Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանի ասելով՝ Եվրոպայից էլ էժան է մեզ մոտ բենզինի գինը

Փետրվար 04,2016 12:10

«2015 թվականի ընթացքում բենզինի գները նվազել են՝ 470 դրամից հասնելով 390 դրամի»,-այսօր կառավարության նիստում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ուսումնասիրել էր դիզվառելիքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները:

ՏՄՊՊՀ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները վկայակոչելով՝ Արտակ Շաբոյանն ասաց. «Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք, ապա բենզինի գները ավելի շատ են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որն իրացվում է հայկական դրամով եւ ներմուծվում է ԱՄՆ դոլարով: Այդ պատճառով հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարեւոր նշանակություն ունի: Եթե 2014 թվականից թվերը դիտարկենք, ապա գները շատ ավելի շատ են նվազել՝ 480 դրամից հասնելով 390 դրամի: Երկու տարվա կտրվածքով, եթե դոլարային արտահայտությամբ մենք ուսումնասիրենք, ապա բենզինի վաճառքի գները նվազել են մոտ 28 տոկոսով: Եթե մենք վաճառքի գները համեմատում ենք ձեռք բերման գնի հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»:

Ըստ պարոն Շաբոյանի, հանձնաժողովը պարբերաբար համեմատություններ է իրականացնում նաեւ այլ երկրների գների հետ: Ըստ նրա, արդյունքները հետեւյալն են՝ 2015 թվականի ընթացքում եվրոյով արտահայտված բենզինի գները Հայաստանում նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում՝ 8, Գերմանիայում՝ 7, Իտալիայում՝ 8, Չեխիայում՝ 10, Ռումինիայում՝ 7 տոկոսով, «Այսինքն՝ եվրոպական երկրներում, երբ որ համադրելի ժամանակահատված ենք վերցնում, նվազումը շատ ավելի քիչ է, քան ՀՀ-ում»:

Արտակ Շաբոյանը նաեւ հայտնեց, որ գնագոյացման վրա մեծ ազդեցություն ունի նավթի տեսակարար կշիռը: ՀՀ-ում բենզինը ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, իսկ ՌԴ-ում արդյունահանման ծախսերը բավականին մեծ են, բացի այդ, հարկերը մեծ տեսակարար կշիռ ունեն: Երբ ՌԴ-ից բենզինը ներկրվում է, նրա խոսքով, տրանսպորտային բավական մեծ ծախսեր են իրականացվում: Դրան գումարվում է բենզինի կառուցվածքում հարկերի մեծ ծավալը, եւ ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի վերջնական գնի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտ 8 %:

«Այսինքն՝ եթե համեմատենք նավթի հետ, ապա ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը բավականին ցածր է եւ նավթի միավոր գների փոփոխությունը շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գների վրա: Այսպիսով, եթե մենք դոլարային արտահայտությամբ վերցնենք, կստացվի, որ վաճառքի գները 2015 թվականին նվազել են մոտ 10 տոկոսով, իսկ 2014 թվականից սկսած, երբ համաշխարհային շուկայում սկսվեց բենզինի գների նվազում, վաճառքի գները մեր երկրում դոլարային արտահայտությամբ նվազել են մոտ 28 տոկոսով»,- ասաց նա:

ՏՄՊՊՀ ղեկավարը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ուսումնասիրում է ներմուծող ընկերությունների վարքագիծը, ներկայումս բենզին ներկրում են հիմնականում երկու ընկերություններ՝ Ֆլեշը եւ «CPS»-ը: 2007 թվականից սկսած նվազել է ներմուծող ընկերությունների քանակը՝ 2006-2007 թվականներին 5-6 ընկերություններ էին ներկրում:

Չնայած դրան, Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ այս շուկա մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երեւույթներ չկան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29