Aravot.am-ի էլեկտրոնային հասցեին ստացվել է մի նամակ, որի հեղինակը գրում է, թե Բանակի օրվա առթիվ կամ գնդակոծությունների ժամանակ բոլորը իրենց պարտքն են համարում խոսել Հայաստանի ամենաթեժ կետերից մեկի՝ Չինարիի մասին, իսկ մնացած դեպքերում մառանում են սահմանամերձ գյուղերի մասին:
Նա ցավով փաստում է. «Գաղտնիք չեն Հայաստանում արտագաղթի ահագնացած մասշտաբները. Չինարիում դա ավելի արտահայտված է, եւ որպես հետևանք աշակերտների թիվը նվազել է 100-ից: Դա նշանակում է, որ դպրոցին հատկացվող ֆինանսավորումը եւս նվազում է, ու մասնավորապես վարչական աշխատակիցներին դա վերաբերում է առավել չափով: Պատկերացրեք միայն, թե ինչ ազդեցություն կունենան այս կրճատումները աշխատակիցների վրա, որոնք նաեւ ֆինանսական խնդիրներ են լուծում իրենց աշխատանքով, ու ստիպված են աշխատել կես դրույքով: Մի՞թե հնարավոր չէր Չինարիի եւ նրա նման գյուղերի համար բացառություն անել»:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ աշակերտների թվի կրճատումը իսկապես բերում է դպրոցի բյուջեի կրճատման, նաեւ հաստատեց, որ 30 երեխա է գնացել Չինարի գյուղի դպրոցից: ԿԳ նախարարության հանրակրթության պետը հավելեց, որ կրճատումներ, այնուամենայնիվ եղել են, սակայն, նրա խոսքով, դրանք թեթեւակի կրճատումներ են, ընդամենը 2-3 տնտեսական հաստիքի:
«Ես գիտեմ, որ երբ կրճատումների արդյունքում դուրս են մնում աշխատանքից, մարզը աշխատում է նրանց այլ աշխատանքի տեղավորել իհարկե, եթե կենսաթոշակային տարիքի չեն: Ցայտուն պրոբլեմ այս պահին չկա, Չինարի գյուղի ուսուցիչները նույնկերպ են վարձատրվելու, ինչպես 120 աշակերտի դեպքում էին վարձատրվում»,-հավաստիացրեց Նարինե Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից եւս կփորձենք մեկնաբանություն ստանալ կրճատումների թեմայով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ