«1950-ականներից ձեւավորվել է ինֆորմացիոն հասարակությունը: Մարդկությունը միավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ համակարգում՝ այնպես, որ աշխարհի ցանկացած վայրում գտնվելիս կարողանա կապ հաստատել մյուսի հետ եւ շփվել: Այս նպատակով էլ ստեղծվեց համացանցը: Այսօր 1,5 միլիարդ մարդ օգտվում է միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նախորդ տարի 2 միլիարդ նկար է ներբեռնվել»,-այսօր «Անդրադարձ» ակումբում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նկատեց, որ «Ֆեյսբուք»-ը դարձել է հայաստանյան իրողության հայելին, որն արտացոլում է դրական եւ բացասական երեւույթները. «Այդ պատճառով տվյալ ցանցը վերահսկելու խնդիր կա: Հատկապես պետք է ուշադիր լինել անչափահասների հանդեպ, որովհետեւ սոցցանցում ինչ ասես կա: Իհարկե, դրական բաներ էլ կան: Օրինակ՝ իմ աշխատողներից երկուսը «Ֆեյսբուք»-ով են ծանոթացել ապագա ամուսնու հետ: Բայց մեկ էլ կկարդաս, որ մի կույս իր կուսությունը վաճառում է 100 դոլարով…այսպիսի բաներ»:
Սոցիոլոգը նաեւ տեղեկացրեց, որ համացանցի հասանելիության ցուցանիշով մեր երկիրն աշխարհում 17-րդն է, իսկ մարզերից գրանցվող մուտքերի թվով՝ 6-րդը. «Ինչ վերաբերում է բջջային սարքերով համացանց մուտք գործելուն, ապա աշխարհում այդ հնարավորությունն ունի 1 միլիարդ 250 միլիոն մարդ: Իսկ Հայաստանում յուրաքանչյուր չորրորդն է «Ֆեյսբուք»-ից օգտվում սմարթֆոնով կամ պլանշետով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ