Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթ չկա, որ Փայլակ Հայրապետյանը եւ Աշոտ Սուքիասյանը համատեղ բիզնես են ձեռնարկել»

Փետրվար 04,2016 15:04

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում փետրվարի 4-ին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում դատավորը հետաքրքրվեց, թե մեղադրողն ինչու էր բացակայում նախորդ երկու նիստից, նա պատասխանեց, որ մասնակցության խնդիր կար, պաշտոնի փոփոխություն, սակայն որոշվել է, որ պետք է շարունակի մեղադրանքի պաշտպանությունը:

Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի ներկայացուցիչ Յուրիկ Խաչատրյանը հրապարակեց Փայլակ Հայրապետյանի բացատրությունները եւ ասաց, որ պարզ է դառնում, որ Փայլակ Հայրապետյանի եւ Աշոտ Սուքիասյանի միջեւ ոչ թե տեղի է ունեցել վստահության չարաշահելու եւ խաբեությամբ գույքին տիրանալու գործողություններ, այլ եղել է երկու կողմի համաձայնությամբ գործարք, վերջիններս պայմանավորվել են ստացված արդյունքները կիսել. «Սրանով իսկ արդեն հիմնավորվում է այն հանգամանքը, որ Փայլակ Հայրապետյանի հետագայում տված ցուցմունքները, եւ մեր օրաթերթերում հրապարակումները, թե ինքը ընդհանրապես չի իմացել, թե որտեղ ինչպես ինչ պետք է կատարվեր, խաբեությամբ իրենից լիազորագիր են վերցրել, պարզ է դառնում, որ որեւէ խաբեություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել ուղակի քաղաքացիաիրավական հարթության մեջ գործարքի կնքում եւ պայմանավորվածություններ, ըստ որի պետք է կատարվեր տվյալ բիզնեսը»:

Շալիկո Փիրուզյանը` ի պատասխան հայտարարեց, որ համատեղ բիզնեսը բավականին բարդ բան է, դրա համար պետք է բավականին շատ փաստաթուղթ կազմվի, որտեղ կհիմնավորվի ինչ համատեղ բիզնես է, ով ինչքան ներդրում է անում. «Հետեւաբար՝ գործի մեջ նման որեւէ փաստաթուղթ չկա, որ Փայլակ Հայրապետյանը եւ Աշոտ Սուքիասյանը համատեղ բիզնես են ձեռնարկել, առավել եւս ոչ թե Հանրապետության ներսում, այլ՝ Հանրապետությունից դուրս: Փայլակ Հայրապետյանի բազմաթիվ ցուցմունքներում նշել է, թե ինչի համար է այդ ամենը կատարվել, ինչի համար է ինքը իր շինությունները տվել Աշոտին, որպեսզի Աշոտ Սուքիասյանը գրավ դնի, վարկ ստանա, վարկի նպատակը պարզ է»:

Մեղադրողը հայտարարեց, որ հրապարակված տեղեկությունները որեւէ առնչություն չունեն առաջադրված մեղադրանքի հետ, ապացույց դիտվել չեն կարող, դրանք ընդամենը բացատրություններ են: Իսկ Յուրիկ Խաչատրյանը իր հերթին միջնորդեց հրապարակված բացատրությունը ճանաչել ապացույց, նա հավելեց, որ չի ընդունում մեղադրանքի կարծիքը, քանի որ համարում է, որ այն չի բխում դատավարության օբյեկտիվ շահերից:

Նա շարունակեց հրապարակել ապացույցներ, տուժող կողմը հետաքրքրվեց, թե հրապարակման իմաստը ո՞րն է. «Իմաստը այն է, որ այս փաստաթղթով հիմնավորվում է, որ Աշոտ Սուքիասյանը ոչ թե հեքիաթներ էր պատմում, ինքն իրականում ադամանդ ներմուծել է, ցույց է տվել կողմերին»:

«Նախկին գործունեությունը ի՞նչ կապ ունի մեղադրանքի հետ»,- հետաքրքրվեց Շալիկո Փիրուզյանը: «Ունի, ունի»,- պատասխանեց Խաչատրյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29