Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտֆուդի», «ՄԱՊ»-ի ու «Վեդի Ալկո»-ի գործերը վատացել են, «Մխչյան ֆիշ ֆուդ»-ինն ու «ՍԱՍ»-ինը՝ լավացել

Փետրվար 04,2016 14:30

Օրերս հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղ արտացոլված են, թե անցյալ տարի մեր երկրի խոշոր հարկատուներից ով որքան հարկ է վճարել, համեմատելով 2014 թվականի նույն ժամանակահատվածում հունվար-դեկտեմբեր ամիսների ցանկի հետ՝ նկատում ենք, որ ուշագրավ տեղաշարժեր են տեղի ունեցել:

Նախ՝ 2015-ի ցանկում մի քանի նոր խոշոր ընկերություններ են ի հայտ եկել, որոնք բացակայում են 2014-ի ցանկից:

Անցյալ տարի հարկատուների ցանկում ավելացել են «Սանիթեք», «Ռոսնեֆտ Արմենիա», «Ղարաբաղցյան Շին» ընկերությունները: «Սանիթեքը», որը զբաղվում է մայրաքաղաքի աղբահանությամբ, 2015-ին պետբյուջե է վճարել 242 միլիոն 927,2 դրամ, «Ռոսնեֆտ Արմենիան»՝ 3 միլիարդ 313,095,9 դրամ: «Ղարաբաղցյան Շին»-ը, լինելով հարկատուների ցանկի 942-րդ տեղում, վճարել է 106 միլիոն 613 հազար դրամ հարկ:
Ցանկերից նկատելի է, որ անցյալ տարի զգալիորեն վատացել է պտուղ-բանջարեղենի մթերումներով ու արտադրությամբ զբաղվող գործարարների գործերը:
Եթե 2014-ին «Երեւանի կոնյակի գործարանը» ցանկի 12-րդ տեղում էր իր վճարած 7 միլիարդ 030,072.2 դրամ հարկերով, ապա 2015-ին այս ընկերությունը ցանկի 18-րդ տեղում է եւ վճարել է 4 միլիարդ 929 696,1 դրամ հարկ:

2014-ին «Արմենիա Վայն» գործարանը հարկատուների ցանկի 82-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 1 միլիարդ 614 072.4 դրամ, անցյալ տարի ընկերությունը հայտնվել է 124-րդ տեղում, ինչի հետեւանքով նվազել են նաեւ նրա վճարած հարկերը: «Արմենիա Վայն»-ը 2015-ին վճարել է 953 միլիոն 604,9 դրամ:

ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ընկերության գործերը նույնպես դեպի վատն են գնացել: «ՄԱՊ»-ը 2015-ին հարկատուների ցանկում 278-րդ տեղում է եւ վճարել է 428 միլիոն 614 հազար դրամ հարկ:

2014-ի ցանկից դատելով՝ «ՄԱՊ»-ն ավելի բարենպաստ դիրքերում է եղել: Նախանցյալ տարի ընկերությունը զբաղեցրել է 206-րդ հորիզոնականը եւ պետբյուջե է վճարել 564 միլիոն 864.9 դրամ:

Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի Ալկո»-ն էլ անցյալ տարի ցանկում հետընթաց է ունեցել՝ 2014-ին ցանկի 519-րդ տեղից 2015-ին հայտնվելով 526-րդ տեղում: Հետեւաբար պակասել են նաեւ նրա վճարած հարկերը: Եթե նախանցյալ տարի «Վեդի Ալկո»-ն վճարել է 217 միլիոն 001.7 դրամ հարկ, ապա 2015-ին՝ 203 միլիոն 382.4 դրամ:

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը 2015 թվականին 2014-ի համեմատությամբ ցանկում մեկ հորիզոնականով է դիրքերը զիջել: Անցյալ տարի լինելով ցանկի 228-րդ տեղում՝ վճարել է 514 միլիոն 498, 7 դրամ հարկ: 2014-ին լինելով ցանկի 227-րդ տեղում՝ վճարել է 514 միլիոն 668.9 դրամ:
Հարկատուների ցանկում 20 հորիզոնականով իջել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ, ըստ որոշ տեղեկությունների, նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտֆուդը»՝ Արտաշատի պահածոների գործարանը: 2014-ին «Արտֆուդը» գտնվել է 151-րդ տեղում, որի վճարած հարկերը պետբյուջե կազմել են 839 միլիոն 991.2 դրամ: Անցյալ տարի այս ընկերությունը գտնվելով 171-րդ հորիզոնականում՝ վճարել է 680 միլիոն 894,9 դրամ հարկ:

Փոխարենը լավացել են «Մխչյան ֆիշ ֆուդ» ընկերության գործերը, որը 2014 թվականի հարկատուների ցանկի 414-րդ տեղից 2015-ին բարձրացել է՝ հայտնվելով 330-րդ հորիզոնականում: «Մխչյան ֆիշ ֆուդ» (որպես սեփականատեր կրկին շոշափվում է վարչապետի անունը) 2014-ին վճարել է 287 միլիոն 933.9 դրամ հարկ, անցյալ տարի, հարկատուների ցանկում բարելաված դիրքերի շնորհիվ, այս ընկերությունը, որը Արարատյան դաշտավայրում զբաղվում է ձկնաբուծարանների բիզնեսով, պետբյուջե է վճարել 350 միլիոն 206,6 դրամ հարկ:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ընկերությունը 2014-ին եղել է հարկատուների ցանկի 586-րդ տեղում եւ վճարել է 187 միլիոն 373. դրամ հարկ, իսկ 2015-ին այս ընկերության անունը 1000 խոշոր հարկատուների ցանկից բացակայում էր, այդ պատճառով էլ հնարավոր չեղավ համեմատել նրա վճարած հարկերը: Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ բիզնես՝ «Արարատցեմենտ»-ը, նախանցյալ տարվա համեմատությամբ 7 հորիզոնականով վերեւ է բարձրացել: 2015-ին «Արարատցեմենտ»-ը գտնվել է ցանկի 97-րդ տեղում եւ վճարել է 1 միլիարդ 256 864, 7 դրամ: 2014-ին, զբաղեցնելով ցանկի 104 տեղը, պետբյուջե էր վճարել ավելի քիչ հարկ՝ 1 միլիարդ 247,366.2 դրամ:

Չնայած «Սպայկա» ընկերության հետ երկու տարի առաջ պատահած հրդեհին, երբ այրվեցին «Սպայկա»-ի պահեստները, այս ընկերությունը 2015-ին հարկատուների ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 154-րդ տեղում եւ պետբյուջե վճարելով 766 միլիոն 824,5 դրամ: 2014-ին «Սպայկա»-ն 189-րդ տեղում էր եւ վճարել էր 617 միլիոն 080.9 դրամ:

«Փեթակ» առեւտրի կենտրոնը՝ ինչպես որ եղել է 2014-ին հարկատուների ցանկի 230-րդ տեղում, այնպես էլ մնացել է նույն հորիզոնականում 2015-ին: «Փեթակ»-ը անցյալ տարի վճարել է 508 միլիոն 866,6 դրամ: Այդուհանդերձ՝ 2014-ին «Փեթակն» ավելի շատ հարկ է վճարել՝ 512 միլիոն 157 դրամ:

«Տաշիր ինվեստ գրուպը» 2015-ին լինելով ցանկի 396-րդ տեղում՝ վճարել է 277, 822,8 դրամ հարկ, 2014-ին այս ընկերության գործերն ավելի լավ են եղել. զբաղեցնելով ցանկի 350-րդ հորիզոնականը՝ «Տաշիր ինվեստ գրուպը» վճարել է 335 միլիոն 284,4 դրամ հարկ:
2015-ի ցանկից բացակայում է «Արմավիա» ավիաընկերությունը. չնայած նրան, որ այս ընկերությունը 2014-ին դադարեցրել էր գործունեությունը, սակայն խոշոր հարկատուների ցանկում 11-րդ տեղում է: «Արմավիան» 2014-ին պետբյուջե է վճարել 7 միլիարդ 176,510,8 դրամ հարկ:

Հարկատուների ցանկում դիրքերը զիջել է նաեւ «Իմեքս գրուպը», որը հանրությանն ավելի շատ հայտնի է «Իդեալ» ապրանքանիշով: 2015-ին «Իդեալ» խանութների ցանցը գտնվել է ցանկի 32-րդ տեղում եւ վճարել է 3 միլիարդ 544, 048,0 դրամ հարկ:
2014-ին այս ընկերությունը 7 հորիզոնականով առաջ է եղել՝ զբաղեցնելով հարկատուների ցանկի 25-րդ տեղը: Նախանցյալ տարի «Իդեալը» վճարել է 4 միլիարդ 129 699.8 դրամ հարկ:

«Քեթրին գրուպ»-ն էլ անցյալ տարի հարկատուների ցանկում հետընթաց է ունեցել: Եթե այս ընկերությունը 2014 թվականին գտնվել է ցանկի 81-րդ տեղում եւ վճարել է 1 միլիարդ 615 միլիոն 972.9 դրամ հարկ, ապա թե՛ տեղով եւ թե՛ վճարած հարկերով ցածր ցուցանիշ է արձանագրել: 2015-ին «Քեթրին գրուպ»-ը հայտնվել է ցանկի 100-րդ հորիզոնականում՝ պետբյուջե վճարելով 1 միլիարդ 207 487,0 դրամ հարկ:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» 2014-ին ցանկի 34-րդ տեղից անցյալ տարի բարձրացել է՝ հայտնվելով ցանկի 26-րդ տեղում: «Նատալի ֆարմը» 2015-ին վճարել է 3 միլիարդ 946 555,9 դրամ, իսկ 2014-ին՝ 3 միլիարդ 466,860.7 դրամ: 2015-ին ցանկում դիրքերը բարելավել է նաեւ «Թեղուտ» ընկերությունը: 2014-ին Թեղուտը եղել է ցանկի 39-րդ տեղում, որի վճարած հարկերը կազմել են 3 միլիարդ 245,902.9 դրամ: 2015-ին հանքարդյունաբերական այս ընկերությունը ցանկի 21-րդ տեղում է եւ ավելի շատ հարկ է վճարել՝ 4 միլիարդ 673 227,2 դրամ:
Սուպերմարկետների ցանց ունեցող «ՍԱՍ» գրուպի գործերն անցյալ տարի ավելի լավ են եղել, քանի որ այս ընկերությունը 2015-ին իր վճարած 862 միլիոն 025,3 դրամ հարկով եղել է հարկատուների ցանկի 136-րդ տեղում: 2014-ին «ՍԱՍ» գրուպը 168-րդ տեղում էր եւ վճարել է 691 միլիոն 844.1 դրամ հարկ:

Փոխարենը վատացել են «Յուքոմ» ընկերության գործերը, որը 2015-ին հայտնվել է ցանկի 73-րդ տեղում՝ 2014-ի ցանկի 55-րդ տեղի փոխարեն: Անցյալ տարի «Յուքոմը» վճարել է 1 միլիարդ 610 հազար 909,0 դրամ՝ նախանցյալ տարվա 2 միլիարդ 289, 568.8 դրամի փոխարեն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29