«Տարին լավ ենք սկսել»,- այսօր ԱԺ-ում նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ արդեն քառօրյայի վերջին օրն է ու Զարուհի Փոստանջյանի խոսափողը դեռ չեն անջատել: Ավելին՝ նրան սիրալիր, բարեհամբույր հրավիրում են ամբիոնի մոտ՝ ելույթ ունենալու:
Խորհրդարանում շարունակվում է կենսական ճանապարհների վերանորոգման համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկումը: Իր ելույթում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պարտք կարելի է վերցնել, բայց դա պետք է լինի նպատակային, արդյունքներն էլ պետք է լինեն շոշափելի. «Մինչդեռ մենք հասկանում ենք, որ այս պարտքը վերցնում են՝ վերանորոգման համար: Պատկերացրեք, դուք աղքատ տնտեսություն եք, մի ընտանիք եք, որտեղ ձեր բնակարանը կարիք ունի վերանորոգման եւ դուք պարտք եք վերցնում, որպեսզի վերանորոգեք ձեր բնակարանը՝ նույնիսկ չակնկալելով, թե երբ կարող եք այդ պարտքը վերադարձնել: Չունեք հստակ ծրագիր, եկամուտ, որ ապագայում կվերադարձնեք պարտքը: ՀՀ պետական պարտքը գերազանցում է մեր տարեկան պետբյուջեի չափը, այս պարագայում այսպիսի պարտք վերցնելն անթույլատրելի է: Չի կարելի եւս մեկ անգամ ծանրաբեռնել եւ ավելացնել մեր պետական պարտքը: Պետք է հասկանանք, որ այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում նորից պարտք վերցնելն անթույլատրելի է: Սա արդեն այս տարվա երկրորդ պարտքն է, որը կառավարությունը ներկայացնում է ԱԺ-ին: Սա նշանակում է, որ մենք այս տարին սկսել ենք պարտքեր կուտակելու միջոցով շարունակել ապրել: Բոլոր այն ընտանիքները, որոնք այսպես են իրենց տնտեսությունը վարում՝ պարտքեր կուտակելով, ուշ թե շուտ քայքայվում են: Մեր պետությունը մեր մեծ ընտանիքն է: Դուք՝ իշխանությունը, այս ապակայուն վիճակը թողնելու եք մեր սերունդներին, մենք չենք կարողանալու սրա տակից դուրս գալ»:
Իսկ Հակոբ Հակոբյանը, պատգամավորներին, որոնք այդքան զգուշանում են վարկերից, խորհուրդ տվեց՝ «Երբեք մի վախեցեք վարկ վերցնելուց: Պայքարենք ճիշտ օգտագործելու համար, հակառակ դեպքում մեր սերունդներին ոչինչ չենք թողնելու: Ավելի լավ է սեփական երեխային կիսատուն թողնենք, այսինքն՝ տուն, որը գտնվում է վարկի տակ, քան թե ոչինչ չթողնենք: Սա ավելի ճիշտ է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ