ԵԽԽՎ-ում Ուկրաինայի եւ Վրաստանի պատգամավորների քվեարկությունը հակահայկական զեկույցի հարցում, որոնք հիմնականում պաշտպանել էին Ադրբեջանին, բավական քննարկվեց վերջին օրերին։ Հայաստանը ո՞ր դեպքում կարող էր գոնե ձեռնպահ քվեարկություն ակնկալել այս երկրներից՝ «Առավոտ»-ն այս հարցն ուղղեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանին:
«Հայաստանը, այս պահին լինելով Վրաստանի եւ Ուկրաինայի համար թշնամական պետություն հանդիսացող Ռուսաստանի խամաճիկը, բոլոր միջազգային ատյաններում շարունակաբար քվեարկում է Վրաստանի եւ Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական բանաձեւերի օգտին կամ՝ Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից ներկայացված համապատասխան բանաձեւերի դեմ: Մենք կարող ենք ակնկալել Վրաստանի եւ Ուկրաինայի քվեարկության պատկերի փոփոխություն միայն մեր արտաքին քաղաքական ուղեգծի շատ որոշակի վերանայման եւ Հայաստանի շահին այն համապատասխանեցնելու դեպքում: Այն, որ Հայաստանի եւ ընդհանրապես որեւէ պետության շահը բացարձակ չի ենթադրում, մասնավորապես, անմիջական հարեւանների հետ իր հարաբերությունները երրորդ պետության շահով պայմանավորել, դա ընդհանրապես քննարկման առարկա չէ: Սակայն, ցավոք, Հայաստանը հաճախ առաջնորդվում է հակառակ սկզբունքով»,- նշեց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
03.02.2016