Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս տոնն օգնում է մեզ վերագտնել երջանկությունը»

Փետրվար 04,2016 16:26

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի՝ գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է:

Բուն Բարեկենդանն այս տարի կնշվի փետրվարի 7-ին:

Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ այն գնալով վերածվում է համաժողովրդական տոնի. «Վերջին տարիներին ավելի շատ պետական կառույցներ են համախմբվում Բուն Բարեկենդանը նշելու գաղափարի շուրջ: Արդեն երրորդ տարին է՝ Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժինները, համայնքների հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ, տոնը մեծ շուքով նշում են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Շահեն:

Քահանայի փոխանցմամբ՝ փետրվարի 2-ից Երևանի տարբեր համայքներում Բուն Բարեկենդանին նվիրված միջոցառումներ են անցկացվում: Դրանք կշարունակվեն մինչև փետրվարի 7-ը: Ի դեպ, հենց այդ օրը՝ փետրվարի 7-ին՝ ժամը 13:30-ին, կլինի դիմակներով շքերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, ազգագրական երգ ու պարի, դհոլահարների խմբեր, հեքիաթների հերոսներ և ուրիշներ:

Նույն օրը նաև պատարագ կլինի, բայց փակ վարագույրների հետևում: Դա խորհրդանշում է դրախտի՝ մարդու առջև փակվելը: Իսկ փետրվարի 8-ից արդեն կսկսվի Մեծի պահքի շրջանը, որը կտևի մինչև Զատիկ՝ մարտի 27-ը, երբ կբացվեն խորանի վարագույրները:

«Պահոց շրջանը հրաշքների շրջան է,- ասում է հոգևորականը,- այդ ընթացքում, ապավինելով Աստծու օգնությանը, մարդը մաքրագործվում է: Յուրաքանչյուր մարդ մյուսին խոստովանում է իր մեղքը, ներում է հայցում և ազատ սրտով մտնում է Մեծ պահքի շրջան: Այս տոնն օգնում է մեզ վերագտնել երջանկությունը: Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի, անհոգ ու երջանիկ կյանք»:

Տեր Շահեի տեղեկացմամբ՝ Արարատյան հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնը կազմակերպելիս ակտիվորեն համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: Այս տարի առաջին անգամ կանցկացվեն սուսերամարտի, հայկական կոխի, թեթև ատլետիկայի և հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներ: Կլինեն նաև ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, ազգային խաղեր և այլն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29