Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն նախընտրական վարկ է վերցնում. «Խի մեր նախկին իշխանություններն այդպես չե՞ն արել, պարոն Փաշինյան»

Փետրվար 04,2016 14:09

«Որքա՞ն եք նպատակահարմար համարում, որ արտաքին պարտքի հաշվին կատարվեն ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Ընդհանրապես միջգյուղական ճանապարհները քանի՞ տարին մեկ պետք է վերանորոգվեն»,- այսօր ԱԺ նիստում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս հարցերն ուղղեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Արտակ Զաքարյանն ասաց, որ իր ցանկությունն է, եթե մեր պետությունը այնքան հարուստ լիներ, անընդհատ էլ կվերանորոգվեին գյուղական ճանապարհները:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանին էլ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այս վարկով նախատեսվում է 4 մարզում վերանորոգել 7 գյուղական ճանապարհ: Չե՞ք կարծում, որ քվեարկությունից առաջ մենք գոնե պետք է իմանանք, թե վերջին անգամ երբ են վերանորոգվել այդ ճանապարհները. «Ամենաբարձր մակարդակներով խոսվել է «ատկատների» մասին, բա մենք մի հատ չիմանա՞նք էս 7 ճանապարհների վրա վերջին անգամ պետությունը ե՞րբ է փող դրել՝ հիմնանորոգում իրականացնելու համար: Եթե, օրինակ, պարզվի, որ 5 տարի առաջ այդտեղ մեծ գումարներ են դրվել, կստացվի, որ այս նոր վարկով մենք հանցանշաններն ենք վերացնում, որովհետեւ այնտեղ ատկատներ են եղել»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այդ հարցադրումը ճիշտ է, իրավունք ունենք իմանալ, եւ հորդորեց տրանսպորտի եւ կապի փոխնախարարին ամփոփիչ ելույթում պատասխանել:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատեց, որ 40 մլն վարկից 11 մլն-ն է հիմա օգտագործվելու, մնացածը ծրագրով նախատեսվում է իրականացնել 2017-ի նախընտրական շրջանում ու հնարավոր է ծառայեցվեն քարոզչության նպատակներով. «Ինչո՞ւ պիտի մեր ժողովուրդը, պետությունը, օրինակ, 30-40 մլն վարկ վերցնի՝ ՀՀԿ-ի նախընտրական կարիքների համար»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Անշուշտ, որեւէ կուսակցություն իշխանության գալուց իր նախընտրական ծրագրերին համապատասխան ձեւավորում է իր պետական կառույցների գործունեությունը: Եթե դուք էլ գաք իշխանության, նույն բանն եք անելու: ՀՀԿ-ն ոչ մի արտառոց բան չի անում: Այո, նախընտրական ծրագրի խոստումներ է տվել, եւ հիմա այդ խոստումները կատարում է՝ օգտագործելով թե՛ բյուջետային միջոցները, թե՛հանրության միջոցները, ինչպես փորձում էիք դուք ներկայացնել: Սա է իրականությունը, որեւէ արտառոց բան կա՞ այստեղ: Խի Անգելա Մերկելի կուսակցությունը նախընտրական խոստում, որ տալիս էր, եկավ իշխանության, արտաքին պարտքի հաշվին դա անել հրաժարվե՞ց, ասեց՝ մեր ունեցվածքի հաշվի՞ն ենք դա անելու: Իհարկե՝ ոչ: Խի մեր նախկին իշխանություններն այդպես չե՞ն արել, պարոն Փաշինյան, իհարկե՝ այո: Այստեղ որեւէ անտրամաբանական բան չկա»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես չգիտեմ դուք ինչ նկատի ունեք նախկին իշխանություններ ասելով, բայց ես նախկին իշխանություն ասելով՝ հասկանում եմ ձեզ, պարոն Գալուստ Սահակյանին, Սերժ Սարգսյանին: Ի՞նձ նկատի ունեք: Ես նախկին իշխանություն երբեք չեմ եղել, գուցե ապագա իշխանություն»:

Նիկոլ Փաշինյանը Խոսրով Հարությունյանի պատասխանից եզրակացրեց՝ սա փաստորեն կարելի է անվանել ՀՀԿ-ի նախընտրական վարկ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29