Լրահոս
Օրվա լրահոսը

Խա՞ղ, թե՞ փորձություն. մարդկային կախվածությունը՝ որպես խաղադրույք

Փետրվար 04,2016 22:19

Խաղամոլությունն աշխարհի ու խաղի չափ հին է, առաջին զառերը  հնէաբանները դեռևս Եգիպտոսում են հայտնաբերել, սակայն, ի ուրախություն եգիպտացիների, նրանց  այն ժամանակ խորթ էին համակարգչային խաղադրույքներն ու, հետևաբար, «օնլայն խաղամոլությունը»:

Համացանցի ծննդից հետո փոփոխության է ենթարկվել նաև խաղերի աշխարհը: Խաղամոլները, իրականության զգացումը վիրտուալ աշխարհում ավելի շատ կորցնելու հետևանքով, սկսել են ավելի արագ դատարկել իրենց գրպանները, հոգեբանների գործն էլ բարդացել է. եթե այն ժամանակ կարելի էր օգնել այցելուին և իր հարազատներին փոքր-ինչ վերահսկել քայլերը և ռիսկային իրավիճակներում խուսափել ոչ ցանկալի վարքային դրսևորումներից, ապա հիմա խնդիրն արդեն ապրում է տան մեջ՝ համակարգչում, սնվում է ինտերնետով, այցելուի աշխատավարձով ու հոգեբանական խնդիրներով:

Նարեկ Սիմոնյանի (անունը փոխված է,-հեղ.) տանը խաղամոլությունը  երկար ժամանակ է հյուրընկալվել՝ մինչև որ երկուսով  ուղղակի  անտուն մնացին՝ պարտքերի երկար ցուցակը ձեռքներին: Բախտը Նարեկին ժպտալու փոխարեն սկսել էր ուղղակի դեմքը ծամածռել. երեք տարվա ընթացքում, ինչպես Նարեկը նշեց, չի կորցրել միայն իր անուն-ազգանունը. «Անհասկանալի զգացում էր, ես չէի գիտակցում, որ խաղում եմ մեծ թվերի հետ, որովհետև, հատկապես առցանց խաղադրույքների ժամանակ, տպավորություն է, թե գումարն էլ է անիրական, հիսուն հազարը ոչ թե տարադրամ է, այլ ուղղակի խաղաքարտ, կարծես քո հաշվեհամարից չեն վերցնում այդ գումարը: Ինձ անընդհատ թվում էր, որ վերահսկում եմ իրավիճակը, որ չեմ դադարեցնում խաղալը ոչ թե նրա համար, որ չեմ կարողանում, այլ որովհետև չեմ ուզում: Հենց ուզեմ՝ կստացվի: Եկավ մի պահ ու հասկացա, որ ես չեմ  դադարեցնում, որովհետև  ենթագիտակցորեն հասկանում եմ, որ այլևս չեմ կարող կանգնել: Մի քանի անգամ ինքնուրույն ստացվել է չխաղալ, ութ ամիս չեմ խաղացել, հետո վերսկսել եմ, հետո ևս երկու ամիս դադար ու, ի վերջո, էլի գրանցում բուքմեյքերական կայքերում:

Մեծ պարտքեր էի կուտակել: Անընդհատ մտածում էի, որ այս անգամ կխաղամ, բախտս կբերի, պարտքերս կփակեմ ու էլ երբեք տվյալ կայք մուտք չեմ գործի: Իհարկե, համեմատաբար մեծ շահումներ նույնպես ունեցել եմ, երկու անգամ կես միլիոն դրամ եմ շահել: Բայց վերջին շրջանում բախտս չէր բերում: Բերելուց էլ գումարը տեսնելով ,կորցնում էի ինձ ու շահածս էլի վատնում:

Երկար ժամանակ չէի կարողանում ընդունել, որ խաղամոլ եմ: Անգամ հոգեբանի հետ թերապիայի ընթացքում առաջին հանդիպումներին անընդհատ վիճում էի  ու խնդրում ինձ խաղամոլ չանվանել, որովհետև դեռ մտածում էի, որ ես եմ վերահսկում իրավիճակը: Հիմա կարողացել եմ խնդիրներս լուծել. հոգեթերապիայի օգնությամբ ազատվեցի կախվածությունից, վերգտա հարազատներիս, աշխատանքս ու նախկին կյանքիս վերադառնալու բացարձակ ոչ մի ցանկություն չունեմ: Հիմա խնդիրները իրատեսորեն եմ լուծում, ոչ թե վազում հեշտ ճանապարհների ետևից»:

Հոգեբան, հոգեթերապևտ Արման Բեգոյանն աշխատանքի բերումով հաճախ է նման պատմություններ լսում: Կես միլիոն շահույթը, կորցրած տունն ու ընտանիքը վաղուց արդեն չեն զարմացնում նրան. ավելի վատ պատմություններ էլ է լսել: Իր գործընկերների պես նա փաստում է, որ  համացանցային խաղամոլության գլխավոր խնդիրը անկառավարելիությունն է. «Օրինակ, ԼՂՀ-ում առհասարակ արգելված են թե՛ կազինոները, թե՛ բուքմեյքերական կետերը: Փաստացի բարենպաստ  միջավայր  է ստեղծվում օնլայն խաղադրույքներ անելու համար, Ղարաբաղից շատերն են մեզ դիմում:  Օրենքը ստեղծվել է  մարդկանց՝ խաղերից ու խաղամոլությունից հետ պահելու համար, սակայն ինտերնետը տալիս է հնարավորություն՝ օրենքը շրջանցելու»:

Արման-Բեգոյա

Սուտ են նաև պնդումները, թե անգամ հաճախակի խաղալու պարագայում ամեն բան վերահսկելի է. «Խաղամոլների երեք տեսակ՝ սոցիալական, պրոֆեսիոնալ և պրոբլեմային: Սոցիալական խաղացողներն այն մարդիկ են, ովքեր հենց հաճույքի համար են խաղում՝ որպես այդպիսին չակնկալելով մեծ շահումներ: Պրոֆեսիոնալները հիմնականում խաղը դիտարկում են որպես աշխատանք ու ինքնակառավարումը որոշ ժամանակ չեն կորցնում, քանի որ ամեն անգամ խաղում են կոնկրետ նպատակով, ինչ-ինչ գումարի շրջանակներում ու իրենց կողմից դրված սահմանն ուղղակի չեն անցնում: Պրոբլեմատիկներն էլ, պարզ է, այն մարդիկ են, ովքեր անընդհատ մտածում են միայն խաղի մասին ու, ի վերջո, նրանց կյանքում  խաղից բացի այլ ոլորտ  ու հետաքրքրություն չի մնում: Խնդիրը կայանում է նրանում, որ  առաջին երկու տիպի խաղացողները վաղ թե ուշ վերածվում են երրորդ՝ պրոբլեմատիկ խաղացողների, դա անխուսափելի է, որովհետև խաղալը, ինչպես և ցանկացած սովորություն, ժամանակի ընթացքում վերածվում է կախվածության»,- նշում է Արման Բեգոյանը:

Իսկ թե ինչու է  կախվածությունն անխուսափելի, հոգեբանը  բացատրում  է պարզ կենսաբանական  «հաշվարկով». ցանկացած վարքային սովորություն ու գործողություն ժամանակի ու տարածության մեջ անընդհատ կրկնելով, դրա հետ որոշակի հույզեր ունենալով ու ապրելով, մարդն իր գլխուղեղում ստեղծում է նեյրոնային ցանց, այսինքն՝ ինքն իր ձեռքով, կամաց-կամաց նեյրոկենսաբանական հիմքեր է ստեղծում իր գլխում: Ու այդ ցանցը ժամանակի ընթացքում անընդհատ պահանջում է սնել ու օգտագործել իրեն: Ճիշտ է, խաղամոլությունը չի համարվում  «նյութական»  խնդիր,  բայց իր հոգեֆիզիոլոգիայով ոչնչով չի տարբերվում, ասենք, թմրանյութային կամ ծխախոտային կախվածությունից:

Խնդիրը  միանշանակ լուծելի է՝ հատկապես, որ նյութական հիմք չունի: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ. «Հաշվի առնելով, որ խաղացողների մեծ մասը մոտիվացված չէ, չի հավատում, որ կվերացնի խնդիրն   ու անգամ չի էլ ընդունում, որ կախվածություն ունի, բուժումը դանդաղում է:  Ընդհանուր առմամբ հնարավոր չէ ասել, թե որքան ժամանակ է հարկավոր անցկացնել թերապիան: Մեր մշակած ծրագիրը երեք տարի փորձարկվել է ու իր մեջ ներառում է երկուսուկես-երեք ամսվա աշխատանք: Արդյունավետությունը 80% է,  բայց այն 20% անհաջողության պատճառը հիմնականում եղել է այն, որ  այցելուները կամ չեն արել հանձնարարությունը, կամ բաց են թողել հանդիպումը, ձգձգել են վարժությունները կատարելու ժամկետները:  Համենայն դեպս, ծրագրի մեկ ցիկլի սահմանված քանակը՝ տասներկու բուն և երեք հետթերապևտիկ հանդիպումները թույլ են տալիս հասկանալ խնդիրն ու վերահսկել խաղալու ցանկությունը: Ցանկացած պարագայում ելքը կա, մնում է ցանկությունը գտնել ու ջանք գործադրել»,-նկատում է հոգեբանը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29