Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն կա, որ մեր իշխանություններն Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի նման պաշտպան են ցանկանում»

Փետրվար 04,2016 12:36

«Անհրաժեշտ է վերացնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Հայաստանում այդպիսի պաշտոն չպետք է լինի: Սահմանադրությամբ ՀՀ նախագահն է մարդու իրավունքների պաշտպանը: Դրա համար նա ունի նաեւ լծակներ, իրավապահ մարմիններ, որոնք պետք է մարդու իրավունքների նկատմամբ կատարված բոլոր ոտնձգությունները կանխեն»,- այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա կարծում է, որ Հայաստանում մարդու իրավունքների իրական պաշտպանները հասարակական կազմակերպություններն են: «Նրանք պաշտպան են հասարակական կարգով: Այն, ինչ վրիպել է նախագահի աչքից, դա պետք է նկատեին ՀԿ-ները: Այն միջոցները, որ հատկացվում են Մարդու իրավունքների պաշտպանի բյուրոկրատական համակարգին պետք է դրամաշնորհի տեսքով բաժանվեն ՀԿ-ներին, որպեսզի  չասեն թե վերջիններս անհայտ աղբյուրներից են սնվում: Նրանք էլ պետք է հաշվետու լինեն պետությանն ու հասարակությանը, թե ինչի վրա են ծախսում մարդու իրավունքների պաշտպանության համար ստացած այդ գումարը»:

Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, որ եթե վերջին 25 տարվա ընթացքում Հայաստանը շարժվեր մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, հավասարության ուղղություններով, այդ ինստիտուտը մեզ պետք չէր լինի. «Մեր դատարանները, մեր պետական կառույցները եւ բոլոր իրավապահները կպաշտպանեին մարդու իրավունքները: Ցավոք սրտի, կարծում եմ՝ ժողովրդավարության տեսակետից մենք գտնվում ենք շատ ավելի վատ պայմաններում, քան 90-ականների սկզբներին»:

Հայաստանին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի անհրաժեշտ լինելը կախված է նրանից, թե մենք ինչ երկիր ենք ուզում ունենալ: Ըստ Ռուբեն Բաբայանի՝ մենք հաճախ խոսում ենք, որ Սահմանադրությունն եւ օրենքները մարդակենտրոն են. «Սակայն մեր իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Հայաստանը մարդակենտրոն չէ: Պետք է որոշել, թե ինչ ձեւի Մարդու իրավունքների պաշտպան ենք ուզում ունենալ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր իշխանություններն Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի նման պաշտպան են ցանկանում»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29