Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ չանտեսենք մեր պետական շահը

Փետրվար 04,2016 15:00

Հարցազրույց Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ

– Հունվարի 16-ը` Գործարկման օրը, «պատմական» օր է համարվում Իրանի համար, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր պատժամիջոցներն ու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասը չեղարկվեցին։ Այժմ Իրանն արեւմտյան երկրների հետ տպավորիչ գործարքներ է կնքում, Իրանն ու Չինաստանը բանակցեցին օրերս: Իրանի վերադարձը միջազգային քաղաքական թատերաբեմ ի՞նչ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար:
– Հունվարի 16-ը պատմական եւ երկար սպասված օր էր ոչ միայն Իրանի, այլեւ ընդհանրապես միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների համար: Այն սկիզբ է դնում զգալի աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ շատ մեծ հետեւանքներ կունենա մեր տարածաշրջանի ինչպես տնտեսական եւ քաղաքական զարգացման, այնպես էլ մեր անմիջական շրջապատում արտաքին ուժերի ներկայության եւ դրանց ազդեցությունների բաշխման վրա: Բավական է հետեւել պետականության բացառիկ պատմություն, կուռ կրոնական գաղափարախոսական հենք եւ խորը ավանդույթներ ունեցող այս պետության նախագահի՝ իրար հետեւից տեղի ունեցող այցերի ծավալին եւ բովանդակությանը եւ հարգանքի այն բոլոր դրսեւորումներին, որոնցով այդ այցերը եւ հանդիպումները ուղեկցվում են, եւ պարզ կդառնա տեղի ունեցածի կշիռը եւ նշանակությունը:

Այսուհետ Իրանը ձգտելու է վերադարձնել իր տեղը միջազգային քաղաքական եւ տնտեսական հարթակում եւ առաջին հերթին՝ էներգակիրների համաշխարհային շուկայում, ինչը տեղի է ունենալու այլ նավթ եւ գազ արդյունաբերող պետությունների հաշվին: Միայն նախկինում պատժամիջոցների հետեւանքով սառեցված ֆինանսական ակտիվները, որոնք այժմ հասանելի են Իրանի տնտեսության համար, տարբեր գնահատականներով՝ կազմում են 30-60 մլրդ դոլար: Դրան գումարած այն հարյուրավոր միլիարդների հասնող միջազգային գործարքները, որոնք արդեն կնքվել են եւ դեռ կկնքվեն Իրանի հետ, կապահովեն հսկայական ֆինանսական միջոցների, ինչպես նաեւ առաջադեմ արեւմտյան տեխնոլոգիաների հոսք դեպի Իրան եւ մոտ ապագայում կվերականգնեն նրա նախկին տնտեսական հզորությունը եւ, բնականաբար, քաղաքական կշիռը:

Այս բոլոր գործընթացների ենթատեքստում մի կողմից՝ ավելանում է Հայաստանի՝ որպես Իրանի հարեւան եւ բարեկամ պետության նշանակությունը, մյուս կողմից՝ մեզ համար նոր հեռանկարներ են բացվում եւ հսկայական հնարավորություններ ընձեռվում ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական ոլորտներում, ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր մակարդակներում՝ սկսած մեր ընկերությունների եւ մասնագետների մասնակցությունից Իրանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին, վերջացրած Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցումով եւ էժան էներգակիրների ներմուծումով, եւ մեծագույն սխալ կլինի, հերթական անգամ անտեսելով մեր պետական շահը, չօգտվել այս ամենից:

– Իրանը հանդես եկավ ԼՂ խնդրում միջնորդության առաջարկով` բոլորովին այլ կարգավիճակում, ի համեմատություն նախորդ տարիների փորձերի: Տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ նաեւ իրանական գազը Վրաստան արտահանելու համար: Ինչպես հայտնի է, Վրաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ: Ռուսաստանն Իրանի այս առաջխաղացման հետ կհամակերպվի՞, եւ արդոք մեր տարածաշրջանում Իրան-Ռուսաստան շահերը ինչ-որ պահից չե՞ն սկսվի բախվել:

– Իրանի եւ Ռուսաստանի շահերն արդեն իսկ բախվում են եւ ոչ միայն մեր տարածաշրջանում: Դա վերաբերում է ինչպես էներգակիրների համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներին՝ ներառյալ մոտ ապագայում Իրանի լիարժեք վերադարձը այդ շուկա, այնպես էլ մեր տարածաշրջանում Իրանի դերի եւ ազդեցության սրընթաց ուժեղացմանը, ինչին նպաստում է նաեւ թե ասիկան պետությունների եւ թե Արեւմուտքի հետ Իրանի օրեցօր ամրապնդվող եւ խորացող համագործակցությունը:
Ակնհայտ է, որ այս գործընթացները հանգեցնելու են մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ արեւմտյան տնտեսական եւ քաղաքական ներկայության զգալի քանակական եւ որակական ավելացման: Եվ չնայած այս ամենը հակասում է ՌԴ շահերին, Ռուսաստանը ստիպված է լինելու համակերպվել ինչպես Իրանի առաջխաղացման, այնպես էլ տնտեսական եւ քաղաքական միջավայրի փոփոխության հետ:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի հնարավոր միջնորդությանը, ապա այդ հարցը գնահատելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, մասնավորապես այն, որ Իրանը հսկայական ներուժ եւ քաղաքական վարկանիշ ունեցող տարածաշրջանային տերություն է, ում տեսակետները շատ դեպքերում կարող են որոշիչ դեր ունենալ, նա Հայաստանի եւ Ադրբեջանի անմիջական, սահմանակից հարեւանն է, ի տարբերություն Ռուսաստանի՝ շահագրգռված է տարածաշրջանում եւ հատկապես իր սահմանների մոտ խաղաղության եւ կայունության հաստատմամբ, ինչն անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, եւ այս խնդիրը կարեւորություն է ստանում Հայաստանը դեպի Եվրոպա իրանական գազի տարանցման երկիր դարձնելու հեռանկարի ենթատեքստում:
Այս գործոնները թույլ են տալիս ենթադրելու, որ Իրանի ներգրավումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մեջ կարող է ունենալ դրական ազդեցություն: Ինչ վերաբերում է այդ ներգրավման ձեւաչափին եւ Մինսկի խմբի հետ Իրանի միջնորդության համատեղման կամ համակարգման հարցին, ապա բոլոր ներգրավված կողմերի համաձայնության եւ համապատասխան քաղաքական որոշման առկայության դեպքում դա առանց դժվարության լուծվող խնդիր է:

– ԵԽԽՎ-ում բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցի ընդունումը ձախողվեց, մինչդեռ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցն ընդունվեց։ Նախ՝ որքանո՞վ առաջին զեկույցի ձախողմանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքը: Քննարկվում է նաեւ Ուկրաինայի եւ Վրաստանի պատգամավորների քվեարկությունը այս բանաձեւերի վերաբերյալ, որոնք հիմնականում պաշտպանեցին Ադրբեջանին։ Հայաստանը ինչի՞ արդյունքում կարող էր գոնե ձեռնպահ քվեարկություն ստանալ այս երկրների կողմից:

– Ենթադրում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կեցվածքը ունեցել է որոշակի դրական ազդեցություն: Սակայն չմոռանանք նաեւ, որ ՄԽ-ի հայտարարություններից բացի՝ համապատասխան դիվանագիտական աշխատանք է տարվում նաեւ ԱԳՆ մակարդակներով:

Ինչ վերաբերում է քվեարկությունների խնդրին, ապա Հայաստանը, այս պահին լինելով Վրաստանի եւ Ուկրաինայի համար թշնամական պետություն հանդիսացող Ռուսաստանի խամաճիկը, բոլոր միջազգային ատյաններում շարունակաբար քվեարկում է Վրաստանի եւ Ուկրաինայի դեմ ուղղված ռուսական բանաձեւերի օգտին կամ՝ Ուկրաինայի եւ Վրաստանի կողմից ներկայացված համապատասխան բանաձեւերի դեմ: Պետք չէ մոռանալ նաեւ, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի անդամ պետություններ են եւ համագործակցում են այդ կազմակերպության շրջանակներում նույնպես: Հետեւաբար մենք կարող ենք ակնկալել Վրաստանի եւ Ուկրաինայի քվեարկության պատկերի փոփոխություն միայն մեր արտաքին քաղաքական ուղեգծի շատ որոշակի վերանայման եւ Հայաստանի շահին այն համապատասխանեցնելու դեպքում:
Այն, որ Հայաստանի եւ ընդհանրապես որեւէ պետության շահը բացարձակ չի ենթադրում, մասնավորապես, անմիջական հարեւանների հետ իր հարաբերությունները երրորդ պետության շահով պայմանավորել, դա ընդհանրապես քննարկման առարկա չէ: Սակայն, ցավոք, Հայաստանը հաճախ առաջնորդվում է հակառակ սկզբունքով:

– Հաագայի Միջազգային քրեական դատարանը սկսում է 2008թ. ռուս-վրացական պատերազմի ընթացքում արձանագրված ռազմական հանցագործությունների հետաքննությունը: Դատարանի երեք անդամների կողմից կայացված որոշման համաձայն՝ գամբիացի Ֆաթու Բենսուդան ղեկավարելու է քննչական այն խումբը, որն առաջիկայում կզբաղվի քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի առթիվ ապացույցների փնտրտուքով: Մի քանի օր առաջ էլ ողջ աշխարհի ուշադրությունը 2006թ. նոյեմբերի 23-ին Լոնդոնում մահացած ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի գործի ուղղությամբ էր: Նրա մահվան վերաբերյալ բրիտանական հետաքննության վերջնական զեկույցը եզրակացրել է, որ Լիտվինենկոյի մահվան հետեւում կանգնած է ՌԴ իշխանությունը, եւ որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, հավանություն է տվել Լիտվինենկոյի սպանության իրականացմանը: Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այս գործընթացները, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Արեւմուտքը փոխում է խաղի կանոններն ու արդեն այլ դաշտ է տեղափոխում Պուտինի ապագայի հարցը:

– Ռուս-վրացական պատերազմի հետաքննության մեկնարկը միջազգային դատական ատյաններում դեռ առաջին ծիծեռնակն է: Մոտ ապագայում դրան հետեւելու են նաեւ ռուս-ուկրաինական հակամարտության եւ Ղրիմի բռնակցման հետ կապված բազմաթիվ միջազգային հետաքննություններ: Սա տրամաբանական եւ սպասելի գործընթաց է՝ նախ եւ առաջ պայմանավորված վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ուժային ապօրինի գործողություններով զուգորդված արտաքին քաղաքականություն վարելու մեթոդներով եւ միջազգային իրավունքի այնպիսի խախտումներով, ինչպիսին է այլ պետության տարածքի բռնակցումը:

Այլ հարց է Լիտվինենկոյի սպանության մեջ ՌԴ նախագահի հնարավոր մասնակցության մասին բրիտանական հետաքննության եզրակացության հրապարակումը, որը նոր երանգ է մտցնում ՌԴ-Արեւմուտք, իսկ ավելի ճիշտ՝ Վլադիմիր Պուտին-Արեւմուտք ներկայիս լարված հարաբերությունների մեջ: Այս երանգը ավելի տեսանելի է Իրանի նախագահի եվրոպական այցերի ֆոնին: Սա ոչ միայն բավական զգալի եւ ցավագին հարված է ՌԴ նախագահի կարգավիճակին եւ նրա ինքնասիրությանը, այլ նաեւ կարող է որակավորվել որպես նախազգուշացում կամ ակնարկ առ այն, որ ժամանակն է վերանայել ՌԴ արտաքին քաղաքականության որոշ եզրեր, այլապես բացառված չէ ՌԴ նախագահին միջազգային դատական ատյաններում պատասխանի կոչելը, կամ մի ազդակ, որ հուշում է, որ փոփոխությունների բացակայության դեպքում Վ. Պուտինի նախագահությունը կարող է մոտենալ ավարտին:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի եւ ԼՂ խնդրի վրա: Մի կողմից՝ Ադրբեջանն է ոչ նախանձելի իրավիճակում` Արեւմուտքի հետ հարաբերությունները բավական բարդ են, մյուս կողմից` «եղբայրական» Թուրքիան ու Ռուսաստանը չեն հաշտվում: Այս իրավիճակը ի՞նչ հետեւանքներով է հղի մեզ համար:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող ցանկացած՝ թե դրական եւ թե բացասական փոփոխության դեպքում Հայաստանը եւ, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, անկախ մեր ցանկությունից եւ շահերից, նորովի դառնում են շահարկման եւ առեւտրի առարկա: Պայմանավորված է սա Ռուսաստանից Հայաստանի տնտեսական եւ, մասնավորապես, քաղաքական բացարձակ կախյալ, ենթակա վիճակով: Եվ այս ենթատեքստում մենք անհամեմատ ավելի խոցելի ենք, քան Ադրբեջանը:

Ներկայիս լարվածության պայմաններում կա հավանականություն, որ շահարկելով բոլոր հնարավոր գործոնները եւ խնդիրները եւ օգտագործելով բոլոր լծակները, ներառյալ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմակայանը՝ ՌԴ-ն եւ Թուրքիան կամ կաշխատեն Հայաստանը ներգրավել այս կամ այն՝ մեզ համար ոչ ցանկալի գործընթացների կամ գործողությունների մեջ, կամ էլ կկարգավորեն իրենց ընթացիկ խնդիրները եւ համաձայնություն ձեռք կբերեն Հայաստանի եւ ԼՂ շահերի ու տարածքների հաշվին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ոհ, իսկ այս անգամ յանկարծ չէ նշուած թէ այս Տիկինը ՆԱՏՕ-ի նախկին(?) գործակալ, կարգին պաշտօնեայ եղած է

    եւ հետեւաբար իր կարծիքները, հիմնականօրէն, Նատօյական փրոփականտա կը հանդիսանան. այն ալ ամենամակերեսային տեսակից.

    cf. https://www.aravot.am/2016/02/02/653574/

    արդարեւ, այս հարցազրոյցին հարցումները աւելի հետաքրքրական են քան թէ իբրեւ թէ պատասխանները

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29