«Հայաստանը վաղուց չի զարգանում՝ տնտեսական իրավիճակի պատճառով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն՝ անդրադառնալով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ՀՀ 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշներին: Ըստ այդ ցուցանիշների, 2015 թվականին արձանագրվել է 3.1% տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են գյուղատնտեսությունը՝ 11.7%, արդյունաբերությունը` 5.2%, ծառայությունները` 2.7%:
Բագրատ Ասատրյանը նկատեց, որ մեր երկրում առկա 4 հիմնական խնդիրները՝ աղքատություն, մենաշնորհներ, արտագաղթ եւ կոռուպցիա, խոչընդոտում են զարգացմանը. «Այս գլոբալ խնդիրները չլուծելու հետեւանքով մեր երկիրը շարունակելու է նահանջել: Եթե տնտեսական աճն անգամ 6 % լինի, էլի բան չի փոխվելու՝ այս խնդիրների առկայության դեպքում: Եթե տնտեսական ակտիվությունը 3.1% է, եւ այդքանով լավ ենք ապրում, անհասկանալի է՝ ինչո՞ւ է աղքատության մակարդակը բարձրանում մեր երկրում, ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ թողնում, փախնում մեր երկրից»:
Ասատրյանը դեռ նախորդ տարի կանխատեսել է՝ մենք երկնիշ անկման առաջ ենք կանգնած:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության 11.7% աճին, ապա պարոն Ասատրյանը ներկայացրեց պաշտոնական տվյալներ, որոնք համադրելիս գյուղատնտեսական աճը, կարելի է ասել՝ հօդս ցնդեց: «Անցած տարվա հրապարակած ցուցանիշներն եմ ներկայացնում՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 993 միլիարդ դրամ, այս տարի՝ 1 տրիլիոն 2 միլիարդ դրամ, այսինքն` 900 միլիարդով է ավելացել, սա մեծ չէ 1%-ից, սա անհասկանալի է: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 10.3% -ով նվազել է, գյուղմթերքների արտադրանքը՝ 12.2%-ով է նվազել է, շինարարությունը՝ 8.2%-ով: Մի բան ակնհայտ է՝ մեր երկրում վիճակը լավ չէ: Մեր տիպի տնտեսությունների պարագայում՝ 3.1% աճը` աճ չէ, սա զարգացում չէ եւ այս տարի ավելի վատ է լինելու»,-ասաց պարոն Ասատրյանը:
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Միքայել Մելքումյանի կարծիքով էլ՝ տնտեսական իրական հատվածում՝ արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ունեցել ենք աճ. «Գյուղատնտեսությունում հիմնական կուլտուրաների գծով՝ հացահատիկային, բանջարաբոստանային, բոստանն՝ առանձին, խաղողը, կարտոֆիլը՝ ֆանտաստիկ մեծ աճ է գրանցված: Հացահատիկը 90- ականների կեսերին 300-320 հազար տոննա է եղել, այս տարի 645 հազար տոննա, ցանքատարածությունները 10% տոկոս են ավելացել: Խաղողի մթերման մասին բոլորս գիտենք, 48 հազար տոննա ավելի է եղել, բայց գյուղացին չի ուրախացել: Չնայած բնամթերային ծավալների գծով մենք ավելացրել ենք, բայց գնային գործոնով ավելացում չկա: Այսինքն, ցածր գնով են գյուղացիք իրացրել, շահույթ չեն ստացել, հազիվ վարկերն ու պարտքերն են փակել»:
Մելքումյանի խոսքերով՝ նույն իրավիճակը հանքարդյունաբերության դեպքում է. «Ընդամենը արդյունահանման ծավալներն են ավելացրել, բայց շահույթ չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Մակրոտնտեսական ցուցանիշների մասին քննարկմանը ներկա էր նաեւ ԵՊՏՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Արդյոք 2008-2009 թվականների տնտեսական մոդելը, որտեղ հիմնական շարժիչը տրանսֆերտներն էին, հիմա փոխվում է կառավարության կողմից, ինչպես որ խոստացել է, եւ փորձում է ցույց տալ: Այս հարցին ի պատասխան՝ Ատոմ Մարգարյանը նախ նկատեց, որ այն ցուցանիշները, որոնք հրապարակվել են, հիմնականում արտացոլում են տնտեսության վիճակը, թեեւ կարելի է որոշ ցուցանիշների մասին վիճել. «161% մետաղական հումքի արդյունաբերության ավելացում կա, սա աննախադեպ է: Մարգարյանի խոսքերով՝ Հայաստանում տնտեսական շարժիչները, որոնք եղել են, այլեւս չեն աշխատում. «Ճգնաժամից հետո պղնձի, մոլիբդենի բարձր գների, տրանսֆերտների հաշվին տնտեսական աճ ապահովելն այլեւս իրեն սպառել է:
Ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսության դեպքում 3.1% աճը՝ թիվ չէ. «Եթե քաղաքական որոշումներ կայացնողներին հաջողվի փոփոխել տնտեսական մոդելը, դա պետք է լինի ինովացիոն տնտեսության վրա հիմնված, մոդեռնիզացիայի վրա հիմնված, ոչ թե զուտ աշխատատեղեր բացել: Պետք է բարձր տեխնոլոգիաների եւ բարձր աշխատավարձերի վրա հիմնված մոդել լինի: Սա բավական բարդ խնդիր է: Այն, ինչ անում է կառավարությունը, դա կարճաժամկետ է , մոմենտային»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ