Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Բեգլարյանի «ատկատների» մասին (Տեսանյութ)

Փետրվար 04,2016 13:24

«Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում խոսեց «ատկատների» մեխանիզմի մասին, այդ թվում՝ նշելով տրանսպորտի նախարարությունը, որից հետո տրանսպորտի եւ կապի գործող նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «ատկատներ» չկան եւ չեն եղել: Հակասություն է առաջանում՝ ի վերջո «ատկատների» մեխանիզմը ճանապարհաշինության հարցում գործո՞ւմ է, թե՞ չի փոխվել: Եթե նախարարն ասում է՝ չկա, ինչպե՞ս եք հաղթահարել «ատկատների» մեխանիզմը, նախկին «ատկատների» հեղինակները պատժվե՞լ են»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցն ուղղեց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ ճանապարհաշինության համար հերթական վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանն ասաց,որ նախընտրական քարոզչության ձեւ է ասֆալտապատելը, այնինչ այսպիսի վարկային միջոցների հաշին են ասֆալտապատումն անում. «Հիմա ի՞նչ երաշխիքներ կան, որ այս վարկային միջոցներն էլ այդ նպատակով չեն իրականացվի»:

Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Երաշխիքները մեկն են՝ մենք աշխատում ենք թափանցիկ, որոշումների կայացման փուլից սկսած, ճանապարհների ընտրությունը, պայմանագրերի շնորհումը,հետագա հսկողությունը, բոլոր փուլերը մենք դարձրել ենք հանրամատչելի: Ճանապարհային խորհուրդ է ստեղծվել, եւ այն որոշումը, որ կայացվում է, միայնակ չեն կայացնում: Ինչ վերաբերում է ընտրությանը, ճանապարհաշինության ոլորտում մրցակցությունը մի փոքր ավելի քիչ է, քան այլ ոլորտներում: Բայց մեր բոլոր մրցույթներում ունենում ենք բազմաթիվ մասնակիցներ, ինչը երաշխիք է նրան, որ ձեր ասած արատավոր երեւույթների ռիսկերը նվազեցված են: Ծրագրի ընթացքում մենք ունենում ենք տնտեսումներ>:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Խոսքը նրա մասին է, որ վարկը վերցնում է պետությունը, այդ վարկերի իրականացման ծրագրերը շահում են ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցող մարդիկ՝ ընկերություններ: Եթե դե յուրե այդ ընկերությունների սեփականատերերը իշխանության մեջ չեն, ապա դե ֆակտո տնօրինում են իշխանության շատ կոնկրետ ներկայացուցիչներ այդ ծրագրերը: Ձեր ասած ծրագրերը հետագայում՝ ընտրությունների ժամանակ անում են՝ ասֆալտապատում եւ այլն ու ասում՝ ժողովուրդ ջան, տեսեք, ՀՀԿ-ն ինչ լավ բաներ է անում: Այնինչ ժողովուրդը չգիտի, որ դա անում է ՀՀԿ-ն իր գումարներով: Խոսքն այս մեխանիզմի մասին է: Ի վերջո, նախկին «ատկատների» մեխանիզմի մեջ, Սերժ Սարգսյանի ասած, ի՞նչ է փոխվել: Մրցութային այդ հանձնաժողովներում ՀԿ-ները ներգրավվա՞ծ են, ոչ իշխանական ներկայացուցիչները ներգրավվա՞ծ են»:

Արթուր Առաքելյանը հորդորեց վերլուծել իրենց մրցույթները ու համոզվել, որ անհնար է երաշխավորել, որ ինչ-որ իքս կազմակերպություն այդ մրցույթում կհաղթի. «Եթե դուք խոսում եք այն մասին, որ նախապես ինչ-որ մեկը որոշված է, որ հաղթելու է, նման բան չի կարող լինել: Արձանագրությունները նայեք, կտեսնեք, որ մասնակցել է 5-6 ընկերություն, համադրելով գները, կտեսնեք, որ ընտրության փուլում մրցակցային դաշտ է գործում»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ ճանապարհաշինության մեջ կոռուպցիոն ռիսկը զրոյական է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29