Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Հայաստանում «Ֆեյսբուք»-ը դեռեւս զիջում է «Օդնոկլասսնիկի»-ին» (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 13:52

«Ֆեյսբուք»-ն ինչ-որ առումով մենաշնորհային տիրույթ է, որը ստացել է «այլընտրանքային ինտերնետ» անունը: Փաստացի այսօր «Ֆեյսբուք»-ի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի օգտատերերը ցանցից դուրս չգան»,-այսօր «Անդրադարձ» ակումբում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Լրատվական խոշոր գործակալությունները փորձում են ստեղծել այնպիսի հարթակներ, որոնց միջոցով օգտատերը «Ֆեյսբուք»-ում կծանոթանա լրատվությանը՝ մեկ հղում սեղմելու միջոցով: Այդպիսի լրատվամիջոցները շարունակում են հասույթ ստանալ գովազդից: «Ֆեյսբուք»-ը նաեւ լուսանկարների պահուստով թիվ մեկ ցանցն է, հիմա էլ պայքար է գնում տեսանյութերի համար: «Ֆեյսբուք»-ը «Յութուբի» դեմ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի վերջինս դադարի համարվել տեսանյութերի թիվ 1 հարթակը»,- նշեց Մարտիրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ համացանցից օգտվողներ 3 միլիարդ մարդկանց կեսը գրանցված է նաեւ «Ֆեյսբուք»-ում: Իսկ Հայաստանում այդ սոցցանցը դեռեւս առաջատար չէ եւ զիջում է «Օդնոկլասսնիկի»-ին: Վերջինս մեկ միլիոն ակտիվ օգտատեր ունի, իսկ «Ֆեյսբուք»-ը՝ 560 հազար:

«Ֆեյսբուք»-ն ակտիվորեն հայաստանյան իրականություն մտավ 2010թ.-ին, երբ «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճի համար պայքարում օգտագործվեց որպես քաղաքացիական պայքարի հարթակ: Այդ օրվանից այն դարձավ քաղաքացիական հասարակության ակտիվ գործոններից մեկը: Մինչ այդ քաղաքացիական հասարակությունը հիմնականում ներկայացված էր հասարակական կազմակերպությունների մակարդակով: Այդ տարբերակն էլ արդյունավետ չէ: 2010թ.-ին «Ֆեյսբուք»-ում 50 հազար հայաստանյան օգտատեր կար: Աճն ակնհայտ է»,- ասաց փորձագետը:

Նրա բնորոշմամբ՝ այլ երկրներում սոցցանցերի բազմազանություն կա, իսկ Հայաստանում միջին վիճակագրական օգտատերը տեղեկատվություն չի փնտրում եւ կարդում է այն, ինչ մյուս՝ ակտիվ օգտատերերն են առաջարկում: «Դա իրականում վատ է»,-ակնարկեց Մարտիրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29