Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցն ընդդեմ ՀՔԾ-ի գործով երրորդ կողմ ներգրավվեց գլխավոր դատախազությունը

Փետրվար 04,2016 21:54

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՔԾ-ի գործով այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես երրորդ կողմ ներգրավվել գլխավոր դատախազությանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝ հիմնավոր կասկած հայտնելով այն մասին, որ այն տեղամասերում, որտեղ գրանցվել է 50-100 տոկոս մասնակցություն, ապա այդ տեղամասերում լցոնումներ են եղել: Սահմանված ժամկետում ՀՔԾ-ի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշում չի կայացվել և այն հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին չի տրամադրվել:

Ինչից հետո 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Կազմակերպության կողմից դիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարտավորեցնել քննություն իրականացնող մարմնին՝ տրամադրելու վերոնշյալ հաղորդման հիման վրա կայացված որոշումը: Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մեկ ամիս անց միայն ՀՔԾ-ն գրություն է ուղարկել՝ հայտնելով, որ հաղորդման հիման վրա քրեադատավարական բնույթի որևէ որոշում չի կայացվել՝ պատճառաբանելով, որ հաղորդումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, այլ միայն՝ «հիմնազուրկ ենթադրություններ»:

Այսօր դատարանում ՀՔԾ ներկայացուցիչը պնդեց գրությամբ հայտնած իրենց գնահատականները՝ ասելով, որ ՀՔԾ-ն քրեական գործ չի կարող հարուցել ամեն մի հաղորդման հիման վրա, հակառակ դեպքում կստացվի, որ ով որ քնի, արթնանա կարող է դիմել ՀՔԾ՝պահանջելով քրեական գործ հարուցել: Ըստ ՀՔԾ ներկայացուցչի, գործ հարուցելու համար ՀՔԱ գրասենյակի հաղորդման մեջ չի եղել հանցագործության առերեւույթ հատկանիշներ:

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պարզաբանեց, որ հանցագործության մասին հաղորդման մեջ տեղ գտած կասկածները հիմնավորված են կազմակերպության կողմից հանրաքվեի քվեարկության մասնակցության թվի վերաբերյալ իրականացված ուսումնասիրության տվյալներով, որտեղ հստակ երևում է, որ քվեարկության մասնակիցների և տեղամասում այո-ի օգտին քվեների թիվը ուղիղ համեմատական է:

«Փաստորեն Հատուկ քննչական ծառայությունը, առանց պատշաճ քննություն իրականացնելու, հաղորդման մեջ տեղ գտած կասկածները համարել է հիմնազուրկ ենթադրություններ՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու: Արձանագրենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից անգործություն է դրսևորվել. հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ում չի ընդունվել որպես այդպիսին, անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ չեն կատարվել և Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն որևէ որոշում չի կայացվել, այնինչ քննությունն իրականացնող մարմինը պարտավոր էր 10-օրյա ժամկետում կայացնել որոշում և այն ուղարկել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավաբանական անձին: Պահանջում ենք, որ դատարանը հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու մասին որոշում ընդունի եւ ՀՔԾ-ին պարտավորեցնի կազմակերպության կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա որոշում կայացնել և այն հաղորդում ներկայացրած անձին տրամադրի»:

Պարոն Սաքունցի՝ անգործություն որակումից սրտնեղեց ՀՔԾ ներկայացուցիչը՝ ասաց. «Պահանջում եք վերացնել ՀՔԾ-ի անգործությունը, բայց  անգործությունը ինքնին վերացման ենթակա չէ, անգործությունն արդեն անգործություն է»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի տասնութին: Դատական նիստից հետո Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ-ն միտումնավոր է իրենց հաղորդմանն ի պատասխան բացատրագիր ուղարկել՝ իր մեկնաբանություններով. «Հատուկ քննչական ծառայության անգործության հետևանքով մենք  զրկվում ենք իրենց կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու իրավունքից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29