Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 4-ին դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:
Դատական նիստի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանը ընթերցեց քննչական փորձաքննությունը, սակայն պաշտպանները միջնորդեցին ուսումնասիրել նաեւ քննչական փորձարարության տեսագրությունները, քանի որ հստակ չի նշվում, թե վկաները ինչ դիրքով են պառկած եղել. կարող է այդ դիրքից հնարավոր լիներ տեսնել, թե ինչ է կատարվում
«Չի նշվում, թե իրենք ինչ դիրքում են եղել, արդյոք կարող էին այդ դիրքից տեսնել՝ ով է խփել, որտեղ է խփել»,- ասաց Հովիկ Արսենյանը:
Դահլիճ բերվեց համապատասխան տեխնիկան, եւ ներկաները հնարավորություն ունեցան դիտել քննչական փորձարարությունը: Ավարտից հետո Հովիկ Արսենյանը հայտարարեց. «Ռուսական ալիքներով կա «Сам себе режисер» հաղորդաշար: Չեմ կարողանում ընկալել, թե ում մտքով կամ գաղափարն է եղել, որ այսպիսի գործողություն կատարի քննիչը ու անունը դնի փորձարարություն: Քննիչը ուղղորդող հարցեր է տալիս, հուշում է՝ ոնց խեղդեց, ոնց սեղմեց, այն դեպքում, երբ ցուցմունք է եղել, որ հարված է եղել Հայկազի պարանոցին: Այս փորձարարությունը զուտ նրա համար էր, որ ասեն՝ լսեք, ինչ են ասում, ոնց է արվել»:
Կարդացեք նաև
Հովիկ Արսենյանին հետաքրքիր էր նաեւ, թե ինչ գործ ունեն ռազմական ոստիկանության աշխատակիցները. «Կուրսանտներ էին, ակադեմիայում էլ փորձարարություն էր կատարվում, ոստիկանները ինչ գործ ունեի՞ն: Սա նրա մասին է վկայում, որ այդ մարդկանց միշտ էլ փակ են պահել»:
Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նկատեց, որ վկաների պառկած դիրքերը հպանցիկ ներկայացվում է. «20 րոպե է տեւել, չի երեւում՝ ամբողջ ընթացքում են անշարժ պառկած եղե՞լ, թե՞ ոչ: Տեսագրությունից երեւաց, որ ննջարանի մահաճակալները պատնեշներով են, արդյոք դա չէր կարո՞ղ խանգարել, պառկած դիրքից կուրսանտների տեսադաշտին: Ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ փորձարարության արձանագրությունը»:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ