տոկոսը եւ մահացածների 97 տոկոսը դիտվում է 40 տարին անց շրջանում: Կին լինելն արդեն մեծագույն վտանգ է ՝ունենալու կրծքագեղձի քաղցկեղ: Ճիշտ է, այս հիվանդությունը նաեւ հանդիպում է տղամարդկանց մոտ, բայց 100 անգամ պակաս է, քան կա կանանց շրջանում: Կարեւոր է գենետիկ նախատրամադրվածությունը»:
Բժիշկը պատմեց, որ մենք ունենք BRCA1 եւ BRCA2 գեները, որոնք պաշտպանում են մեզ կրծքագեղձի քաղցկեղից, բայց երբ այդ գեների մուտացիա է դիտվում օրգանիզմում, վտանգը, որ կհիվանդանանք, 40 տոկոսով մեծանում է. «Անգելինա Ջոլին՝ բոլորիս հայտնի, դիմեց երկկողմանի կրծքագեղձի հեռացման սիլիկոնային ներդիրների վիրահատության, միայն այն պատճառով, որ մայրն ուներ քաղցկեղ եւ ինքն ուներ այդ գեների մուտացիա: Դրանով ինքը կանխարգելեց իր մոտ քաղցկեղի ձեւավորումը՝ վիրահատության միջոցով: Քաղցկեղը կանխարգելելու համար ցանկալի է մայրանալ մինչեւ 35 տարեկանը: Այսօր մեր աղջիկները այս ակտիվ աշխատանքային իրավիճակներում ձգտում են հասնել ավելիի, ավելիի եւ մոռանում են բնության կողմից մեզ տրված ամենամեծ շնորհքի մասին՝ դա մայրանալն է: Սիրելի՛ աղջիկներ, մինչեւ 35 տարեկան մայրանալը նպաստում է քաղցկեղ չունենալուն, մինչեւ 35 տարեկանը ինչքան շատ երեխա՝ այնքան հեռու կլինեք քաղցկեղից»:
Կարդացեք նաև
Անի Հակոբյանը նշեց, որ աբորտները՝ հղիության արհեստական ընդհատումը շատ է ազդում քաղցկեղի ձեւավորմանը. «Պատկերացրեք, օրգանիզմը սկսում է պատրաստվել հղիության, կուրծքը սկսում է փոփոխություններ կրել, մեկ էլ հոպ՝ կտրվում է այդ ամբողջ նորմալ ընթացքը: Մի քանի այդպիսի ազդակ կարող են համարվել քաղցկեղածին: Կրծքով կերակրելը շատ կարեւոր է քաղցկեղ չունենալու համար: Ինչքան շատ ենք կերակրում կրծքով՝ այդքան հեռու ենք քաղցկեղից: Սակայն չեմ ընդունում այն կանանց, որոնք կերակրում են իրենց երեխաներին 3 տարի եւ ավելի: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք քաղցկեղով հիվանդ կանայք, որոնք հպարտանում են, որ կերակրել են 4-5 տարի, 6 տարի, բայց հիվանդացել են քաղցկեղով: Շատ հոգնեցնել կրծքագեղձը՝ անընդհատ կաթ տալով՝ դա էլ բնական չէ ու նորմալ չէ»:
Անի Հակոբյանը հորդորեց 40-նն անց կանանց, որ գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի ու ստուգվեն՝ անկախ նրանից՝ կասկածո՞ւմ են որեւէ բան, շոշափո՞ւմ են ուռուցք կրծքում, թե՞ ոչ:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ