Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վասիլի Սուդնիկովի՝ Անի թաղամասում բնակվող Երանոսյանների բնակարանը իր ընկերոջ բնակարանի հետ շփոթելու ու հարբած վիճակում նրանց անհանգստացնելու թեմայով զրուցել է ռազմաբազայի ղեկավարության հետ: Aravot.am-ին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Շիրակի մարզպետը:
«Դեպքի հենց առաջին օրը ես կապվել եմ զինվորական ղեկավարության հետ, իրենց հետ լուրջ խոսակցություն է եղել կարգապահության հետ կապված: Իրենք խոստացել են ինձ ոստիկանությունից, դատախազությունից նյութերը ստանալուց հետո նրա հեռացման հարցն անմիջապես լուծել:
Ինչքան ես եմ հասկանում՝ զինվորականը չարաշահել է խմիչքը, որից հետո եղել է այն, ինչի մասին բոլորս գիտենք: Ինձ ոստիկանությունից ու մյուս կառույցներից տեղեկացրել են, որ նա իսկապես տունը շփոթել է:
Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ ես մշտական կապի մեջ եմ ռազմաբազայի ղեկավարության հետ: Ամեն մի դեպքի հետ կապված, ես իրենց ղեկավարության հետ կապ եմ հաստատում, քննարկում ենք, զգուշացնում և պահանջում եմ, որ ուշադիր լինեն կարգապահական հարցերով», -ասաց պարոն Ցոլակյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ