ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա: Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ Ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին օրերին հրապարակել էր տվյալներ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը: Հունվարի 20-ից՝ արգելքը կիրառելուց հետո, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 123 տոննա 299 կգ պանիր:
Հունվարի 26-ին նմանօրինակ պարզաբանում էր տարածել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը՝ տեղեկացնելով, որ պանրի արտահանման նկատմամբ սահմանափակում չկա և որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ արգելքը գործել է նաև նախկինում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն