Հանգամանքների բերումով Նովոսիբիրսկ քաղաքում էի: Գիշերը հյուրանոցում շատ անհանգիստ անցկացրի, գրեթե չքնեցի` ձախ ձեռքիս ցուցամատի ցավի պատճառով: Չգիտեմ ինչ նախախնամությամբ՝ մատիս ծայրը հաշված ժամերի ընթացքում ուռել-կարմրել էր և ահավոր ցավեր էին սկսվել:
Քաղաքին ծանոթ չէի և չգիտեի ում դիմել, մտածելով, որ ցավեր են, կանցնեն, կգնան: Բայց առավոտյան այդ ցավերը անտանելի դարձան և ես որոշեցի վերջապես դիմել բժշկի օգնության: Հյուրանոցի հերթապահ կառավարչից տեղեկացա, որ մոտակայքում ինչ-որ պոլիկլինիկա գոյություն ունի և շտապեցի այնտեղ:
Պոլիկլինիկայի շենքը արտաքինից բավականին անշուք տեսք ուներ, բայց դե, դա չէր կարևորը: Ներս մտնելուց հետո, ես նախ մոտեցա գրանցման բաժնի աշխատակցուհուն, իմ կովկասյան առոգանությամբ ռուսերենով բարևեցի նրան, ապա ցույց տալով ձախ ձեռքիս ուռած մատը՝ պատմեցի եղելությունը: Նա ուշադիր լսեց ինձ, հետաքրքրվեց իմ անձով, որտեղից լինելը, պահանջեց անձնագիրս, համոզվեց երևի, որ վտանգավոր անձ չեմ, ապա ասաց.
-Բարձրացեք երկրորդ հարկ և դիմեցեք վիրաբույժին:
Կարդացեք նաև
Երկրորդ հարկում փնտրեցի և գտա “Хирург» գրությամբ աշխատասենյակը, հիմա բժշկի ազգանունը չեմ հիշում, կամացուկ թակեցի փայտյա դուռը: Ներսից լսելով հրավերի ձայնը, կամացուկ բացեցի դուռը, սկզբից գլուխս ներս մտցրի ու հարցրի, թե կարելի է՞ ներս մտնել:
Աշխատասեղանի մոտ նստած նեղլիկ աչքերով կարճահասակ ու նիհար կազմվածքով տղամարդը ժպտալով՝ ինձ ներս հրավիրեց, ապա աթոռ առաջարկելով, հարցրեց իմ ներկայանալու պատճառը: Ես պատմեցի նրան ինձ հետ պատահած փորձանքի մասին, ցույց տալով ձախ ձեռքիս ուռած-կարմրած ցուցամատը:
Նա ուշադիր զննեց մատս, նախապես հագնելով վիրաբուժական ձեռնոցները, ապա դեմքին տալով բավական լուրջ արտահայտություն միջինասիական առոգանությամբ հարցրեց.
-Ты, терпеливый человек? (Թի թերպելիվիյ չելովեկ):
Քանի որ վիրաբույժը ռուսերենի սովորական հնչյունները մի տեսակ այլ հնչյուններով էր արտասանել, որը միջինասիական առոգանությունից էր գալիս, ես նրա արտասանած՝ «թի թերփելիվիյ չելովեկը», հասկացա «թի թորոպլիվիյ չելովեկ»:
Ես, իհարկե վստահորեն պատասխանեցի, որ ոչ, ես այնքան էլ շտապողական մարդ չեմ, իրականում չհասկանալով նրա ասածի իմաստը:
Երևի զգալով իմ վարանմունքը, նա բացատրեց, որ այդ ուռուցքը պետք է վիրահատել, այն որոշակի ցավոտ գործողություն է պահանջում և պետք է համբերատար լինել՝ դիմանալու այդ փորձությանը:
Իսկ ես երեկվանից այնքան էի տառապել ահավոր ցավերից, որ դժվարությամբ հասկացա, որ терпеливый բառը торопливый եմ հասկացել ու վստահաբար արտասանեցի.
-Я терпеливый человек, даже, больше, чем надо.
Բա, հո հայի պատիվը չէի գցի գետնին՝ այդ միջինասիացու մոտ: Հետո ես ինձ չէի ների այդ անպատվության, վախկոտություն ցուցաբերելու համար:
Վիրաբույժը ստանալով իմ բանավոր համաձայնությունը, հարևան սեղանին դրված եռացող ամանի միջից վերցրեց վիրահատական դանակը (լանցետ), սրբեց ինչ որ լաթով, տեղավորվեց աթոռակին՝ այն դնելով իմ դիմաց, ինձ էլ առաջարկեց հարմար դիրք ընդունել, բռնեց ուռած մատիցս, բամբակը թաթախելով բժշկական սպիրտի ամանի մեջ, մի քանի անգամ մաքրեց ուռած ցուցամատս, ապա սկսեց վիրահատական դանակը տարուբերել մատիս ուռած մասի վրայով: Մի քանի անգամ տարուբերելուց հետո, զգաց, որ մատիս հաստ մաշկը չի ցանկանում ենթարկվել վիրաբույժի դանակին, որը բավականին բթացել էր և սրությունը կորցրել: Հարգարժան վիրաբույժը տեղից վեր կացավ, հարևան սեղանի դարակներում փնտրեց, գտավ մի այլ վիրահատական դանակ, տեղավորեց այն եռացող ջրով ամանի մեջ, մի որոշ ժամանակ սպասեց, որ ախտահարվի, ապա հանեց այնտեղից, սրբեց նույն լաթի կտորով և նորից նստելով դիմացիս աթոռակին՝ նոր թափով հարձակվեց ուռած մատիս վրա: Մի քանի անհաջող փորձից հետո, հանկարծ մատիս մաշկը տեղի տվեց և փուչիկի նման պայթեց, որի բացված ճեղքից վիրաբույժի վրա ցայտեց արյունաթարախախառն կարմրադեղնավուն հեղուկը՝ ամբողջովին ներկելով նրա խնամքով արդուկած սպիտակ խալաթը, հետն էլ՝ երեսի աչքախառն մասը:
Վիրահատությունը այդքանով բարեհաջող ավարտվեց, որից հետո վիրաբույժը սեղանի վրայի նույն սպիրտոտ բամբակով մաքրեց բացված վերքը, փոքրիկ ամանից մատիս վրա ինչ-որ մազ դրեց, խնամքով փաթաթեց այն վիրակապով և ավարտելուց հետո ասաց, որը հաջորդ օրը նորից այցելեմ իրեն, արդյունքները իմանալու և վիրակապը փոխելու համար: Ես, այլևս փրկված էի, սոսկալի ցավը անցավ և անհանգստությունն էլ հետը:
Երբ արդեն բավականին հանգստացել էր մատիս ցավը, նոր միայն հասկացա վիրաբույժի կողմից հարցադրման՝ «թերփելիվիյ» բառի բուն իմաստը, որը նշանակում էր, որ ես պետք է հաղթահարեի վիրահատական դանակի բթությունը և ցավազրկող նյութի բացակայությունը:
Իհարկե, ինչպես տեսաք, ես այդ փորձությունը պատվով հաղթահարեցի, չարատավորելով հայի բարձր պատիվը: Ու երբ մտերմիներիս հետ որևէ զրույցի ժամանակ վիրահատության մասին խոսք է գնում, ես միշտ գորովանքով եմ հիշում իմ միջինասիացի բժիշկ-փրկչի խոսքերը.
-Թի թերփելիվի՞յ չելովեկ:
-Կոնեչնո,-մտքումս հպարտանում եմ ես, արժևորելով այդ բառի բուն իմաստը:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ