Օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում վիճաբանություն եղավ մաթեմատիկայից: Կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի 4 անդամները կողմ քվեարկեցին, հանձնաժողովի երկու անդամ՝ Նիկոլ Փաշինյանն ու Թեւան Պողոսյանը՝ դեմ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, ինչը վիճաբանության տեղիք տվեց: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հանձնաժողովն ունի 19 անդամ, իսկ Կանոնակարգ օրենքով անդամների ¼-ը պետք է կողմ քվեարկի, որ որոշումը համարվի ընդունված, հետեւաբար որոշումը չի անցել: ՀՀԿ-ականները պնդեցին, որ 0.75 ձայնով մարդ չկա, հետեւաբար 4 ձայնն էլ է ընդունելի:
Ահա այս վիճաբանության մասին այսօր ԱԺ նիստում իր ելույթում պատմեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն վարկային համաձայնագիրը, որը երեկվանից քննարկվում է ԱԺ-ում, չպետք է դրական եզրակացությամբ մտներ ԱԺ օրակարգ. «Սոցիալական ցանցերում սրա մասին արդեն անեկդոտներ են շրջանառվում:
Օրինակ, մի օգտատեր գրել էր՝ ժողովուրդ, ես հասկացա, որ ՀՀԿ-ականները ընտրությունների արդյունքները չեն խաբում, պարզապես իրենց մոտ թվաբանության ուրիշ համակարգ եւ ուրիշ կանոններ կան: Ինչ թիվ գումարում, բազմապատկում, հանում են՝ Սերժ Սարգսյանը ստանում է 51+ տոկոս: Իրենք կամ տոկոս հաշվել չգիտեն, կամ ընդհանրապես հաշվում են ՀՀԿ-ի կանոնադրության մեջ սահմանված ինչ-որ բանաձեւերով:
Մեկ ուրիշ օգտատեր էլ շատ դիպուկ նկատառում է արել, որ եթե այս տրամաբանությամբ հանձնաժողովն ունենա 7 անդամ, ուրեմն դրական եզրակացության համար անհրաժեշտ կլինի ընդամենը մեկ ձայն, այսինքն, մի հոգի կողմ եղավ՝ որոշումն անցնում է: Իսկ եթե 3 անդամ ունենար հանձնաժողովը, 0 ձայնով է անցնում որոշումները, որովհետեւ 3-ի ¼-ը 0.75-ն է:
Կարդացեք նաև
Չնայած ՀՀԿ-ականները պնդում էին, որ 4 X 4 հավասար է 19, բայց արագ sms-ով Շիրակ Թորոսյանին կանչեցին ու վերաքվեարկություն արեցին, որն ապօրինի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ