Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է քաղցկեղը գլխիվայր շուռ տվել կյանքը, Անի Հայկունին՝ քաղցկեղի դեմ իր պայքարի մասին (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 22:33

Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է եւ այդ առիթով «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ –ն Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր հանրային իրազեկման արշավ:

Միջոցառման ընթացքում քաղցկեղ ունեցող մի երիտասարդ աղջիկ՝ Անի Հայկունին պատմեց, թե ինչպես է ինքը պայքարում քաղցկեղի դեմ եւ ինչպես է քաղցկեղը գլխիվայր շուռ տվել իր կյանքը: Նրա մոտ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2015-ի հուլիսին հայտնաբերել են քաղցկեղ՝ ագրեսիվ տեսակը, որը նախկինում համարվում էր անբուժելի:

IMG_1996 IMG_2011 IMG_2006

Անիի խոսքերով՝  ես պիտի Հայաստանից մեկնեի, բայց արի ու տես, որ ինձ մոտ հայտնաբերեցին քաղցկեղ: Սա փորձություն էր, որը ես պիտի անցնեի: Ինչպես տեսնում եք, ժպիտը չի պակասում իմ դեմքից: Էս պայքարն ինձ դարձնում է ավելի ուժեղ: Բուժմանս հիմնական մասը կվերջացնեմ այս տարի, բայց բուժումս կտեւի տարիներ: Այս ընթացքում շատ բաների միջով եմ անցել, հասկացել եմ, որ քաղցկեղի դեմ պայքարել պետք չի: Երբ որ գիտես, որ քո օրգանիզմում կա ինչ-որ բան, չպետք է նրան վնասես, պետք է հասկանաս, թե ինչից է այն առաջացել»:

Անին ասաց, որ քաղցկեղը ստիպել է իրեն հետ նայել, վերլուծել իր անցածը. «Ինձ համար այս ամենը շանս է՝ հնարավորություն եւս մեկ անգամ վերանայելու ամեն ինչ՝ ինչ եմ ուզում ես կյանքում, ինչ եմ ուզել միշտ, որ չեմ արել: Ես ստացել եմ այս հարցերի պատասխանները»:

Անին խոսեց նաեւ խնդիրների մասին, որոնց հանդիպում են քաղցկեղով հիվանդները Հայաստանում. «Կան բազմաթիվ խնդիրներ, դրանցից մեկը դեղերն են: Դեղերի գինն է շատ բարձր: Հիվանդը տասնյակ հազարներ է ծախսում: Կան դեղեր, որոնք անցնում են 2000 դոլարը՝ մեկ սրվակը: Իսկ մենք ունենք հիվանդներ, ովքեր բացարձակ չունեն հնարավորություն: Եթե ես չունենայի հնարավորություն եւ չսկսեին իմ ընկերները դրամահավաքը, ես ի՞նչ էի անելու»:

Մեզ հետ զրույցում Անին պատմեց, որ քաղցկեղով հիվանդ լինելու լուրն անսպասելի է եղել. «Այնպես չէր, որ ես երկար ժամանակ գանգատներ եմ ունեցել: Ցավերը ընդամենը մի քանի օր տեւեցին, գնացի բժշկի, ինձ սոնոգրաֆիա արեցին, հետո՝ մամոգրաֆիա, հետո ցույց էին տալիս նկարները ու ցույց տվեցին, որ քո մոտ այսպիսի տեսակն է: Քանի որ ագրեսիվ տեսակն է, կարճ ժամանակում բավականին մեծացել էր ուռուցքը»:

Մենք հետաքրքրվեցինք, թե իր դեպքում որքա՞ն է կազմում դեղերի ծախսը ամսական կտրվածքով: Անին պատասխանեց. «21 օրը մեկ 1 մլն դրամն անցնում է»:

Անին քաղցկեղով հիվանդներին խնդրում ու հորդորում էր՝ «Երբեք մի՛ հանձնվիր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29