Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի». Էդմոն Մարուքյանը՝ Շարմազանովին (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 16:09

«ԱԺ փոխխոսնակը երեկ մտքեր վերագրեց ինձ, որ ես չեմ ասել ու սկսեց հերթով էդ մտքերը ջախջախել: Միտքը հետեւյալն է՝ Երեւանի գազն ու լույսն անջատեք, փողերը տանենք մարզեր, տենց բան կլինի՞: Ո՞վ է նման բան ասել այս ամբիոնից, բայց դա վերագրվեց այն պատգամավորներին, ովքեր գավառամտություն են քարոզում այս ամբիոնից»,- այսօր ԱԺ նիստում Էդմոն Մարուքյանն այսպես պատասխանեց Էդուարդ Շարմազանովի քննադատությանը, այն բանի համար, որ Մարուքյանն առաջարկել էր համաչափ տարածքային զարգացման ծրագրի համաձայն մի քիչ էլ մարզերին ուշադրություն դարձնել, Վանաձորում, Գյումրիում մարդիկ տնակների մեջ են ապրում, Երեւանի ճանապարհների համար 112 մլն վարկ եք վերցնում:

Շարմազանովի խոսքերով՝ «Չի կարելի էս դահլիճում գավառականություն ու պրիմիտիվություն քարոզել, թե ով որտեղից ա , էս ի՞նչ գավառական խոսակցություններ են»:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ քննադատելը լավ է իրար, բայց վատ է, երբ վիրավորական արտահայտություններ են անում ու վերագրում իրենց խոսքեր, որոնք չեն ասել. «Ասում է՝ իբր մենք ասել ենք՝ մայրաքաղաքն է մեղավոր, որ մարզերում վիճակը վատ է: Ո՞վ է նման բան ասել, մենք ասել ենք՝ իշխանությունն է մեղավոր, որ մարզերում վիճակը վատ է, մայրաքաղաքի վրա ո՞վ է գցել: Մարզեր-մայրաքաղաք հակադրությունը դուք են անում, ոչ թե մենք եւ շատ պրիմիտիվ ձեւով եք անում»:

Հետո Մարուքյանը հարց ուղղեց. «Ո՞վ է թույլ տվել, որ ԱԺ նախագահը մտնի ԱԺ պատգամավորների Սահմանադրական իրավունքների տարածք: Սա իմ սահմանադրական իրավունքն է ելույթ ունենալ այս ամբիոնից, ես ինչ կասեմ՝ ես եմ դրա տերը, ընտրողները կդատեն ինձ դրա համար: Ո՞վ կարող է մտնել ու իմ ելույթը խմբագրել, թե բա չի կարելի սենց բան ասել, էս ամբիոնը ո՞նց եք օգտագործում: Մենք՝ մեր ամբիոնը: Անձնական վիրավորանք հնչեցրե՞լ եմ մեկի հասցեին, մեկին վիրավորե՞լ եմ, բա վիրավորանք ինչո՞ւ է հնչեցվում իմ, ինձ նման մտածող իմ գործընկերների հասցեին: Չերչիլի խոսքերով ասեմ՝ պատասխանատվությունն այն գինն է, որը մենք վճարում ենք իշխանության համար: Այսօրվա Հայաստանը ձեր պատասխանատվության արտացոլանքն է, որտեղ ապրում է 1 մլն-ից աղքատ մարդ: Եթե ընդունենք, որ կա գավառամտություն, ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի: Այսօրվա Երեւանը այդ էժանագին քաղքենիության զոհն է, որտեղ օրեցօր քանդվում են պատմական արժեքները: Ասում է՝ նենց խոսում եք, ոնց որ մարզերի պաշտպան եք, բա դո՞ւք ում պաշտպանն եք, ո՞ւմ էիք պաշտպանում էդ ելույթով՝ վարկերն անարդյունավետ ծախսողների՞ն էիք պաշտպանում»:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ արագ գրանցվել են՝ ելույթներ ունենալու՝ ենթադրաբար իրեն պատասխանելու համար եւ զգուշացրեց. «Կլինեն պատասխաններ՝ կլինեն իմ կողմից պատասխաններ: ԱԺ ամբիոնից կվիրավորեք՝ ԱԺ ամբիոնից կստանաք պատասխան, ջրում կվիրավորեք՝ ջրում կստանաք պատասխան, օդում՝ կստանաք օդում, հողում՝ հողում: Նոր բան մտածեք: Այն, ինչ ասում ենք ՝լույսի մասին է, խավարը չի կարող պայքարել լույսի դեմ»:

Ի պատասխան՝ Շարմազանովը տեղից ասաց, որ իր ելույթը Մարուքյանին սխալ են պատմել. «Որեւէ վիրավորական արտահայտություն չի եղել, եղել է գավառական մտածողություն: Մի գերագնահատեք ինքներդ ձեզ, որեւէ մեկը չի հերթագրվել՝ հատուկ ձեզ հակադարձելու համար: Սա պառլամենտ է, բարեկամս, սովորեք այլակարծությանը: Սա պառլամենտ է, ոչ թե գլադիատորական մարտեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29