Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները

Փետրվար 04,2016 14:52

Կառավարության նիստում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է դիզվառելիքի և բենզինի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներն ու դիտարկումները: «Քանի որ բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է հանդիսանում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում, և հանձնաժողովը շարունակական ուսումնասիրություններ է իրականացնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ բենզինի գները 2015 թվականի ընթացքում նվազել են՝ 470-ից հասնելով 390 դրամի: Եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի գները շատ ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով և ներմուծվում ամերիկյան դոլարով և այդ պատճառով, հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի: Եթե թվերը դիտարկենք 2014 թվականից, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե մենք ուսումնասիրենք դոլարային արտահայտությամբ, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռքբերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին:

Մենք պարբերաբար համեմատություններ ենք իրականացնում նաև այլ երկրների հետ: Կոնկրետ երեկ Ազգային ժողովում համեմատական հաշվարկ հնչեցվեց այլ երկրների հետ, և մենք ուսումնասիրություն ենք իրականացրել կոնկրետ տվյալ ժամանակահատվածում կոնկրետ տվյալ երկրների հետ: Մեր ուսումնասիրությունը հիմնված է Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից վառելիքային շուկայում վարվող պետական վիճակագրության թվերի վրա: Թվերը ներկայացված են եվրոյով: 2015թ.-ի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում 8, Գերմանիայում 7, Իտալիայում 8, Չեխիայում 10, Ռումինիայում 7 տոկոսով: Այսինքն, մյուս եվրոպական երկրներում, երբ համադրելի ժամանակահատված ենք վերցնում համադրելի թվերով, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում: Կցանկանայի նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ շատ կարևոր նշանակություն ունի գնագոյացման վրա նավթի տեսակարար կշիռը: Հայաստան բենզինը մեծ չափերով ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, որտեղ արդյունահանման ծախսերը բավականին մեծ ծավալ են կազմում, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն և երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է տրանսպորտային մեծ ծավալի ծախսեր են իրականացվում: Հաշվի առնելով նաև հարկերի մեծ ծավալը բենզինի կառուցվածքում՝ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 8 տոկոս:

Այսինքն, եթե համեմատություն կատարենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է և նավթի գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա: Այսպիսով, եթե վերցնենք դոլարային արտահայտությամբ, կստացվի, որ վաճառքի գները 2015 թվականին նվազել են մոտ 10 տոկոսով, իսկ 2014 թվականից սկսած, երբ համաշխարհային շուկայում սկսեց բենզինի գների նվազում, այսինքն՝ վաճառքի գները դոլարային արտահայտությամբ նվազել են շուրջ 28 տոկոսով: Եվ կցանկանայի մեկ անգամ ևս կրկնել, որ դա ամբողջությամբ ադեկվատ է ձեռք բերման գներին: Մենք պարբերաբար ուսումնասիրում ենք ներմուծող ընկերությունների վարքագիծը, ներկայումս բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ «Ֆլեշ» և «ՍիՓիԷս»: Ինչ վերաբերում է ընկերությունների թվաքանակին, ապա 2007թ.-ից սկսած որոշակիորեն նվազել է ներմուծող ընկերությունների քանակը, 2006-2007թթ. եղել են 5-6 խոշոր ներմուծող ընկերություններ: Այս պահին խոշոր ներմուծումներ իրականացնում են երկու ընկերություններ և նրանց գործունեությունը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այս շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան: Մրցակցության պաշտպանության մարմնի հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք ուսումնասիրենք, տեսնենք կան արդյոք մուտքի խոչընդոտներ, կան արդյոք մրցակցային անհավասար պայմաններ, թե ոչ: Մեր ուսումնասիրության արդյունքներով ՝ չկան այդպիսի երևույթներ: Այնուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որ այդ ոլորտում կհանդիպեն խնդիրների, դժվարությունների, ապա կարող են դիմել մեր հանձնաժողովին: Ես վստահեցնում եմ, որ մեր հանձնաժողովը հետևողական կլինի բոլոր այդ խնդիրների լուծման հարցում»,-տեղեկացրել է ՏՄՊՊՀ-ի նախագահը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29