Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Եթե մի բան ցանկանում եք կործանել, ուղարկեք Տիգրան Սարգսյանին»

Փետրվար 04,2016 11:40

«Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն ունեցել են Հայաստանի վրա: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված վերջին պատժամիջոցը բացատրվում է տեխնիկական պատճառներով: Իրենք ունեն որոշակի ստանդարտներ եւ մեր կաթնամթերքն, ըստ իրենց, այդ ստանդարտներին չի համապատասխանում»,- այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:

Ըստ պատգամավորի՝ դա ժամանակավոր է. «Կանցնի որոշակի ժամանակահատված եւ այս փոքր հարցն իր լուծումը կստանա: Հնարավոր չէ, որ դաբաղն ամբողջ 2016 թվականին կշարունակվի: Ռուսներն իրենց օժանդակությունը եւս առաջարկել են որոշակի պատվաստուկների եւ մասնագիտական օժանդակության տեսքով»:

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանն էլ կարծում է, որ Ռուսաստանն այժմ փաստացի պատերազմի մեջ է գտնվում. «Այն այժմ ինֆորմացիոն հարթության վրա է: Աստված մի արասցե, որ դա վերաճի ուրիշ պատերազմի, որովհետեւ աշխարհը կկանգնի մեծագույն վտանգի առջեւ: Առաջիններից մեկը մենք ենք տուժելու: Պետք է կատարյալ զինված ուժեր ունենանք, որովհետեւ թուրքի պես հարեւան ունենք»:

Անդրադառնալով դաբաղ հիվանդությանն, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ դա նոր չի առաջացել. «Այս խնդիրը ծանրագույն առաջացել էր, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր: Եթե հիշում եք, մեր տարածքում դաբաղից ավելի վատ դեպք գրանցվեց. սիբիրյան ախտը: Մենք լրջագույնս վարակված ենք նման հիվանդություններով: Ես չեմ բացառում, որ նման հիվանդությունները դիվերսիայի արդյունք են: Մենք դեռ չենք հասկացել, թե այն որտեղից է գալիս: Եթե ինձ հարցնեն, կասեմ Թուրքիայից»:

Գուրգեն Եղիազարյանը խոսեց նաեւ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ նշանակվելու մասին. «Եթե ցանկանում եք մի բան կործանել, նրան ուղարկեք թող պատասխանատու լինի: Աղքատության շեմը 11.4-ով ընդունեց, 36.4-ով թողեց: Դա այն դեպքում, երբ 3.5 միլիարդ դոլար վարկ վերցրեց»:

Արտակ Դավթյանն էլ հակադարձեց, թե Տիգրան Սարգսյանն էր, որն ամենալավ բանկային համակարգը ստեղծեց ԱՊՀ տարածքի բոլոր երկրներում. «Եվ դա ապացուցվում է բանկային այն կայունությամբ, ինչը մենք այսօր ունենք: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել Տիգրան Սարգսյանին իր բավականին բարձր եւ պատասխանատու պաշտոնում: Իր հաջողությունից օգտվելու ենք նաեւ մենք»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29