Հունվարի 31-ին Սլովակիայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Կոշիցեում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը։
Ձեռնարկը մեկնարկեց Սուրբ Հովհաննես Ողորմածի ուղղափառ տաճարում, ուր Սուրբ Գեորգիի օրվա կապակցությամբ պատարագ մատուցեցին Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտ Ռաստիսլավը և Միխալովո-Կոշիցեի արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին։ Պատարագին ներկա էին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հատուկ ներկայացուցիչ, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ինչպես նաև Խաչքարի պատրաստման և օծման նախաձեռնությանն աջակցած բարերար Հրաչյա Պողոսյանը։ Քարոզի ընթացքում Մետրոպոլիտ Ռաստիսլավը նշեց, որ Հայկական խաչքարը խորհրդանշում է ոչ միայն 20-րդ դարի առաջին ցեղասպանության, այլ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։
Պատարագից հետո Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հարյուրավոր հավատավորների ներկայությամբ կատարեց խաչքարի օծման կարգը։
Տեղեկանք. Մետրոպոլիտ Ռաստիսլավի ղեկավարած պատվիրակությունը 2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, իսկ արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին՝ նաև սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռում կայացած Մյուռոնօրհնության կարգին։ Կոշիցեում խաչքարի տեղադրման գաղափարը ծնվել է հենց 2015թ. ապրիլին արքեպիսկոպոս Գեորգիի և Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի Երևանում կայացած հանդիպման ընթացքում։
Կարդացեք նաև
ԱԳՆ հաղորդագրություն