Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռազմակայանի հրամանատարությունը կարծես բավարար ու ճիշտ հետեւություններ չի արել. «Հայոց աշխարհ»

Փետրվար 04,2016 11:55

ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Սերգեյ Սուդնիկովը, գտնվելով անսթափ վիճակում, ավելի պարզ՝ լուլ հարբած, հունվարի 31-ին, կեսգիշերին մոտ, կես ժամ շարունակ անհանգստացրել է Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակի 13 շենքի բնակիչներին՝ համառորեն բախելով թիվ 116 բնակարանի դուռը եւ պահանջելով, որ իրեն ներս թողնեն:

Հասկանալի է, որ թե՛ նշված տան, թե՛ շենքի բնակիչները ահաբեկվել են: Նույնքան հասկանալի է, որ ոստիկանությանն են ահազանգել, իսկ ոստիկաններն էլ տարել են ալկոհոլից աջն ու ձախը կորցրածին: Նա հետո, երբ երեւի սթափվել է, իրավապահներին պատմել է, թե կիրակի օրով հյուրընկալվել է ծառայակցին, խմել են, որից հետո գիշերը դուրս է եկել, որ վերադառնա, բայց տաքսի չի եղել, հետ է գնացել ծառայակցի տուն, բայց խմածության պատճառով շենքերը շփոթել է:

Կարելի էր ասել՝ ռուսաստանների համար ինչ-որ տեղ սովորական, «հարբած» պատմություն: Բայց մեկ տարի առաջ կատարված ողբերգությունը թույլ չի տալիս այս ամենին այդպես նայել կամ այդ կերպ ընկալել: Միաժամանակ նմանօրինակ միջադեպերը ամենատարբեր արծարծումների առիթ են տալիս:

Ավելորդ է ասել, որ հայ-ռուսական հարաբերություններից առանձնահատուկ «ոգեւորված» որոշակի շրջանակներ էլ սկսում են իրենց քարոզչական շյուղերը շարժել, թե պետք չէ ռուսական ռազմակայան, առհասարակ՝ «էս չի՞ ռազմավարական դաշնակիցը» ու նման՝ այս ընթացքում արդեն աչք «մազոլ արած» քարոզչական կաղապարներ շրջանառել:

Երեկ այս վերջին դեպքին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա մասնավորապես նկատել է, թե հարբած զինծառայողները վտանգ են ներկայացնում, ինչը ռուսական ռազմակայանի ղեկավարության անհետեւողականության արդյունքն է:

«Եթե իրենք որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ, մեր իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն»,- նշել է պատգամավորը, որի կարծիքով վստահության խնդիր կա, քանզի ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ռուս զինծառայողը վախի տրամադրություն է առաջացնում:

Բայց խնդիրները անհրաժեշտ է իրոք կարգավորել: Աչքը տեսածից է վախենում: Բայց ո՞վ պետք է հետեւություններ անի: Ռուսական ռազմակայանի հրամանատարությունը, դատելով տեղի ունեցածից, կարծես բավարար ու ճիշտ հետեւություններ չի արել: Հակառակ դեպքում, ռազմակայանի անձնակազմին, մինչեւ ամենավերջին շարքայինը ընկալելի կբացատրվեր, թե մարդամեջ ելնելիս իրենց ինչպես պետք է պահեն:

Մյուս կողմից, եթե զինվորական հրամանատարության համար այդքան անհավանական խնդիր է զինվորականներին զանազան անընկալելի դրսեւորումներից զերծ պահելը, ապա չենք կարծում, թե ՀՀ իրավապահ մարմինների ու ոստիկանության համար անլուծելի խնդիր է նրանց բոլորին սթափեցնելը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29