Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացության հստակեցման ու սահմանման նպատակով: Այդ իրավական ակտով սահմանվում են նշված անձանց սոցիալական ծառայությունների տրամադրման ու կացարանով ապահովման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս տարբեր իրավական ակտերում «անօթևան» կամ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացությունն օգտագործվում է տարբեր իմաստներով, ըստ որոնց «անօթևան» են համարվում բնակարան չունեցող, սակայն բնակության վայր ունեցող անձինք կամ ընտանիքներ, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, տնակներում, վարձով և այլն: Նշվել է, որ խնդրի հետ կապված քննարկումներ են անցկացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Անօթևան մարդկանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը ներկայացվել է վարչապետին և նրա հանձնարարականի հիման վրա իրականացվում են այդ միջոցառումները: Առաջին քայլը վերոնշյալ որոշումն, որում օգտագործվող հասկացությունը վերաբերում է ոչ թե ժամանակավոր կացարաններում ապրող անօթևաններին, այլ ընդհանրապես բնակության վայր չունեցող` փողոցներում, կայարաններում, կամուրջների տակ կամ բնակության համար չնախատեսված շինություններում գիշերող անձանց և նրանց տրամադրվող ծառայություններին: Տարընթերցումների տեղիք չտալու համար, ամրագրվել է «որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձ» հասկացության սահմանումը :
Կառավարությունը հավանություն է տվել «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների ծրագրին», որի նպատակն է իրականացնել համընդհանուր և փոխհամագործակցված միջոցառումներ՝ այդ հիվանդությունների հետևանքով հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցման համար: Ըստ հիմնավորման՝ այդ հիվանդություններից մահվան, հաշմանդամության և աշխատունակության կորստի դեպքերը գրանցվում են բնակչության առավելապես երիտասարդ, աշխատունակ տարիքային խմբում: Առաջարկվում է ձևավորել համակարգող հանձնաժողով` այդ հիվանդությունների դեմ պայքարում միջգերատեսչական ակտիվ համագործակցությունն ապահովելու նպատակով: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ կբարելավվեն բնակչության առողջության և ժողովրդագրական ցուցանիշները:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ