Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանական «Միրաբ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն

Փետրվար 04,2016 17:24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում: Պարոն Թավաջոհը տեղեկացրել է, որ գործունեության 35 տարվա ընթացքում «Միրաբ» ընկերությունն ունեցել է զգալի հաջողություններ, Գերմանիայում գործում է մասնաճյուղ, աշխարհի 14 երկրներում ունեն ներկայացուցչություններ և ներկայումս արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում:

Ընդգծելով, որ ընկերության նախորդ տարվա արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգման կաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` պարոն Թավաջոհը վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն:

«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերության արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ում փականների արտադրության կազմակերպման գործում:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին հանգամանորեն ուսումնասիրել հայկական շուկան և ոռոգման համակարգում առկա խնդիրները` հետագայում արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29