Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Վարդանանց տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ և կատարվեց Հայրապետական մաղթանք

Փետրվար 04,2016 15:16

Փետրվարի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է:

Օրվա առիթով, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:

Ս. Պատարագի ավարտին Արտակ Սրբազանն անդրադարձ կատարեց ազգային-եկեղեցական կյանքում կարևոր դերակատարություն ունեցող Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին` մասնավորաբար նշելով. «Նրանք սիրո ապրումով նահատակվեցին հանուն իրենց մեծագույն բարեկամների՝ Աստուծո, Հայրենիքի և ազգի: Այս պատվիրանական սիրով տոգորված` հայը 451 թվականին Վարդանանց անձերում իր լինելու և իր Արարչի հետ ապրելու իրավունքն էր ամրապնդում: Մինչ Քաղկեդոնում Քրիստոսի բնությունների հարցերն էին քննարկում, իշխանության ու գերակայության խնդիրներն էին պարզաբանում, հայ ժողովուրդը մերժում էր Հազկերտի օձային առաջարկը և իր կյանքով փառաբանում Հիսուս Տիրոջը` մահվամբ հաստատելով հավատքն ու սերը:
Վարդանանց պատերազմը հայի` իր Արարչին վերադարձած, քրիստոնեացած, քրիստոնեությունը հայացրած ոգու առաջին ճիչերից է անարդարության, վտանգի ու չարիքի դեմ: …Այո՛, մահամերժ նահատակության ոգով ներշնչված էր մի ողջ ազգ՝ նշանաբան ունենալով աստվածաշնչյան պատգամը, թե. «Ո՞վ կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց»…

04-1-3

Շատ պատմիչներ ասում են` բարոյական հաղթանակ տարանք, պատմաբաններից ոմանք փորձում են ապացուցել, որ պարտվել ենք: Սակայն, պատմության հոլովույթները քննելով և ներկայում ապրելով` ես վստահորեն ասում եմ` մենք հաղթել ենք: Այս բանիս համար ո՛չ պատմիրչների, ո՛չ էլ պատմաբանների վկայություններ են հարկավոր, այլ պետք է միայն շրջահայաց լինել և տեսնել, որ մենք հայ ենք մնացել, քրիստոնյա հայ՝ մեր Եկեղեցով, մեր Հայրենիքով: Ուրեմն` հաղթել ենք Վարդանանց պատերազմում, հաղթե՛լ ենք, որով և Վարդանանք հող պատրաստեցին հետագայում Վահանյանց ապստամբության և Հայաստանի ինքնիշխանության համար: Վարդանանք ներշնչանք դարձան հետագայում մեր ժողովրդի բազում հաղթանակների, որոնց կիզակետն եղան Սարդարապատի ու Արցախի գոյամարտերը: Վարդանանք սնեցին ու դաստիարակեցին հայի բոլոր սերունդներին: Ավարայրով տոգորված` այսօր մեր սահմաններն են պահում 18 տարին նոր բոլորած պատանիներ, որոնց երակներում վարդանյան անձնազոհ արյունն է հոսում: Նրանք իրենց զորությամբ, քաջությամբ և անձնազոհությամբ ոչ միայն դավադիր հակառակորդին են զարմացնում, այլև ամեն օր հիացնում են մեզ»:

04-1-6
Պատարագիչ Սրբազանը, խոսելով հայ ժողովրդի առջև ծառացող մարտահրավերների մասին, ընդգծեց, որ հայի կյանքում թե՛ պատմության ընթացքում և թե՛ այսօր հազկերտների պակաս չի զգացվել: ««Հրովարտակներով», բռնություններով, մարդասիրական օգնություններով, անգամ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով փորձել և փորձում են դավանափոխ անել, ուրանալ տալ մեր՝ սուրբ առաքյալներից և հայրապետներից ժառանգված հավատքը, հայրենիքն ու հայությունը: Չնայած որ մեզանում եղել են և կան վասակներ ու իրենց նմաններ, որոնք փրկության ուղիներ են փորձել գտնել` հազկերտների առաջարկներին համաձայնելով, սակայն, հայն ընդհանրապես մերժել է հազկերտներին և նրանց բերած առաջարկներն ու այսպես կոչված «փրկությունները»:
Թշնամին դեռևս գործում է` նոր դիմակներով և տարբեր գործելաոճով, սակայն, էությունը չի փոխել. նույնն է: Առանց վարանելու սրանք բոլորովին պիտի մերժենք` ի զեն ունենալով Վարդանանց անձնազոհությունը և Վահանյան հնարամտությունը: Մի՛ եղիր վասակի պես և քո անձնական շահերը մի՛ խառնիր հայի և հայրենիքի վտանգների դիմագրավման առաքելությանը, որովհետև ժողովուրդն ու պատմությունն իր գնահատականն է տալու, իսկ Տիրոջ դատաստանը` փրկություն կամ պատիժ հավիտենության մեջ», – ասաց Սրբազանը` հավելելով, որ հայ ժողովուրդը միշտ արժանի գնահատական է տվել իր անձնազոհ հերոսներին` նրանց անուններով մկրտելով և նրանց առաքինությամբ կրթելով իր զավակներին:

Իր խոսքում Արտակ Սրբազանը որդիական ակնածանքով, միաբանության և ներկա հավատացյալ ողջ ժողովրդի անունից, շնորհավորեց Նորին Սրբությանն անվանակոչության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ ամենքի աղոթքներն ու պանծալի սրբերի բարեխոսությունն Աստծու մոտ լսելի լինեն, որպեսզի Տերն Ամենայն Հայոց Հայրապետին շնորհի Սուրբ Հոգու առաջնորդությամբ երկար տարիների բեղուն և արդյունավոր հովվապետություն:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանք` նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության համար:
Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերճյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազում ուխտավորներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29